Մեր կողքին ապրող մարդիկ. Լիդան

Ես Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում եմ, անցորդներին հարցնում եմ, թե որտե՞ղ է հյուրանոցային համալիրը. ոչ ոք չգիտի: Հետո հարցնում եմ՝ Արցախից տեղահանված մարդիկ որտե՞ղ են ապրում, ու միանգամից բոլորը մատնացույց են անում մի շինություն, որը 20 տարի առաջ իսկապես գործող հյուրանոց է եղել, իսկ հիմա այստեղ են ապրում Արցախի տարբեր շրջաններից եկած մարդիկ:

Տեղ հասնելուն պես ինձ դիմավորում է 18-ամյա Լիդան, որի հետ ծանոթացել եմ երկու տարի առաջ՝ պատերազմից հետո: Ասում եմ, որ շատերը չգիտեն հյուրանոցի տեղը. 

– Պիտի ասեիք՝ անտուն արցախցիների տեղը, կիմանային, շատերն են այստեղ մեզ այդպես ասում: Առաջ նեղվում էի, հիմա անտարբեր եմ: 

Տիպիկ հետխորհրդային հանրակացարանում սառը միջավայր է, որն ընդհատվում է աստիճանների վրա խաղացող մանկահասակ երեխաների մերթ լացով, մերթ՝ ծիծաղով: Նրանցից շատերը ծնվել են պատերազմից հետո, ու իրենց տունն այս հանրակացարանն է: Լիդան, սակայն, սա իր տունը չի համարում: Մինչև կբարձրանանք 4-րդ հարկ, որտեղ հաստատվել է Մարգարյանների մեծ ընտանիքը, ասում է, որ իրենց գյուղը՝ Մարտակերտի շրջանի Հովտաշենը, հայտնի էր իր բազմազավակ ընտանիքներով: 

– Մեր գյուղում ո՛չ եկեղեցի կար, ո՛չ դպրոց, գյուղացիներն էլ պնդում էին, թե իրենց գլուխ գովելիքը գյուղի ընտանիքների բազմազավակ լինելն էր: 120 ընտանիքից ամեն մեկում 5-9 երեխա էր մեծանում: Ավանդույթները չեն խախտվում: 

Հանրակացարանում սենյակները համարակալված են, շուտով այդ համարներից մեկի դուռը բացվում է, ու մեզ դիմավորում է տիկին Կարինեն՝ Լիդայի մայրը, տատը՝ Ազատուհին, որի անունը բնավ էլ պատահական չէ՝ 1945 թվականին է ծնվել, քույրը՝ Իլոնան և եղբայրներից փոքրը, մեծը ծառայում է Արցախում: 

Այս նախկին սպիտակ, այժմ՝ մոխրագույն դարձած պատերի ամբողջ տկարությունը ու ճնշող միջավայրն միանգամից անհետանում են, որովհետև Լիդայենց տանը Արցախից բերված հատուկենտ իրերն այնքան կոկիկ են դասավորված, զվարթ զրույցներն ի հեճուկս ներկայիս իրավիճակի, այնքան շատ են, որ ժպտալու ցանկություն է առաջանում: 

Հովտաշենն է իր տունը, ոչ թե Մեծամորը, որտեղ դպրոց էլ կա, եկեղեցի էլ: Ինձ պես քաղաքաբնակի համար գուցե սա լավ էլ ապրելու տեղ է՝ համեմատությամբ «թշվառ» այն գյուղի, որտեղ գոնե մի դպրոց չկար: Բայց Երևանից Հովտաշենի մասին մե՜ծ-մե՜ծ խորհելն անարդար է: Ինքն ու մյուսները անտուն են իրենց նոր տներում: 

Լիդան երկար մազեր ունի, որ ծածկում են ուսերը կամ ցուրտ օրերին հայտնվում կապյուշոնի տակ: Խաղողի հատիկ աչքերն էլ է մազերի պես հաճախ պահ տալիս գլխարկի տակ ու թափառում քաղաքում՝ միտքը գյուղի ճամփեքին: 

Արտաքինից նա լրիվ 18 տարեկան է՝ կեդերով, մարզահագուստով ու երազանքներով: Երբ սկսում է խոսել, սակայն, մտածում եմ, որ նրա ծանր փորձառությունը մի տեսակ ներդաշնակ չէ իր տարիքի հետ: Վերջին երկու տարվա ընթացքում ես Լիդայի հետ տեսակապի միջոցով երեք անգամ խոսել եմ ու նրան խոսք էի տվել, որ անպայման գնալու եմ Մեծամոր, որ ծանոթանանք: 

Փոխվել է… Ոչ թե որովհետև 18-ում հանկարծ իմաստնանում ես, այլ հասկացել է, որ անվերջ սթրեսի մեջ ապրել չի կարող: Մեր նախորդ զրույցում ասում էր, որ Արցախում ուսուցչուհի էր ուզում դառնալ, բայց հետո միտքը փոխել էր: 

– Գիտե՞ս, ես որոշեցի, որ ուսուցիչ դառնալու իմ երազանքը չի պարտվելու իմ հետպատերազմական սթրեսին ու ստացած տրավմաներին: Իմ երազանքը մեղավոր չի, որ ես մի պահ թուլացա, որ հանձնվեցի, ես իրեն չպետք է թողնեմ: Մանկավարժական համալսարան եմ ընդունվել, ուսուցչուհի եմ դառնալու: 

Սուրճ ենք խմում, տիկին Ազատուհին, որ տղայի ընտանիքի հետ Արցախ է տեղափոխվել 23 տարի առաջ ու վերաբնակեցրել այդ հողը, ասում է, որ Հայաստանում՝ Մասիսի շրջանում, ժամանակին ադրբեջանցիներ էին ապրում: 

Իրենցից սովորություն ունեին հավ գնել, լավ առևտրականներ էին, բայց շփումը գործնականից այն կողմ չէր անցնում: Հիմա ուրիշ է, հիմա չի ապրի ադրբեջանցիների հետ մի տեղում, վախենալու է: Կարինեն 23 տարեկան էր, երբ ամուսինը որոշեց, որ պետք է գնան ու Արցախում ապրեն: Հիմա 46 է, ու եթե այն ժամանակ դժվար էր, հիմա անտանելի է թվում. 

– Լացելով էի գնում Արցախ, լացելով էլ հետ եկա: Մեր տանը Արցախ թեման չենք քննարկում, Լիդայի հետ՝ հատկապես: Շատ փակված էր իր մեջ, զրուցելու, արտահայտվելու ցանկությունը չուներ:

Աղջիկը, որ մի օրում տուն է կորցրել, չի կարող միանգամից երազել: Նրան ժամանակ է պետք: Նոր դասընկերներ, նոր դպրոց, նոր, նոր, նոր… շատ է նորը մի մարդու կյանքում, որ իր հինն է ուզում: Պատերազմը սկսվելուն պես՝ շատ տղամարդկանց պես, Լիդայի հայրն էլ ընտանիքը տեղափոխել է Հայաստան, ինքը նորից հետ գնացել: 

Նոյեմբերի 19-ին, երբ Լիդան վերջին անգամ եղել է գյուղում, տան գետինը սառն էր, ինչպես հիմա ամեն օր Մեծամորի հանրակացարանն է՝ պաղ ու անհաղորդ: Նա տեսել է, թե ինչպես է հարևանն այրում գյուղի հենց մեջտեղում կանգնած իրենց տունը: Այդպիսի երևույթներն այնքան կտրուկ չեն մոռացվում, որքան կտրուկ սկսվեց պատերազմը: 

Պատերազմ վարողները մեծերն են, Լիդան ու իր հասակակիցները մեղավոր չեն դրանում: Կռիվ սկսողը, սակայն, նրա մասին չի մտածել, կռվում հաղթողն ու պարտվողը հոգ չեն տանում 18 տարեկանի կորցրածի մասին: 

– Ես հասկացել եմ, որ եղբորս ծառայելուց հետո այլ կերպ եմ նայում ամեն ինչին: Նրա կյանքը այնքա՜ն թանկ ու կարևոր է: Առաջ ասում էի՝ միայն թե Արցախում լինեմ, թեկուզ՝ մենակ, բայց հիմա՝ չէ, իմ տունն այնտեղ է, որտեղ ընտանիքս է: Այստեղ արդեն ընկերներ եմ ձեռք բերել, չեմ ասի, թե Մեծամորը հարազատ է, բայց գոնե արդեն ծանոթ է: 

Կարինեն պատմում է, որ մեծ աղջիկն ամուսնացել է մի քանի ամիս առաջ: Հանրակացարանը դարձրել էին իսկական հեքիաթ, բոլոր հարևաններով հավաքվել ու նշել: 70 հոգուց ավելի տեղավորվել էին հյուրասենյակ կոչվող այս մասում, որտեղ հիմա մենք ենք նստած: Ես մտածում եմ, որ անգամ մի քանի հոգով այստեղ գտնվելն արդեն իսկ նեղվածք է մարդկանց համար, ուր մնաց թե 70 հոգի, բայց հոգ չէր: 

– Հանրակացարանի առաջին հարսանիքն էր, ու բոլորս այնքան ուրախ էինք: Մուտքի մոտ զուռնա-դհոլով ճանապարհեցինք աղջկաս, հետո այստեղ հավաքվեցինք, զրուցեցինք ու հիշեցինք: Պիտի կարողանանք առաջ շարժվել, ես հինգ երեխա ունեմ, նրանցից ամեն մեկը երազանքներ ու նպատակներ ունի, որոնց պետք է հասնեն: 

Լիդան կարոտում է իր 4 հոգուց բաղկացած դասարանը, որ հիմա ցրվել է Հայաստանով, ուսուցիչներին, որոնք ապրում են Արցախում, բայց որոնց միջև եղած հեռավորությունը հաղթահարվում է ընդամենը մեկ զանգով: 

– Համալսարան գնամ, ամեն ինչ կփոխվի: Այնտեղ ես Լիդան եմ Մեծամորից, ոչ ոք ինձ մատնացույց չի անելու: Դպրոցում առաջին անգամ ուսուցչուհիս ինձ ներկայացրեց այսպես՝ Լիդան է, Արցախից է տեղահանվել: Հետո նրան ասացի, որ երբ ես ուսուցիչ դառնամ, այդպես չեմ անի, կփորձեմ նրբանկատ լինել: Դա մի տեսակ պիտակ էր իմ ճակատին, որ ընկերներիս ավելի շատ ստիպում էր ինձ խղճալ, քան ապրումակցել: Ես չեմ ուզում, որ ինձ խղճան: 

Ես նայում եմ նրա պարզ, անհատակ աչքերին ու փորձում պատկերացնել, թե արդյոք երբևէ Լիդան եղե՞լ է այնքան երջանիկ, որքան լինում են իր տարիքում: Պատերազմից հետո անդադար շտապում է, մի զգացողություն, որ երբեք գյուղում չի ունեցել: Քաղաքում ժամացույցի սլաքն ավելի արագ է պտտվում, քան այնտեղ, բայց Լիդային ժամանակ է պետք այդ նոր ռիթմին հարմարվելու համար: 

«Էստեղի դասընկերներս ինձ իրոք շատ լավ ընդունեցին, բայց ինձ չեն հասկանում: Մենք տարբեր ենք. իրենք երազում են, որ նոր հագուստ ունենան, որ իրենց ուզած ժամանակ գնան զբոսնելու: Իսկ ես ամեն օր ինքս ինձ հարցնում եմ՝ ինչի՞ իմ տանը չեմ արթնանում, ինչի՞ իմ դպրոց չեմ գնում»:

Ես հիշեցնում եմ, որ այսպիսի արտահայտություն է արել մեր նախորդ զրույցի ժամանակ: Ժպտում է. 

– Հիմա այդպես չեմ մտածում, դու չես պատկերացնում, թե ես ինչքա՜ն երջանիկ եմ, որ ամեն օր արթնանալու, ապրելու ու ստեղծագործելու հնարավորություն ունեմ: Երբ գյուղը կարոտում եմ, գնում եմ 44-օրյա պատերազմին նվիրված հուշահամալիր, որ մեր տնից քիչ հեռու է, ու սկսում եմ գրել: Պատերազմից հետո շատ էի վախենում, որ էլ չեմ կարողանա մտքերս շարադրել, բայց դա ինձ շատ օգնեց: Հիմա լիքը բան եմ կարդում, որ գրել եմ անցյալում, ու հասկանում եմ, որ ես չեմ նահանջել, ես ուժեղացել եմ: 

Մի քանի ժամ այս գողտրիկ տանը մնալուց հետո գնում ենք հուշահամալիրը, որտեղ Լիդան հաճախ է գրում: Ես հասկանում եմ, որ նա իսկապես փոխվել է, ու այնքան երջանիկ եմ, որ դրական հույզերն ավելի շատ են, քան մեր նախորդ զրույցների ժամանակ: 

– Ինձ թվում է, որ կգա ժամանակ, երբ սա կլինի քո տունը, պարզապես այդ ժամանակի գալուն ժամանակ է պետք,- ասում եմ Լիդային, ու մենք հրաժեշտ ենք տալիս իրար որպես հին բարեկամներ: 

Պատերազմը մտավ մեր կյանք նույնքան արագ, որքան Լիդան կորցրեց իր տունը՝ մեկ օրում: Ցավալի է, բայց տարվա մեջ մի քանի անգամ հնչող հրետանու զարկերը, «հարաբերական կայուն» արտահայտությունը, որ անբաժան է դարձել մեզնից, տղաները, որ զոհվում են, մարդիկ, որ տեղահանվում են, հույս չի ներշնչում, որ խաղաղությունը նույնքան կտրուկ ու արագ է գալու: Միակ բանը, որ հուսադրում է, այն է, որ գուցե Լիդայի երազանքի պես, խաղաղությանն էլ ժամանակ է պետք:

Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան

MediaLab.am