Նոյեմբերի լույս 11-ի գիշերը, ժամը 2.45-ից սկսած, մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգեր են ստացվել, որ հրազենային տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է 6 անձ։
Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից։
Նրանցից 61-ամյա Արտուշ Սիմոնյանն ու 38-ամյա Արթուր Բորյանը, գիտակցության չգալով, մահացել են։ Հիվանդանոցներ մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են սպանվածներից Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ 16 տանը։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության, քննչական կոմիտեի և դատախազության ծառայողները հիշյալ տանը հայտնաբերեցին տարբեր տեսակի հրազեններ՝ 4 ատրճանակ, երկու ինքնաձիգ, 4 տասնյակից ավելի պարկուճ, արնանման հետքեր և այլն։
Տան բակում տղամարդկանց դիեր կային։ Պարզվեց ինքնությունը՝ 43-ամյա Արթուր Ղազարյան ու 37-ամյա Արայիկ Խաչատրյան։ Նրանք ստացել էին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։