Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են։ Դժբախտ պատահարներից խուսափելու համար անհրաժեշտ է հիշել, որ ջրահեղձությունը տեղի է ունենում շատ արագ ու անձայն, իսկ երեխաների անվտանգության գլխավոր երաշխիքը մեծահասակի մշտական հսկողությունն է:

Նախարարությունը խորհուրդ է տալիս՝

Հնարավորինս վաղ տարիքում երեխային սովորեցնել լողալու տարրական հմտություններ։

Համոզվել, որ ջրային տարածքին մոտ երեխաները կրում են փրկօղակ կամ փրկարարական բաճկոն, նույնիսկ եթե նրանք լողալ գիտեն։

Երեխաներին չթողնել առանց հսկողության, նույնիսկ եթե նրանք կրում են փրկօղակ կամ փրկարարական բաճկոն։

Երեխային թույլատրել լողալ միայն դրա համար նախատեսված վայրերում՝ սահմանելով հսկողություն։

Լողավազան ունենալու դեպքում դրա շուրջ տեղադրել մեկուսացնող ցանկապատեր։

Մշտապես հետևել երեխային, երբ նա ջրի մեջ է կամ ջրի մոտակայքում, ներառյալ՝ լոգարանում։

Ամեն անգամ, երբ երեխաները գտնվում են ջրի մեջ կամ դրա շրջակայքում, լողալու հմտություններ ունեցող մեծահասակը պետք է գտնվի երեխայից ձեռքի երկարության հեռավորությամբ։

Չտարվել այլ գործերով․ ջրահեղձությունը տեղի է ունենում արագ և անձայն։

Սովորել առաջին օգնության տարրական հմտություններ՝ խեղդվող երեխային անհապաղ սիրտ-թոքային վերակենդանացում կատարելու համար։

Երեխային հնարավորինս վաղ տարիքում պատմել ջրահեղձ լինելու վտանգի մասին։

«Հիշե՛ք, որ ջրահեղձության վտանգները մեծ են ոչ միայն բացօթյա ջրավազաններում, լողավազաննրում, այլև տնային պայմաններում (մանկական լոգարան, դույլ, զուգարան), որտեղ անվտանգության կանոնների խստիվ պահպանումը նույնքան կենսական է:

Ծնողները և խնամակալները պետք է կանխեն երեխայի անվերահսկելի մուտքը լոգարան, լողավազան կամ բաց այլ ջրային տարածք:

Մի՛ զբաղվեք այլ շեղող գործունեությամբ, որը կարող է վտանգել երեխային, ներառյալ հեռախոսի օգտագործումը (օրինակ՝ հաղորդագրություններ ուղարկելը), շփվելը, տնային գործեր կատարելը կամ ալկոհոլ խմելը»,-նշված է ուղեցույցում: