Տապալված բանավեճ, բայց կարևոր քայլ

Փետրվարի 15-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղիղ եթերում հանդիպեցին Մյունխենում։ Սա երկու կողմերի մասնակցությամբ առաջին ուղիղ եթերով հեռարձակվող հանրային բանավեճ-քննարկումն էր։

Քննարկմանը հաջորդեց արդեն ներքին հանրային քննարկումը, որտեղ մի շարք հակամարտության մասնագետներ և ոչ միայն սկսեցին քննարկել բանավեճի բովանդակությունը։

Վերջին երկու օրերին բազմաթիվ կարծիքներ են հնչել այն մասին, թե ինչ ասվեց, որ պետք չէր ասել, և ինչ չասվեց, որ պետք էր ասել։ Այդուհանդերձ, դիտարկենք Փաշինյան-Ալիև բանավեճը հանրային խոսքի և բանավեճի տեխնիկաների տեսանկյունից։ Ցանկացած հանրային խոսք՝ հատկապես եթե խոսքը մի քանի հոգուց բաղկացած միջոցառման մասին է, ունի հասցեատեր և կառուցվածք։ 

Բանավե՞ճ, թե՞ քննարկում

Այն որ հանդիպումը կառուցվածքային տեսանկյունից քննարկում էր, սակայն իրականում դարձավ բանավեճ պարզ էր Իլհամ Ալիևի բացման խոսքից։ Իլհամ Ալիևի բացման խոսքի ընթացքում արդեն իսկ պարզ դարձավ, որ խոսակցությունը ծավալվելու է պատմության շուրջ անհամաձայնությունների և փոխադարձ մեղադրանքների մթնոլորտում։

Դասական բանավեճի տեսանկյունից, սովորաբար, բացման խոսք ասող կողմը ունի առավելություն՝ բանավեճի ընթացքը և հիմնական ուղղությունը ձևավորելու հարցում։ Առաջինը խոսող կողմը թեման սկսում է քննարկել իրեն առավելագույնս հարմար տեսանկյունից, և այս դեպքում Իլհամ Ալիևը սկսեց այն քննարկել պատմական իրողությունների տեսանկյունից՝ գրեթե 5 րոպե անընդմեջ ներկայացնելով պատմական փաստերի մասին իր պատկերացումները։

Այս մոտեցումը քննարկման նախապես համաձայնեցված ֆորմատի տեսանկյունից ապակառուցողական էր։ Եթե համարենք, որ կողմերը հավաքվել էին միմյանց լսելու և հասկանալու համար, ապա նրանք ի սկզբանե ձախողեցին քննարկումը՝ այն վերածելով բանավեճի։ 

Ներքին աուդիտորիա, ոչ թե միջազգային հանրություն

Թեև Ալիևն ու Փաշինյանը հանդիպել էին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում, նրանք քննարկման ողջ բովանդակությունը ներքին աուդիտորիային էր ուղղված։ Երբ Ալիևը սկսեց պատմական քննարկումը, Փաշինյանը փորձեց ներկայացնել հակափաստարկներ՝ հիշելով Տիգրան Մեծին։

Թեև Տիգրան Մեծի անձը կարող էր ազդեցություն թողնել բանավեճի ոչ անմիջական լսարանի՝ տեսանյութը դիտող հայերի վրա, այն անհասկանալի էր դահլիճում ներկա անձանց համար։ Որպեսզի այս պնդումը բարեհաջող ազդեցություն թողներ Մյունխենում հավաքված տարբեր երկրների ներկայացուցիչների վրա, այն պետք է հստակ բացատրվեր՝ Տիգրան Մեծի կառավարման տարեթվերով։

Հակառակ պարագայում, այս փաստարկը կարող էր ազդեցիկ լինել միայն մի դեպքում, եթե դահլիճում հավաքված մարդիկ քաջատեղյակ լինեին Հռոմի պատմությունից, ինչը քիչ հավանական է։ 

Նմանատիպ օրինակները բանավեճի ընթացքում շատ էին։ Երկու կողմն էլ պարբերաբար ինչ-որ փաստեր էր հիշում, որոնց մասին անմիջական լսարանը՝ դահլիճում ներկա մարդիկ ոչինչ կամ գրեթե ոչինչ չգիտեին։ Ողջ քննարկման ընթացքում այնպիսի տպավորություն էր, որ կողմերը հավաքվել են իրենց երկրների ներքին աուդիտորիայից քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակով։

Պատմություն և մեղադրանքներ

Քննարկման ողջ ընթացքում Ալիևը փորձում էր Հայաստանի մայրաքաղաքը ներկայացնել որպես պատմական Ադրբեջան, և Հայաստանի հասցեին մեղադրական հայտարարություններ էր անում։ Բանավեճի ամենասկզբից արդեն պարզ էր, որ կողմերի քննարկումն այլևս չի կարող ընթանալ առանց հակադարձ մեղադրանքների։ Ալիևն իր առաջին երկու ելույթներում Հայաստանին ներկայացրեց որպես պատերազմի ոճրագործ, իսկ երկրորդ ելույթում անգամ ցինիզմ անվանեց Խոջալուի դեպքերի մասին Փաշինյանի ասածը։ Այս կոնտեքստում Փաշինյանին ոչինչ չէր մնում բացի միջազգային հանրությանը հասկանալի ձևակերպումներով հակադարձ փաստարկներ բերելուց։ 

Թերևս Մութալիբովի հարցազրույցի փաստարկից հետո ճիշտ կլիներ, որ Փաշինյանն անդրադառնար Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման, Բաքվի և Սումգայիթի կամ Սաֆարովի հերոսացման խնդիրներին։

Բնականաբար Բաքվի և Սումգայիթի կամ Սաֆարովի դեպքերին հղումները բանավեճը վերածելու էին փոխադարձ մեղադրանքների, սակայն Իլհամ Ալիևն արդեն իսկ մեղադրական ոճով էր սկսել բանավեճը, և Փաշինյանը որպես երկրորդ խոսնակ կամ պետք է հստակ շեղեր քննարկման ուղղությունը կամ հարձակողական ստրատեգիա կիրառեր, և կամ երկուսը միասին։

Ժամանակակից Ադրբեջանում մարդու և հատկապես ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարվածության փաստարկները միջազգային հանրության համար առավել հետաքրքիր կարող էին լինել։ Բացի այդ՝ նմանատիպ քննարկումը կարող էր լեգիտիմացնել Ադրբեջանի կազմում չլինելու Լեռնային Ղարաբաղի ցանկությունը՝ միջազգային հանրությանը հասկանալի լեզվով։ 

Տապալված բանավեճ

Արդյունքում ողջ քննարկումը վերածվեց լեզվակռվի, որի ավարտից հետո անգամ Ալիևը փորձեց վերջին խոսքն ասել, սակայն անհաջող։ Հանրային խոսքի կանոնների տեսանկյունից այս պահվածքը բացարձակ նման չէր քաղաքակիրթ բանավեճի։

Արդյունքում, միջազգային լսարանը ներկա գտնվեց քառասունհինգ րոպեանոց մի բանավեճի, որի ընթացքում քննարկվեցին իրենց անհայտ պատմական փաստեր, բազմաթիվ հղումներ կատարվեցին փաստաթղթերի, որոնք ներկաներից քչերին էին հայտնի, և այնպիսի տպավորություն էր, որ երկու երկրների ղեկավարներն էլ մոռացել են, թե որտեղ են գտնվում, և որն է իրենց առաջնային լսարանը, ու խոսում են միայն իրենց ներքին աուդիտորիայի հետ։

Վարողն էլ իր հերթին չէր կարողանում դիպուկ հարցեր տալ կամ ճիշտ պահին քննարկման ուղղությունը փոխել, ինչն էլ ավելի էր փչացնում իրավիճակը։ 

Այդուհանդերձ, հարկ է նշել, որ անգամ այս տապալված բանավեճը կարևոր քայլ էր, որը մի քանի տարի առաջ անգամ դժվար էր պատկերացնել։ 

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»