Հարցազրույց դերասան Վարդան Պետրոսյանի հետ
-2013 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ է եկել 494,749 մարդ եւ համապատասխանաբար մեկնել է 618,052 մարդ, այսինքն 123,303 մարդ լքել է երկիրը, որը մեծ թիվ է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ: Ձեր կարծիքով ինչու՞ է այդ թիվը գնալով աճում, արդյո՞ք պատճառը Հայաստանում տեղի ունեցած կեղծված ընտրություններն ու դրան հաջորդող իրադարձություններն էին, թե՞ այլ պատճառներ եք տեսնում:
-Մարդիկ գնում են, որովհետև իրենց երկրում իրենց զգում են օտար, ճնշված, խաբված, ծեծված, արհամարված ու էլ չեն հավատում, որ լավ կլինի…
Ի՞նչ պիտի ասեք այն մարդուն, որ ուղիղ մեկուկես տարի աշխատավարձ չի ստացել, ու տանը հաց չկա… ուրիշ բան չեմ ասում` երեխան հաց չունի ուտելու…
Պիտի ասեք` մնա, դիմացիր, սնիր երեխայիդ հայրենիքի սիրո՞վ… Լավ, ասենք` նա դրան էլ է պատրաստ, բայց չէ՞ որ նա տեսնում է, թե ինչպես են նույն հայրենիքում ապրում հենց իրեն խաբողներն ու աշխատավարձ չտվողները: Իսկ այն երիտասարդների՞ն, որոնք չեն տեսնում իրենց երազանքների իրականացումը իրենց հայրենիքում, կամ այն գյուղացիների՞ն, որոնք բանկային տոկոսների տակ խաբված` գնացել են, որ գոնե կարողանան աճող ահռելի պարտքերը փակել…Ո՞րն ասես… Եվ տեսնելով մեր իշխանությունների անտարբեր հանգստությունը, դեմքերի խորին գոհունակության արտահայտությունը, ինձ թվում է, որ արտագաղթն ուղղակի իրականացվող ծրագիր է. սա իմ անձնական կարծիքն է…
-Խնդրում եմ նշեք, թե որո՞նք են Հայաստանում առկա ամենախոցելի խնդիրները Ձեր կարծիքով, այդ թվում նաեւ արտագաղթի մասին խոսեք ու առաջարկեք Ձեր լուծումները խնդրին:
-Արտագաղթը, ռեկետը / ցավոք հայերեն բառը չեմ գտնում /,կաշառակերությունը, աղանդները, կրթական, դատաիրավական համակարգը, դրսի մոդելների կույր, արտատպած կիրառումը մեր կյանքում… և ուրիշ շատ ու շատ խնդիրներ, բայց ամենակարևոր խնդիրն, այնուամենայնիվ, որն, ի դեպ, այսօր ողջ աշխարհինն է, դա նյութապաշտությունն է… Այսօր մարդիկ մոռացել են իրենց հոգևոր էության մասին և թվարկած բոլոր խնդիրներն իրականում գալիս են հենց հոգևորի պակասից կամ բացակայությունից: Այսօր կարծես` փողը հայտարարվել է աստվածություն, և մենք վայելում ենք դրա արդյունքները…
Ըստ իս, քաղաքագետները պիտի առաջարկեն քաղաքական լուծումներ, տնտեսագետները` տնտեսագիտական և այս հոգով շարունակ… և կարևորագույն գործն ընկնում է եկեղեցուն ու արվեստին… Նրանք են կոչված վերականգնելու մարդու մեջ հոգևորը, մարդկայինը…Արվեստի գլխավոր խնդիրը մարդուն ազնվացնելն է, ոգին պնդացնելը եկող խնդիրներին դիմակայլուն պատրաստելը… Դա եմ ես փորձում անել իմ համեստ աշխատանքներով…
-Գիտեմ, որ առաջիկա ներկայացման մեջ անդրադառնում եք արտագաղթին, այդ թեմային են անդրադառնում հայ տարբեր հրապարակախոսներ, ազատամարտիկները հենց հիմա նստացույց են անցկացնում ազատության հրապարակում՝ ահազանգելով արտագաղթի մասին: Կարելի՞ է ասել, որ արդեն ստեղծվել է անհանդուրժելի իրավիճակ, երբ արտագաղթը արդեն իրոք կարող է վնասել Հայաստանի անվտանգությանը:
-Համաձայն եմ. արտագաղթը գնալով դառնում է վախեցնող չափերի, և եթե այսպես շարունակվի, մի քանի տարի անց Հայաստանը կարող է դառնալ անպաշտպանողունակ…Ընդ որում, արդեն մեկնում են նաև հարուստ մարդիկ, նույնիսկ շատ հարուստ` այն էլ այնպիսի մարդիկ, որոնց թանին թթու ասող չկա… Նույնիսկ` նրանք…
-Ձեր կարծիքով Հայաստանում գոնե մասամբ տարվու՞մ է պետական քաղաքականություն, որ արտագաղթ չլինի: Այսինքն ճիշտ եք համարում այն միտքը, որ ՀՀ իշխանություններին ձեռնտու է արտագաղթը:
-Մեր իշխանություններին իհարկե որոշ իմաստով ձեռնտու է արտագաղթը, համ հեղափոխության վտանգն է քչանում, համ դրսից փող է մտնում երկիր, բայց դա մինչև մի որոշակի կետ: Դրանից հետո «ավերակների վրա՞ պիտի թագավորեն»… Ինձ թվում է, այնուամենայնիվ, որ սա ծրագիր է: Կարդալ ավելին