Մամուլի ազատության մրցանակ՝ Factor TV-ի գործադիր տնօրեն Արևհատ Սահակյանին

Այսօր Լրատվամիջոցների շահերի պաշտպանության կոալիցիան Մամուլի ազատության մրցանակը շնորհեց Factor TV-ի գործադիր տնօրեն Արևհատ Սահակյանին՝ որակյալ լրաագրության զարգացմանը նպաստելու համար:

Մրցանակը հանձնեցին Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, ԶԼՄ-ների ինքնակարգավորման դիտորդ մարմնի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Մեդիա նախաձեռնությունների» կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը և ԵՄԱ նախագահ, մեդիափորձագետ Արթուր Պապյանը:

«Որքան էլ ծանր է մեր կյանքը լրագրության մեջ, ամեն դեպքում, կան օրինակներ, որոնք մեզ լավատեսություն են ներշնչում: Եվ շատ լավ է, որ այդ նոր զարգացումները տեղի են ունենում վերջին տարիներին, ստեղծվում են լրատվամիջոցներ, որոնք մենք համարում ենք որակյալ և անկախ, որոնք նույնիսկ այսօրվա բարդ պայմաններում կարողանում են աշխատել:

Դրանցից մեկն էլ Factor TV-ն է: Լրատվամիջոցի ղեկավարին մենք գիտենք և՛ որպես լրագրող, և՛ որպես մենեջեր, որը կարողացել է կարճ ժամանակում այդ լրատվամիջոցը դարձնել մեր առաջատարներից մեկը»,-իր ելույթում նշեց Բորիս Նավասարդյանը:

Արևհատ Սահակյանն էլ շեշտեց, որ մրցանակը ոգևորիչ է ու մոտիվացնող. «Մրցանակը կիսում եմ Factor TV-ի իմ սիրելի թիմի հետ: Մի քանի օր առաջ լրացավ մեր լրատվամիջոցի հիմնադրման 8-ամյակը:

Իմ գործընկերները 8 տարի շարունակ գիշեր-ցերեկ աշխատել են թեժ կետերում՝ փորձելով հանրությանը ներկայացնել անաչառ ու հավաստի տեղեկատվություն: Ոգևորող է մրցանակը ստանալ այս փուլում, երբ մի շարք մարտահրավերներ կան որակյալ լրագրությանը նվիրված լրատվամիջոցների համար՝ սկսած ֆինանսական խնդիրներից, ավարտած բարոյահոգեբանական այն ճնշումներով, որոնցով հագեցած է բոլորիս կյանքը»:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ը Մամուլի ազատության միջազգային օրն է:

Աննա Բաբաջանյան

Factor.am