Երևանում 30-ամյա ծննդկան է մահացել

Երևանի հիվանդանոցներից մեկում մայիսի 6-ին 30-ամյա ծննդկան է մահացել։ Տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ առողջապահության նախարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

«Հղիի մոտ պրեէկլեմպսիա է եղել, 36 շաբաթական հղիություն է եղել՝ երկրորդ երեխան։ Ծննդաբերության ընթացքում առաջացել են խնդիրներ, բժիշկներն ամեն ինչ արել են՝ կնոջ կյանքը փրկելու համար, նույնիսկ կեսարյան հատում են արել։ Ցավոք՝ չի հաջողվել կյանքը փրկել։ Երեխան լավ է»,- նշեց Առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

Պրեէկլամպսիան բնութագրվում է զարկերակային գերճնշումով, հաճախ մեզում առկա սպիտակուցի զգալի քանակությամբ։ Սովորաբար այն ախտորոշվում է հղիության 20-րդ շաբաթվանից հետո։

Հիվանդության ծանր ձևերի ժամանակ կարող է առաջանալ արյան կարմիր բջիջների քայքայում, թրոմբոցիտների քանակի նվազում, լյարդի ֆունկցիայի ընկճում, երիկամների դիսֆունկցիա և այլն։ Պրեէկլամպսիան վտանգավոր բարդություն է, որը կարող է հանգեցնել թե՛ մոր, թե՛ պտղի մահվան: