Պուտինը Կիմ Չեն Ընին խոստացել է ընդլայնել հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ.Factor

Վլադիմիր Պուտինը Կիմ Չեն Ընին ուղղված նամակում գրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և ԿԺԴՀ-ն «համատեղ ջանքեր կգործադրեն»՝ ընդլայնելու երկկողմ «համապարփակ և կառուցողական» հարաբերությունները։Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Օգոստոսի 15-ին Կորեայի Անկախության օրվա կապակցությամբ ՌԴ առաջնորդի կողմից ԿԺԴՀ ղեկավարին ուղարկված նամակից հատվածներ է մեջբերել Հյուսիսային Կորեայի պետական KCNA գործակալությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Պուտինի խոսքով՝ երկկողմ կապերի ամրապնդումը «կբավարարի երկու երկրների շահերը»։ Բացի այդ, Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան միասին կկարողանան ամրապնդել «անվտանգությունն ու կայունությունը» Կորեական թերակղզում և Հյուսիսարևելյան Ասիայի ողջ տարածաշրջանում, նշել է ՌԴ նախագահը։

Կիմ Չեն Ընը նույնպես նամակ է ուղարկել Պուտինին, որում նշել է, որ Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև «ռազմավարական և մարտավարական համագործակցությունը, աջակցությունն ու համերաշխությունը» նոր մակարդակի են հասել։ Նա ընդգծել է «սպառնալիքները կանխելու ընդհանուր ջանքերը և սադրանքները թշնամական ռազմական ուժերի կողմից»:

KCNA-ն չի հստակեցրել, թե ո՞ր թշնամական ուժերի մասին է խոսքը, սակայն Հյուսիսային Կորեայի առաջնորդը սովորաբար այդ բնորոշումն օգտագործում է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին մատնանշելու համար, հաղորդում է Reuters-ը:

Հյուսիսային Կորեան հուլիսին ճանաչել է, այսպես կոչված, Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը, իսկ Մոսկվան Փհենյանում բարձրացրել է Դոնբասը վերականգնելու համար ԿԺԴՀ-ից աշխատողների ուղարկելու հարցը։ ՄԱԿ-ը և ՄԱԳԱՏԷ-ն մտավախություն ունեն, որ Հյուսիսային Կորեան այժմ պատրաստվում է իրականացնել իր առաջին միջուկային փորձարկումը 2017 թվականից ի վեր։

Դա վկայում է վերջին ամիսներին երկրի հյուսիսում գտնվող Պունգերի ստորգետնյա փորձադաշտում սկսված ակտիվությունը։ Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ 2018 թվականին ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում թունելները վերանորոգվում են, իսկ կառույցները քանդվել են։ 2006-2017 թվականներին ԿԺԴՀ-ն վեց միջուկային փորձարկում է անցկացրել Պունգերիի փորձադաշտում։