Հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանումը՝ քննիչի՝ 77 մլն ավանդի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեն պարզաբանում է ներկայացրել Hetq.am-ի՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը 77 մլն դրամի ավանդ ունի» վերտառությամբ հրապարակման առնչությամբ:

«Այսօր Hetq.am-ը «Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը 77 մլն դրամի ավանդ ունի» վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել է Կոմիտեի քննիչ Վարդան Մանուկյանի՝ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրին: Ընդ որում՝ որպես պարզաբանում Hetq.am-ին արդեն իսկ նախապես տեղեկացվել էր, որ քննիչի կողմից ներդրված ավանդը ձևավորվել է վերջինիս պատկանող անշարժ գույքի վաճառքից:

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ներկայացված հիշյալ հանգամանքը դիտարկելով այն համատեքստում, որ քննիչ Վ. Մանուկյանը, մասնակցելով ինքնավար պաշտոնների համալրման մրցույթին, հաղթահարել է բարեվարքության փուլը (այդ փուլում հանգամանորեն ստուգվում են թեկնածուի գույքային դրության համապատասխանությունը օրինական եկամուտներին), անհրաժեշտ է արձանագրել, որ ցանկացած օբյեկտիվ դիտորդի համար միանաշանակ պարզ է, որ թե՛ ավանդը, թե՛ նշված անշարժ գույքը և թե՛ գույքի առուվաճառքի գործարքը չէին կարող օրինականության տեսանկյունից կասկած հարուցել:

Մինչդեռ Hetq.am-ը, գուցե և ոչ միտումնավոր, ուշադրության չի արժանացրել այս հանգամանքը և անհարկի կերպով փորձել է ընթերցողների մոտ հակասական պատկեր ձևավորել Հակակոռուպցիոն կոմիտեի շուրջ՝ ինչ-որ տեղ փորձելով կասկածի տակ դնել Կոմիտեի քննիչների բարեվարքությունը:

Հոդվածից ենթադրվող հնարավոր շահարկումները կանխելու նպատակով հարկ ենք համարում ստորև ներկայացնել անշարժ գույքի վաճառքի և նշված գործարքին առնչվող բոլոր մանրամասները, որոնք, ի թիվս պահանջվող այլ  անհրաժեշտ փաստաթղթերի, ներկայացվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Վարդան Մանուկյանը 2019 թվականին վաճառել է իրեն պատկանող երկու բնակարանները, որոնցից մեկը վերջինիս ծնողների կողմից ձեռք է բերվել 2006 թվականին՝ տարաժամկետ առուվաճառքի պայմանագրով, և 2010 թվականին բնակարանի սեփականության իրավունքը փոխանցվել է Վ. Մանուկյանին: Մյուս բնակարանը Վ. Մանուկյանին ծնողների կողմից փոխանցվել է նվիրատվության պայմանագրով՝ 2007 թվականի հոկտեմբերի 13-ին:

2019 թվականի նոյեմբերի 21-ին և նույն թվականի հուլիսի 9-ին վերը նշված երկու բնակարանները քննիչի կողմից վաճառվել են համապատասխանաբար՝ 49 մլն 500 հազար և 13 մլն 400 հազար ՀՀ դրամով: Դրանից հետո բնակարանների վաճառքից ստացված գումարները Վ. Մանուկյանը որպես ավանդ ներդրել է ՀՀ բանկերում»: