Մանիպուլյացիաներ Փաշինյանի վարկանիշի շուրջ

Մանիպուլյացիաներ Փաշինյանի վարկանիշի շուրջ
Մանիպուլյացիաներ Փաշինյանի վարկանիշի շուրջ

2019-ի առաջին ամիսներին հայկական լրատվական դաշտում և սոցիալական ցանցերում բազմաթիվ թվեր են ներկայացվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի մասին, որոնցից ոչ մեկը հիմնված չէ հրապարակված հարցումների վրա։

Վերջին մի քանի ամսվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի մասին մի շարք անհիմն նյութեր են հրապարակվել հայկական մամուլում։ Դրանք տարածում են գտել նաև Ֆեյսբուքում՝ քաղաքական ուղղվածություն ունեցող էջերում։

Իրական պատկերը

Վերջին ամիսներին Փաշինյանի վարկանիշի վերաբերյալ իրականացված միակ հետազոտությունը, որը հրապարակայնացվել է, GALLUP International Association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» (MPG-Armenia) ընկերության կողմից ապրիլի 30-ից մայիսի 9-ը ընկած ժամանակահատվածում կատարած հասարակական կարծիքի հարցումն է։ Այն պարզել է, որ Փաշինյանի աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 81.6 տոկոսը, իսկ նրա գործելաոճը դրական է գնահատել 84.2 տոկոսը։ Ըստ նույն կազմակերպության, Փաշինյանի վարկանիշը 2018-ի սեպտեմբերի (89%) համեմատ նվազել է 7.4 տոկոսով:

Լրատվականների ներկայացրած անհիմն թվերը

Մարտի 20-ին «Փաստ» թերթը գրել էր, թե իբր Փաշինյանին են ներկայացվել «վերջին սոցհարցումների արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ հանրության շրջանում վարչապետի վարկանիշը զգալի անկում է ապրել և տատանվում է 52-53 տոկոսի շրջանակներում»։

«Հրապարակը» մարտի 28-ին նմանատիպ թվեր էր ներկայացրել։ Ըստ օրաթերթի, «ամերիկյան մի կազմակերպության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հունվարի վերջին Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 51 տոկոսի կարգի է եղել և նվազելու միտում ունի»։

«Ժամանակ» օրաթերթն էլ մայիսի 9-ին՝ Փաշինյանի վարչապետության մեկամյակի հաջորդ օրը, գրել էր, թե ԱԱԾ-ն հասարակական կարծիքի ուսումնասիրություն է իրականացրել և պարզել, որ վարչապետի վարկանիշը «շարունակում է անկումը՝ գրանցելով նոր հակառեկորդ՝ 34 տոկոս»:

Ֆեյսբուքյան էջերի մանիպուլյացիաները

Digital News և Paradox Media անվանումներով ֆեյսբուքյան էջերը, որոնք ունեն ընդգծված հակակառավարական ուղղվածություն և հաճախ հրապարակում են մանիպուլյատիվ բովանդակությամբ տեղեկատվություն, գրեթե միաժամանակ՝ մայիսի 10-ին, հրապարակել են կեղծ լուրեր Փաշինյանի վարկանիշի մասին։

Digital News էջը հղում է կատարել Gallup International կազմակերպության կատարած հարցմանը, սակայն չի ներկայացրել ամբողջական պատկերը: Սա նույն հարցումն է, որը վկայակոչել ենք վերևը։

Խնդիրն այն է, որ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում աշխատելու ոճը դրական է գնահատել ոչ թե 29.9 տոկոսը, այլ 84.2 տոկոսը։ 29.9 տոկոսը միայն «լիովին դրական» գնահատածների տոկոսն է, սակայն 54.3 տոկոսը «ավելի շուտ դրական» է գնահատելՓաշինյանի գործելաոճը։ Այսպիսով, հրապարակումը թերի է ներկայացրել պատկերը։

Երկրորդ ֆեյսբուքյան էջը՝ Paradox Media-ն, առանց որևէ հարցման հղում կատարելու, պնդում է, որ Փաշինյանի «վարկանիշը շեշտակիորեն անկում է ապրում»։ Կցված նկարում պատկերված է Փաշինյանի վարկանիշի ենթադրյալ նվազումը, որը, իբր, 2019-ի մայիսին կազմում է 31 տոկոս։