Խամենեի․ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի տարածաշրջանային պատերազմի

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգների կողմից ցանկացած հարձակում կհանգեցնի տարածաշրջանային հակամարտության։ Այդ մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

«Ամերիկացիները պետք է իմանան՝ եթե նրանք պատերազմ սկսեն, այս անգամ այն կլինի տարածաշրջանային պատերազմ»,– ասել է Խամենեին կիրակնօրյա ելույթի ընթացքում՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մշտապես խոսում է տարածաշրջան նավեր ուղարկելու մասին։ «Իրանցի ժողովուրդը չի վախենա նման բաներից»,– ընդգծել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է Իրանին ռազմական գործողություններով՝ կապված նրա միջուկային ծրագրի և երկրում բողոքի ցույցերի դաժան ճնշման հետ։ Հունվարի 31-ի երեկոյան Ֆլորիդա մեկնելու ճանապարհին լրագրողների հարցին՝ արդյոք արդեն որոշել է, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Իրանի նկատմամբ, Թրամփը պատասխանել է, որ չի կարող այդ մասին խոսել, սակայն հավելել է, որ Թեհրանը «լուրջ բանակցություններ» է վարում Վաշինգտոնի հետ։ Նա նաև հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հասնել ինչ-որ «ընդունելի» համաձայնության՝ միաժամանակ նշելով, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում ունի «շատ մեծ և հզոր նավեր»։

Ուժերի կուտակման շրջանակում ԱՄՆ-ն տարածաշրջան է ուղարկել «Աբրահամ Լինքոլն» ավիակիր հարվածային խումբը։ Անցյալ շաբաթվա վերջին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ այն գործում է Արաբական ծովում։

Իր հերթին, Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում՝ աշխարհի կարևորագույն նավագնացության ուղիներից մեկում և էներգակիրների մատակարարումների առանցքային երթուղում, մարտական հրաձգություններով երկօրյա ռազմածովային զորավարժությունների մեկնարկի մասին։