Ալմաթիում իրավիճակը լարված է․ ցուցարարները ներխուժել են քաղաքապետարանի շենք

Ալմաթիում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարանի շենք, այնտեղ հրդեհ է բռնկվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Աղբյուրի տվյալներով՝ հրդեհը սկսվել է շենքի արևելյան կողմում՝ առաջին հարկում։ Մարդիկ կոտրել են առաջին հարկի պատուհանները և մտել շենք։ Պարբերաբար կրակոցներ են լսվում։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը հունվարի 5-ին ընդունել է կառավարության հրաժարականը։ Կառավարությունը կշարունակի կատարել պարտականությունները մինչև նախարարների կաբինետի նոր կազմի նշանակումը։

Նշենք, որ Մանգիստաու շրջանի Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները հունվարի 2-ին զանգվածաբար փողոց են դուրս եկել՝ վառելիքի գները նվազեցնելու կոչով։ Ավելի ուշ բողոքի ցույցերը տարածվել են ողջ Ղազախստանով։ Ցուցարարների հետ հանդիպումից հետո իշխանությունները հայտարարել են Մանգիստաու շրջանում հեղուկ գազի գնի նվազեցման մասին, սակայն իրավիճակը չի կայունացել։ Ցուցարարները անկարգություններ են կազմակերպել, իսկ ոստիկանությունը սկսել է լուսաձայնային նռնակներ օգտագործել: Հավելենք նաև, որ Ղազախստանի նախագահը որոշել է արտակարգ դրություն հայտարարել Ալմաթիի շրջանում։

Աղբյուր՝ Factor.am