ՀՀ նախագահն Անտոնիո Գուտերեշին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի սպառնալիքները

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանը Գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի սպառնալիքները։

Անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրողություններին և զարգացումներին։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի և Հայաստանի Հանրապետության միջև շարունակական համագործակցության օրակարգային հարցերի վերաբերյալ։