Վերականգնված 800 միլիոն դրամը վճարել է Գագիկ Խաչատրյանը. մանրամասներ ՀՔԾ-ում քննվող գործից

Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի ներգրավվածությամբ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում վերականգնված 800 միլիոն դրամը վճարել է Գագիկ Խաչատրյանը։

Այս մասին Factor.am-ին փոխանցում են իրավապահ համակարգի մեր աղբյուրները: ՀՔԾ-ից փոխանցեցին, որ թեմայի շուրջ մանրամասներ ավելի ուշ կհայտնեն: Կառույցը երեկ հայտնել էր, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38- 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը):

Մամուլը գրել էր, որ խոսքը մեկ միլիարդ դրամի մասին է: Ստացվում է, որ 200 մլն դրամը դեռ պետք է վերականգնվի: Ըստ մամուլի հրապարակումների, քրեական գործը վերաբերում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով պարարտանյութերի տրամադրման գործընթացին:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանն անցնում է նաև ԱԱԾ-ի կողմից քննվող մեկ այլ քրեական գործի շրջանակում: Երեկ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Խաչատրյանը կասկածվում է տասնյակ միլիոնավոր դոլարների յուրացման համար: Գործում ներգրավված է և Գագիկ Խաչատրյանի հետ ձերբակալված է նաև նրա եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը:

Նա ևս նախկինում ՊԵԿ-ում բարձր պաշտոն է զբաղեցրել: Այսօր հայտնի դարձավ, որ Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմը բողոքարկել է նրա ձերբակալությունը՝ այն համարելով ոչ իրավաչափ: Բողոքարկման որոշման մասին երեկ ԱԱԾ-ի մոտ հրավիրված ասուլիսի ժամանակ Factor.am-ի հարցին ի պատասխան ասել էր պաշտպան Երեմ Սարգսյանը: Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն պաշտպանելու համար ներգրավված են հինգ փաստաբան: Մյուս չորսի անունն առայժմ հայտնի չէ: