«ՀԱՊԿ-ում որոշումներ կայացնելը, որը պահանջում է կոնսենսուս, միշտ չէ, որ հնարավոր է դառնում». Մարկարով

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը

– Պարո՛ն Մարկարով, երեկ ադրբեջանական կողմը զինված հարձակում էր ձեռնարկել, ծանր զինտեխնիկայի օգնությամբ առաջ էր եկել ՀՀ տարածք: Բախման հետևանքով կողմերն ունեն զոհեր, վիրավորներ, իսկ հայկական կողմը՝ գերիներ: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:

– Հայ-ադրբեջանական սահմանին կատարվողը Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակի շուրջ գործողությունների շարունակությունն է: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Հայաստանը հայտնվել է նոր անվտանգային միջավայրում: Ըստ էության, ստորագրված փաստաթուղթը մենք դժվար թե կարողանանք համարել խաղաղության համաձայնագիր, և Ադրբեջանը նման փաստաթուղթ ցանկանում է ստանալ իր նախանշած պայմաններով, իր ցանկություններով:

Այն գործողությունները, որ Ադրբեջանն իրականացնում է հետպատերազմյան ժամանակաշրջանում, տեղավորվում են այդ տրամաբանության մեջ: Մայիսից սկսած Ադրբեջանը սահմանային լարվածություններ է հրահրում, և երեկ նրանք փորձեցին տիրանալ դիրքերի, որոնք կարող են որոշակի մարտավարական առավելություն բերել իրենց: Այս տեսանկյունից Ադրբեջանը լուծում է ռազմավարական նշանակության խնդիրներ մեր տարածքում: Երբ հայկական կողմից համարժեք պատասխան ստացան, սկսեցին ընդլայնել ռազմական գործողությունները՝ կիրառելով ավելի խոշոր զինտեխնիկա:

– Հայաստանը հայտարարեց, որ պատրաստվում է դիմել ՀԱՊԿ-ին, բայց դա առաջին անգամը չէր, և հայկական կողմը դեռևս մայիսյան հարձակման ժամանակ էր դիմել այդ կազմակերպությանը: Շատերը գնահատում են, որ այդ կառույցից արձագանքները համարժեք չեն: Դուք ինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿ-ի վարքագիծը:

– Այսօր Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահություն է իրականացնում, ինչը հնարավորություն է տալիս ձևավորել համապատախան օրակարգ և, հաշվի առնելով անվտանգային իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի սահմաններին, փորձել դիմել այլ գործողությունների, որոնք նախատեսված են ՀԱՊԿ-ի անդամության վերաբերյալ կանոնակարգային փաստաթղթերով: Եթե ոչ, համենայնդեպս փորձել դիմել այլ քայլերի, որոնք նախատեսված են կամ հնարավոր է իրականացնել՝ հաշվի առնելով իրավիճակը:

Շատ լավ հասկանում ենք, որ ՀԱՊԿ-ը բարդ կազմակերպություն է կոնֆլիկտային, միմյանց չհամընկնող շահերով, և որոշումներ կայացնելը, որը պահանջում է կոնսենսուս, միշտ չէ, որ հնարավոր է դառնում:

Բայց փորձել անհրաժեշտ է: Եթե չենք փորձելու, բնականաբար ոչինչ չի ստացվելու, հետևաբար պետք է իրականացնել գործողություններ, որոնք բխում են մեր քաղաքական դոկտրինայից, մեր անվտանգային շահերից և ՀԱՊԿ գործունեության տրամաբանությունից:

– Հարցը հետևյալն է՝ ՀԱՊԿ-ն իրավիճակին համարժե՞ք է գործում:

– ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է, ուշադիր դիտարկում է ստեղծված իրավիճակը:

– Ուշադիր դիտարկելը համարժե՞ք արձագանք է:

– Իսկ ինչպիսի համարժեք արձագանք է ակնկալվում ՀԱՊԿ-ից, ի՞նչ գործուն քայլեր պետք է անի այդ կազմակերպությունը: Կա պաշտոնական արձագանք, էլ ուրիշ ի՞նչ պետք է անի:

– Լավ, էսպիսի հարց՝ Ռուսաստանի գործողություններում դաշնակից երկրին վայել տարրեր տեսնո՞ւմ եք:

– Եթե մենք տեսնում ենք, որ դիմել են Ռուսաստանին, ուրեմն դիտարկում են նրան որպես դաշնակցի: Բացի այդ, եթե այդ երկրի բանավոր միջամտության արդյունքում զինված բախումը դադարել է, ապա կարող եմ ասել, որ այդ երկիրն իրականացրել է առնվազն այն մինիմալ գործողությունները, որի արդյունքում եղան նման զարգացումներ:

Մեզ, ի վերջո, արդյունքն է հետաքրքրում. ռազմական գործողությունները դադարեցվել են ոչ միայն մեր զինվորականների համարժեք արձագանքի արդյունքում, այլ նաև ռուսական կողմի համապատասխան ընդգրկվածության: Ստեղծված իրավիճակը ինձ համար հստակ ցուցիչ է, որ դաշնակից գործընկերոջ ազդեցությունը կա:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am