Կրակոցներ է արձակել փողոցում կայանված «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի  ուղղությամբ․ ՔԿ․ տեսանյութ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական  օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Վ.Դավթյան փողոցում կրակոցներ արձակելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով 2021թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել Երևան քաղաքի Վ.Դավթյան փողոցում կայանված «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի  ուղղությամբ` վնասելով այն: Այնուհետև, շարունակելով իր խուլիգանական գործողությունները, վերջինս նույն փողոցում գտնվող խանութի մոտ, ապա՝ Երևան քաղաքի Արաբկիր 17 և Ռիգա փողոցների հատման վայրում կրակոցներ է արձակել դեպի օդ և դիմել փախուստի:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել է 10 հատ 7.62 մմ տրամաչափի կրակված պարկուճ, իսկ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի  վրա հայտնաբերվել է կրակոցներից առաջացած 12 հետք: Հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել են դատաձգաբանական, հետքաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի` 1983թ. ծնված բնակիչ է:

Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ 38-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: 

Այդ մասին հայտնում են ՔԿ-ից։