«Կրոկուս սիթի հոլ»-ում իրականացված ահաբեկչության զոհերի թիվը հասել է 139- ի

Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 139-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին։

«Հարձակման հետևանքով զոհվել է 139 մարդ, որոնցից այսօր պարզվել է 75-ի ինքնությունը։ Զոհվածների թվում կա երեք երեխա։ Ընդհանուր թվից ահաբեկչության վայրում զոհվել է 137-ը, երկուսը մահացել են բուժհաստատություններում», – Բաստրիկինն ասել է մարտի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

Նրա խոսքով՝ հրազենային վնասվածքներից զոհվել է 40 մարդ, իսկ երկու հոգի մահացել է հրազենային ու կտրած-ծակած համակցված վնասվածքներից։

«Հրդեհից՝ բարձր ջերմաստիճանի և այրվող արտադրանքի ազդեցության հետևանքով, մահացել է 45 մարդ։ Ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 182 մարդ», – ասել է Բաստրիկինը։

Քննչական կոմիտեի ղեկավարը հավելել է, որ մահվան պատճառները և տուժածների ինքնությունը պարզելու համար նշանակվել և իրականացվում է 160 դատաբժշկական փորձաքննություն։

Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան. մի քանի մարդ կրակ է բացել համերգի այցելուների վրա, այնուհետև հրդեհ է սկսվել։ Ձերբակալվել է 11 կասկածյալ, այդ թվում՝ ահաբեկչությանն անմիջականորեն մասնակցած բոլոր չորս ահաբեկիչները։