«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը
– Պարո՛ն Բադալյան, ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի կողմից Հայաստանի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացման հանգամանքը, կարելի՞ է այս փաստը էական առաջընթաց համարել երկկողմ հարաբերություններում:
– Սա այն խորհրդանշական քայլերի շրջանակում է, որը դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին ազդարարել էր Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ ասելով, որ կլինեն որոշակի խորհրդանշական քայլեր: Սա այդ քայլերից մեկն է, ու պետք է նկատել, որ ուղիղ առևտրի մասին կողմերը սկսել են քննարկումներ ու որոշակի պայմանավորվածությունների մասին հայտնել են դեռ 2022-ի հուլիսի 1-ից, երբ տեղի ունեցավ Ռուբինյան-Քըլըչ չորրորդ հանդիպումը:
Բայց մենք տեսնում ենք, որ անցել է ավելի քան չորս տարի, սակայն Թուրքիան նոր է միայն հայտարարում, որ ավարտել են ուղիղ առևտրի ուղղությամբ բյուրոկրատական պրոցեսները: Սա վկայում է, որ պարզապես խորհրդանշական քայլ է արվում խորհրդարանական ընտրություններից առաջ պաշտոնական Երևանին աջակցության տրամաբանության մեջ, որը Երևանին թույլ կտա ներկայացնել այս քայլը որպես դիվանագիտական ձեռքբերում:
– Ստացվում է, որ Հայաստանի համար այս քայլով որևէ էական արդյունք չկա՞:
– Նայած թե մենք ինչ ենք հասկանում էական արդյունք ասելով, եթե մենք խոսում ենք Հայաստանի տնտեսության համար ինչ-որ էական ձեռքբերման մասին, ապա պարզ է, որ այստեղ տնտեսության համար որևէ էական ձեռքբերում չկա ու չի լինի: Եթե ընդհանրապես խոսենք հայ-թուրքական տնտեսական կոմունիկացիայի ակտիվացման մասին, ապա Հայաստանի ու Թուրքիայի տնտեսության ծավալների, մասշտաբների համեմատությունը բերում է այն եզրակացության, որ Հայաստանը նման ակտիվացումից առաջ ունի հսկայական տնային աշխատանքի անհրաժեշտություն՝ սեփական տնտեսությունը թուրքական տնտեսական կլանումից պաշտպանելու որոշակի մեխանիզմներ ձևավորելու իմաստով: Էլ չեմ խոսում ագրոարդյունաբերական համալիրի մասին:
Պարզ է, որ այս հանգամանքը տնտեսության համար ավելի շատ մարտահրավերներով է լեցուն, գուցե առանձին տնտեսվարողների համար, որոնք մտածում են բացառապես սեփական գրպանի պարունակության կատեգորիաներով ու ոչ մի այլ բան չեն դիտարկում, նոր պայմանավորվածությունների դաշտ բացվի, բայց եթե մենք տնտեսությունը դիտարկում ենք որպես պետական սուբյեկտության կարևորագույն հիմք, ապա հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների բացումը Հայաստանի տնտեսության համար շատ մարտահրավերներ է պարունակում, որոնց ուղղությամբ քայլերը պետք է կատարել, հետո միայն մտածել այդ մասին, բայց, կրկնեմ, ինձ համար սա գոնե առայժմ տեսական խոսակցություն է, որովհետև Թուրքիայի այդ հայտարարությունն ամենևին չի ենթադրում, որ հայ-թուրքական սահման կամ տնտեսական կոմունիկացիա է բացվել, դա ընդամենը խորհրդանշական քայլ է:
Եթե դիտարկում ենք հարաբերություններում ձեռքբերման մակարդակով, ապա այստեղ էլ ամեն ինչ այդ սիմվոլիկի դաշտում է, ոչ ավելին, ու Թուրքիան շատ հստակ հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերության կարգավորում կլինի, եթե Հայաստանն ամբողջությամբ կարգավորի Ադրբեջանի հետ հարաբերությունները, իսկ մենք տեսնում ենք, որ այդ գործընթացում Բաքուն դեռ առաջ է քաշում նորանոր պայմաններ, որոնք ենթադրում են ամիսների կամ տարիների հեռանկար:
Ադրբեջանը ռեալ հավակնություն ունի Հայաստանը քաղաքական իմաստով յուրացնելու տեսանկյունից: Թուրքիայի համար հայ-թուրքական գործընթացը մի խաղաքարտ է, որը ինքը շարունակաբար փորձելու է օգտագործել արդեն տարբեր խոշոր խաղացողների հետ հարաբերություններում:
– Պարո՛ն Բադալյան, իսկ այդ խորհրդանշական քայլն անելու ժամանակահատվածը Թուրքիայի կողմից պատահակա՞ն է ընտրված:
– Ժամանակահատվածը պատահական չէ, ու դրա համար ես նշեցի, որ ինչ-որ համաձայնությունների մասին հայտարարվել էր դեռևս 2022-ին, բայց չորս տարի շարունակ դրանց ուղղությամբ կոնկրետ գործողություն չի եղել, ու ավելին՝ Քըլըչի ու Ռուբինյանի հանդիպումները հենց դրանով էլ մեծ դադարի մեջ հայտնվեցին, ու 2024-ին նոր տեղի ունեցավ նրանց հինգերորդ հանդիպումը: 2022-ի առաջին կեսին նրանք ունեցան չորս հանդիպում Մոսկվայում ու Վիեննայում, իսկ դրանից հետո ավելի քան երկու տարի հանդիպումներ չէին ունենում:
Ժամանակահատվածի առումով պատահականություն չկա, Թուրքիան նաև բացահայտ հայտարարել է, որ աջակցում է Փաշինյանի վերընտրությանը, որովհետև իր համար կարևոր է այն քաղաքականությունը, որը վարում է Փաշինյանը, բնականաբար որոշակի խորհրդանշական քայլով թույլ են տալիս ՀՀ իշխանությանը նպաստավոր քարոզչական ռեսուրս ձևավորել ու ասել, թե իբր հաստատված խաղաղությունն առաջ է գնում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետ հարաբերություններում:
Ընդ որում, կրկնեմ, ինքնին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բնականաբար շատ կարևոր է, բայց ամբողջ հարցն այն է, որ ինչ-որ քարոզչական շղարշը մատուցվում է իբրև կարգավորման իրական գործընթաց, իսկ գործնականում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում քաղաքական հասկացությունը այլևս գոյություն չունի, երբ Թուրքիան հայտարարում է, որ այն անմիջապես կախված է Ադրբեջանի հետ Հայաստանի գործընթացից: Դա նշանակում է, որ Անկարան բացահայտորեն համարում է, որ հայ-թուրքական հարց որպես այդպիսին չկա, ու Թուրքիան կգնահատի Հայաստանի հետ հարաբերությունը՝ ըստ Ադրբեջանի հետ համաձայնելու Հայաստանի վարքագծի:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















