«Մեդիա գերազանցություն» մրցանակ՝ «Մեդիալաբին». Հայաստանի միջազգային հանրությունը մեծարում է իրավունքների պաշտպաններին

«Մեդիա գերազանցություն» մրցանակ՝ «Մեդիալաբին» . Հայաստանի միջազգային հանրությունը մեծարում է իրավունքների պաշտպաններին
«Մեդիա գերազանցություն» մրցանակ՝ «Մեդիալաբին» . Հայաստանի միջազգային հանրությունը մեծարում է իրավունքների պաշտպաններին

Երևանում կայացած Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպանությունները, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի գրասենյակները գնահատանքի են արժանացրել մարդու իրավունքների, խոսքի ազատության, ժողովրդավարության, հավասարության և իրավական բարեփոխումների առաջխաղացման գործում ներդրում ունեցած անձանց ու կազմակերպություններին։

2012 թվականից անցկացվող մրցանակաբաշխությունը միջազգային կառույցների համատեղ նախաձեռնություն է, որով գնահատվում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում ակտիվիստների, լրագրողների, լրատվամիջոցների, պետական պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներդրումը։

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ն.Գ. Ռիչարդ Միլսը «Մեդիա գերազանցություն» մրցանակը հանձնեց «Մեդիալաբ» խմբագրություն-լաբորատորիային:  

«Այսօր, առավել քան երբևէ, պետք է կարևորել խոսքի ազատությունը. դա է ազատ և ժողովրդավարական հասարակության հիմքը: Ինձ մեծ պատիվ է վերապահված հանձնել «Մեդիա գերազանցության» մրցանակը «Մեդիալաբ» խմբագրություն-լաբորատորիային՝ այսօր հայաստանյան հասարակության առջև ծառացած առավել հակասական հարցերին լույս սփռելու ու դրանց շուրջ հանրային քննարկումներ սկսելու հետևողական աշխատանքի համար: 

«Մեդիալաբը», որի ղեկավար Մարիաննա Գրիգորյանը բացառիկ լրագրող է, մշտապես կարողացել է գտնել դժվարին թեմաներին անդրադառնալու ստեղծագործ ու հնարամիտ ուղիներ՝ Հայաստանն առավել ազատ, արդար և ժողովրդավար դարձնելու ձգտմամբ: Շատ հաճախ նրանք մարդկանց ասել ու ցույց են տվել այն, ինչի մասին նրանք չէին ուզում լսել, և ես ջերմորեն ողջունում եմ նրանց խիզախությունը, ինչը զուգակցված է եղել նրբանկատությամբ, հումորով ու պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակով», – ասաց դեսպան Միլսը: 

Մարիաննա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց գնահատականի համար եւ նշեց, որ «Մեդիալաբի» համար մեծ պատիվ է նման մրցանակ ստանալը։ 

«Այս մրցանակը շատ թանկ է ինձ համար, քանի որ Հայաստանում ազատությունը թանկ արժե»,- իր ելույթում նշեց Գրիգորյանը։

Մարիաննա Գրիգորյանը ավելի քան 25 տարվա փորձ ունեցող հետաքննող լրագրող է՝ 40-ից ավելի միջազգային և տեղական մրցանակների դափնեկիր։ Դրանց թվում են ԱՄՆ-ի Լրագրողների միջազգային կենտրոնի (ICFJ) բնապահպանական հետաքննական լրագրության գլխավոր մրցանակը, ինչպես նաև 2009 թվականին Եվրոպայում ստացած մամուլի ազատության երկու հեղինակավոր մրցանակները՝ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) և Fritt Ord ու ZEIT-Stiftung հիմնադրամների կողմից։ Հենց այդ երկու մրցանակների շնորհիվ էլ նա 2009 թվականին հիմնադրել է «Մեդիալաբ» խմբագրություն-լաբորատորիան։

Գրիգորյանը ավելի քան մեկ տասնամյակ աշխատել է Eurasianet-ի հետ, թղթակցել է The Guardian-ին և համագործակցել The Washington Post-ի հետ։

«Մեդիալաբը» Հայաստանում միակ լրատվամիջոցն է, որը քաղաքական ծաղրանկարչությունը դարձրել է իր խմբագրական աշխատանքի անբաժանելի մասը։ Լրագրությունը համադրելով արվեստի և երգիծանքի հետ՝ այն հասարակական-քաղաքական կարևոր իրադարձությունները ներկայացնում է նաև քաղաքական ծաղրանկարների, գրաֆիկական պատմությունների և երգիծական անիմացիաների միջոցով։