600 տոննայանոց ռումբ. բնապահպաններն ահազանգում են Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խիստ մտահոգիչ վիճակի մասին

Չնայած տարածքում կատարված վերականգնողական աշխատանքներին` բնապահպանների և միջազգային ու տեղական կազմակերպությունների անհանգստության տեղիք տված Երևանի ծայրամասում գտնվող Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի անվտանգության հարցը, ըստ փորձագետների, մնում է «խիստ մտահոգիչ»:
«Անձրևները լվանում են թունավոր նյութերը և դուրս բերում ստորգետնյա և վերգետնա միջավայր,- այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը,- իսկ այստեղից գալիս է հողի աղտոտում, սննդային շղթայի աղտոտում»:
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ փորձագետ, հիգիենայի և էկոլոգիական ռիսկերի բաժնի ղեկավար Լիլիկ Սիմոնյանը «Մեդիալաբի» հետ կիսել է իր մտահոգությունները` նշելով, որ իրավիճակն իրոք շատ դժվար է, և եթե «շուտափույթ լուծում չտրվի, լուրջ մարտահրավեր է տեղի բնակավայրերի և շրջակա միջավայրի համար»:

Թունաքիմիկատների գերեզմանոցը, որը գտնվում է Մուշավան և Ջրաշեն բնակավայրերին հարակից, պարունակում է գրեթե 600 տ ժամկետանց մոտ 50 տեսակի խիստ վտանգավոր թունաքիմիկատներ, ինչպիսիք են, օրինակ` հայտնի ԴԴԴ-ն` իր մետաբոլիտներով և այլն:

«Կոլխոզ-սովխոզներից» մնացած կայուն համարվող թունաքիմիկատները թաղվել են 1980-ականներին կառուցված թունաքիմիկատների գերեզմանոցում` արդեն իսկ վտանգ ներկայացնելով շրջակա միջավայրի համար:

Սակայն վտանգն անհամեմատ մեծացել է այն բանից հետո, երբ մոտ մեկ տարի առաջ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում անհայտ անձանց կողմից ծանր տեխնիկայով բացվել է թունաքիմիկատների գերեզմանոցը:

«Երբ մենք մեկ տարի առաջ տեղում իրավիճակն էինք ուսումնասիրում, պարզապես ցնցված էինք. իրավիճակն աղետալի էր,- «Մեդիալաբին» ասում է Թունաքիմիկատների միջազգային ասոցիացիայի տնօրեն, միջազգային փորձագետ Ջոն Վիգենը: – Դժվար է պատկերացնել, որ կարելի էր վնասել գերեզմանոցը` առանց գիտակցելու հսկայական հետևանքները: Այս դեպքում արմատական լուծում է անհրաժեշտ»:

Անցյալ տարվա հուլիսին տեղանք այցելած վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ պետությունն արդեն բավական միջոցներ է ծախսել, որպեսզի վտանգավոր հետևանքները վերացվեն և չեզոքացվեն:

«Համոզված եմ, որ այնպիսի լուծումներ ենք տալու, որ այս խնդիրը վերջնականապես լուծվի, և բոլորս վստահ լինենք, որ այլևս շրջակա միջավայրին որևէ վտանգ չի սպառնում»,- ասել էր վարչապետը։

Սակայն մասնագետները հավատացնում են, որ թեև կատարված աշխատանքները կարևոր են, սակայն բավարար չեն վտանգը վերացնելու համար, և որ իրավիճակը փրկելու համար հիմնական խնդիրը պետք է ամբողջովին լուծվի:

Թեև կառավարությունը հարցը լուծելու համար 32 մլն դրամ է հատկացրել գերեզմանոցի անվտանգությունը վերականգնելու նպատակով, այնուամենայնիվ բնապահպանները պնդում են, որ աշխատանքները պատշաճ մակարդակով չեն կատարվել, իսկ վտանգը ձմռան ձնհալի և գարնան անձրևների հետ է´լ ավելի է ահագնանում, քանի որ թունաքիմիկատների գերեզմանոցը գտնվում է սողանքային գոտում:

«Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վերականգնման աշխատանքները կատարվել են ոչ պատշաճ մակարդակով»,- «Մեդիալաբին» ասում է «Էկոլուր» ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը:

Ինգա Զարաֆյանն ասում է, որ իրավիճակը չափազանց դժվարին է և անորոշ: Նա համեմատում է թունաքիմիկատների գերեզմանոցը 600 տոննայանոց ռումբի հետ, որի դեմ պատկան մարմինները ոչինչ չեն ուզում ձեռնարկել:

«Ամեն մի ուշացած օրը մեծացնում է վտանգը»,- «Մեդիալաբին» ասում է նա` նշելով, որ տասը տարի շարունակվող բնապահպանների ահազանգերին ուշադրություն դարձրեցին, երբ իրավիճակը դարձավ աղետալի: – Փողը ստացան, հարցը ժամանակավոր լուծեցին և մի կողմ քաշվեցին»:

Նա ասում է, որ հարցին պետք է շուտափույթ լուծում տրվի, և լիկվիդացվեն թունաքիմիկատները, քանի որ սողանքային գոտում գտնվելով` դրանք կարող են վարակել դեպի մայրաքաղաք հոսող ջրերը:

Անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը Լեհաստան կատարած այցից հետո հայտարարել էր, թե հարցին լուծում է տրվելու:

Ըստ ԱԱԽ տարածած հաղորդագրության` Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիրը նախատեսվում է լուծել Լեհաստանի «Էկոտեխ» ընկերության հետ համատեղ, որը խոշորագույնն է Եվրամիության տարածքում վտանգավոր նյութերի վերամշակման, թունաքիմիկատների և պեստիցիդների ոչնչացման ոլորտում: Սակայն բնապահպաններն առանձնապես լավատես չեն և սպասելիքներ չունեն:

«Մեզ չեն հետաքրքրում համաձայնագրերը, պայմանավորվածությունները, քանի որ փաստը մնում է փաստ, որ հարցը տարիներ շարունակ ձեռքից ձեռք է անցնում առանց լուծման,- ասում է Զարաֆյանը: – Եվ նույնն էլ այս դեպքում` հստակ չէ` ի՞նչ է անելու «Էկոտեխը», մեզ հետ ոչ մի քննարկում չի եղել, ե՞րբ է անելու, իսկ ամեն օրն այս դեպքում հաշիվ է»:

Բնապահպանները պնդում են, որ թունաքիմիկատների գերեզմանոցից կրկին սկսել է հոտ գալ, իսկ ճաքերն է´լ ավելի են մեծացել, քանի որ սողանքային գոտի է:

«Գերեզմանոցը ծածկել են հողի հաստ շերտով` հույս ունենալով, թե թունաքիմիկատների զանգվածը չի շարժվի: Սակայն ծանրությունից կողքի ճաքերն է´լ ավելի են լայնացել, մեծացել, և քանի որ գերեզմանոցը գտնվում է սողանքային գոտում, հոսքն ավելացել է,- ասում է Լիլիկ Սիմոնյանը: – Իրավիճակը կարող է ուղղակի աղետալի լինել»:

Սիմոնյանն ասում է, որ ճնշման տակ թունաքիմիկատների թումբն առաջ է գնում, և չի բացառվում, որ կարող է փլվել և աղետի վերածվել շրջակա միջավայրի համար: Նա նաև նշում է, որ ճաքերի և սողանքների առկայության դեպքում ծայրահեղ վտանգավոր են ձնհալի, անձրևի հետևանքները, որ թունաքիմիկատները կարող են ճաքերով, ջրի միջոցով կողքի բնակավայրեր անցնել:

«Վտանգն իրապես մեծ է, և պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն»,- ասում է Լիլիկ Սիմոնյանը:

Մարի Ներսեսյան

© Medialab.am