Եթե Իրանը «Զանգեզուրի միջանցքի» մասով դիրքորոշումը փոխեր, Ադրբեջանը կսեղմեր Իրանի մեկնած բարեկամական ձեռքը. իրանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը

– Տիկի՛ն Վարդանյան, Իրան-Ադրբեջան հարաբերություններում ի՞նչ փոփոխություններ գրանցվեցին՝ օրերս Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի Ադրբեջան կատարած այցից հետո։

– Շատ փոփոխությունների մասին այս պահին չենք կարող խոսել, դեռ պետք է մի փոքր էլ սպասենք, հասկանանք՝ այս այցից հետո արդյոք այլ փոխայցեր, հեռախոսազանգեր երկու երկրների պաշտոնյաների միջև և, որ ամենակարևորն է՝ Ադրբեջանի դեսպանատան վերաբացում կլինեն՞, թե՞ չէ, որովհետև ադրբեջանական կողմն ինքը չի շտապում հայտարարել դեսպանատան վերաբացման մասին, թեև Իրանից անընդհատ պնդում են, խոսում են, որ պետք է այն վերաբացվի։ 

Հայտարարեցին նաև, որ գործի քննությունն ավարտել են, և շուտով նաև հարձակվողը պատժի կարժանանա, բայց ադրբեջանական կողմն ընդհանուր գործը դեռ ձգձգում է: Հենց Իրանից էլ հայտարարեցին, որ սպասում են ադրբեջանական կողմի վերջնական արձագանքին, որ միասին ամբողջապես գործն ավարտեն։ Այսինքն՝ քանի դեռ ադրբեջանական կողմից չկա հարաբերություններում ինչ-որ փոփոխությունների հասնելու այդ կամքը, միայն իրանական կողմի ջանքերը բավարար չեն:

Ակնբախ է, որ վերջին շրջանում հենց իրանական կողմն է ջանքեր գործադրում այդ հարաբերությունները կարգավորելու համար․ թե՛ արտգործնախարարների միջև տեղի եղած հեռախոսազանգերն է իրանական կողմը նախաձեռնել, թե՛ մշտապես համագործակցությանը միտված, հարաբերությունները կարգավորելու կոչով հանդես է եկել հենց իրանական կողմը, ոչ թե Ադրբեջանը, որը, ընդհակառակը՝ սրում է հարաբերությունները։ Հետևաբար, եթե ամփոփելու լինենք՝ միայն Աբդոլլահիանի այցը բավարար չէ հարաբերություններում լուրջ փոփոխությունների հասնելու համար, պետք է սպասել հետագա զարգացումների։

– Ինչո՞ւ է հենց իրանական կողմը շահագրգիռ, որ հարաբերությունները կարգավորվեն։

– Իրանն առհասարակ սահմանել է «հարևանության քաղաքականություն» կոչվածն իր համար, որը ենթադրում է բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններ, ու այս քաղաքականության շրջանակներում Իրանը, բնականաբար, նաև լավ հարաբերություններ է ցանկանում Ադրբեջանի հետ: Բացի այս, Իրանը սա դիտարկում է սպառնալիքները չեզոքացնելու միջոց։ 

Իրանը փորձում է Ադրբեջանին հնարավորինս մոտ ու համագործակցային մթնոլորտում պահել, որպեսզի Ադրբեջանը լիովին չվերածվի հակաիրանական հարթակի, քանի որ նաև վերջին շրջանում նկատում ենք, որ Իսրայել-Ադրբեջան հարաբերություններն են նոր փուլ թևակոխել, հետևաբար Իրանը պարզապես չի կարող բաց թողնել Ադրբեջանին ու «նվիրել» Իսրայելին կամ իր մյուս հակառակորդներին, այլ պետք է փորձի հնարավորինս դրական հարաբերություններ ունենալ՝ հնարավոր սպառնալիքները չեզոքացնելու համար։

– Իսկ Ադրբեջանը, պատկերավոր ասած, Իրանի մեկնած այդ ձեռքը կընդունի՞, թե՞ ոչ, տիկի՛ն Վարդանյան։

– Ադրբեջանը, կարծում եմ, իր առջև խնդիր է դրել հասնել Իրանի դիրքորոշման փոփոխության «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի վարած քաղաքականությունը հենց դրա մասին է խոսում ու վկայում։ Այս պահի դրությամբ, սակայն, մենք նկատում ենք, որ Իրանն իր դիրքորոշումը չի փոխել ու շարունակում է հաստատակամորեն պնդել, որ հայ-իրանական սահմանը պետք է անփոփոխ մնա, ու առհասարակ սահմանների խախտում չպետք է լինի։ Հետևաբար, այսօր Ադրբեջանը լիարժեքորեն չի ընդունում Իրանի մեկնած բարեկամության ձեռքը։ 

Պետք է նաև նկատենք, որ Իրանի հետ հարաբերություններում Ադրբեջանն արդեն իսկ հատել է բոլոր կարմիր գծերը՝ Իրանի դեմ տարատեսակ քարոզչություն տանելով։ Եթե անգամ հարաբերությունները որոշակի փուլում կարգավորվեն ու վերադառնան բնականոն հուն, միևնույն է՝ Ադրբեջանը Իրանի հետ հարաբերությունները շարունակելու է այդ կարմիր գծերն անցած վիճակում, ու գալու է մի պահ, երբ էլի լարվածություն կլինի այս երկրների միջև, որովհետև այն քաղաքականությունը ու այն շահերը, որոնք այսօր տարածաշրջանում հետապնդում են Իրանն ու Ադրբեջանը, հակասում են միմյանց, հետևաբար նման վայրիվերումներ նրանց հարաբերություններում միշտ են լինելու, առհասարակ հենց Իրան-Ադրբեջան հարաբերություններն ի սկզբանե եղել են այսպիսին, երբ ստեղծվեց Ադրբեջան պետությունը։

– Եթե Իրանը «Զանգեզուրի միջանցքի» մասով դիրքորոշումը փոխեր, Ադրբեջանը կսեղմե՞ր Իրանի մեկնած բարեկամական ձեռքը։

– Կարծում եմ՝ այո՛, Ադրբեջանի լարվածության առաջնային պատճառը «Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանի դիրքորոշումն է, ու նրանք ձգտում են այդ դիրքորոշումը փոխել։ Եթե դիտարկենք, նախկինում էլ նրանց հարաբերությունները խնդրահարույց էին, բայց փուլեր են եղել, երբ ընդհանուր առմամբ դրական մթնոլորտ է եղել, խոսել են եղբայրական հարաբերությունների մասին, անգամ եղել է փուլ, երբ Ադրբեջանը հայտարարել է, որ Իրանը պատերազմում իրենց աջակցել է և այլն, բայց հենց առաջ է գալիս «Զանգեզուրի միջանցքի» հարցը, ամեն ինչ փոխվում է, ու Ադրբեջանը լիովին այլ քաղաքականություն է վարում Իրանի նկատմամբ։ Բայց նորից եմ ասում, որ եթե անգամ չլիներ այս խնդիրը, նրանք ունեն բավական խնդիրներ, որոնք վաղ թե ուշ լարվածության էին հանգեցնելու։ 

– Բացառո՞ւմ եք, որ հնարավոր է մի իրավիճակ ստեղծվի, որ Իրանն այդ հարցում իր դիրքորոշումը փոխի։

– Իրականում ոչինչ բացառել չենք կարող, ի վերջո, այո՛, կարող է ստեղծվել այնպիսի մի իրավիճակ, որում Ադրբեջանն ու Թուրքիան հաջողության կհասնեն Իրանին համոզելու հարցում։ Դա արդեն կախված կլինի նրանից, թե տարածաշրջանային ու համաշխարհային ի՛նչ իրավիճակ կլինի, Իրանի ներսում ի՛նչ վիճակ կլինի, որի հետևանքով, օրինակ՝ Իրանը ստիպված կլինի դիրքորոշում փոխել, կամ Ադրբեջանն ու Թուրքիան ի՛նչ կխոստանանն Իրանին։ Այսինքն՝ սա սցենար է, որը պետք է դիտարկել, ու այստեղ շատ բան կախված է լինելու նաև հենց Հայաստանի դիրքորոշումից․ արդյոք դա կլինի կրավորակա՞ն, թե՞ ոչ, Հայաստանն ի՛նչ կանի այդ «միջանցքը» թույլ չտալու համար և այլն։ Բայց, կրկնում եմ, որ Իրանի սկզբունքային դիրքորոշումն այդ մասով այսօր շարունակում է անփոփոխ մնալ։

– Հայաստանն այսօր քայլեր անո՞ւմ է Իրանի հետ հարաբերություններն ավելի սերտացնելու համար, թե՞ դրանք նույնն են, ինչ, ասենք՝ մեկ տարի առաջ։

– Առհասարակ, Արցախյան վերջին պատերազմից հետ հայ-իրանական հարաբերություններում բավականին մեծ դինամիկա կար, բավականին հաճախակի սկսեցին փոխայցեր լինել, տարատեսակ ծրագրերի մասին սկսեցին խոսել, բայց կոնկրետ այս տարի կա որոշակի պասիվություն թե՛ փոխայցերի, թե՛ նախագծային ինչ-որ զարգացումների տեսքով։ Այսինքն՝ պատերազմից հետո ընդհանուր մթնոլորտը բավականին դրական էր, բայց հիմա կա պասիվություն, որը, գուցե, պայմանավորված է երկու կողմերում տարբեր խնդիրների վրա կենտրոնացմամբ կամ այլ հարցերով, չեմ կարող ասել։ 

2021 թվականին հայտարարվել էին տարբեր տեսակի նախագծերի մասին, որոնցից մեկն այն էր, որ այս տարի փետրվարին Երևանում նախատեսվում էր բացել Իրանի առևտրի կենտրոնը, բայց մինչև հիմա չի բացվել։ Վերջին հյուպատոսության բացումից հետո ակտիվությունն ինչ-որ առումով թուլացել է։ Սա կարող է պայմանավորված լինել նաև նրանով, որ, օրինակ՝ Ադրբեջանի հետ այդ լարված հարաբերությունների ֆոնին գուցե իրանական կողմը չի ցանկանում հայկական կողմի հետ անընդհատ փոխայցերով ու ծրագրերի իրականացմամբ ավելի լարել Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Առաջիկայում տեսնենք՝ փոփոխություններ կլինե՞ն, թե՞ ոչ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am