Ինչ էր անում մի քանի օր Զաքիր Հասանովը Արցախի գրավյալ Քարվաճառում ու Քաշաթաղում․ Factor.am

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մի քանի օր է, ինչ գտնվում էր Արցախի գրավյալ տարածքներում, գրում է Factor.am-ը։

Տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը, պարբերաբար նրա այցերի մասին տեղեկատվություն են հաղորդում։ Հատկանշանական է, որ Հասանովի այցելության հիմնական կանգառներն Արցախի գրավյալ Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններն են։ Ըստ երևույթին, սա պայմանավորված է նրանով, որ ադրբեջանական կողմը զորամասերի ու ենթակառուցվածքների կառուցման ակտիվ աշխատանքներ է տանում հենց այս շրջաններում։

Ի դեպ հետաքրքիր այն է, որ Արցախի գրավյալ տարածքներ այցելության նախօրեին Ադրբեջանի պաշպանության նախարարը օգոստոսի 2-ին Կենտրոնական հրամանատարական կետում ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են պաշտպանության նախարարի տեղակալները, տարբեր զորքերի հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությունների, վարչությունների ու ծառայությունների պետերը, ինչպես նաև տեսակապով՝ Արցախի գրավյալ տարածքներում տեղակայված զորամիավորումների և միավորումների հրամանատարներն ու պաշտոնատար այլ անձինք։ Հասանովն իր այցը սկսել էր մի շարք նորաբաց զորամասեր այցով, որոնց գտնվելու կոնկրետ վայրերը, բնականաբար, չեն նշվում։

Այնուհետ նա այցելել է Քարավաճառ, որտեղ ծանոթացել է նոր կառուցվող ուսումնական զորավարժարանի շինաշխատանքներին։ Բացի այդ Հասանովը եղել է նաև Քարվաճառում տեղակայված զորամասերում։ Ադբեջանի ՊՆ հաղորդագության համաձայն՝ Հասանովը « Հայաստանի ԶՈՒ-ի ստորաբաժանումների դիմաց ՝3000 մետր բարձրության վրա գտնվող դիրքերում հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ»։
Քարվաճառում ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Հասանովը այցելել է նաև վերանորոգված զինվորական հոսպիտալ։ Արցախի գրավյալ Քաշաթաղի (Լաչինի) շրջանում ևս ադրբեջանցի նախարարը այցելել է զինվորական բժշկական կենտրոն։