«Հայկական կողմը չունի ձևակերպված կարմիր գծեր, ու դա գիտեն և՛ դաշնակիցները, և՛ հակառակորդները». Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը

Տիկի՛ն Հայրապետյան, սահմանազատման ու սահմանագծման հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին հանդիպումից հետո ի՞նչ տրամադրություններ կան ադրբեջանական տարբեր հարթակներում:

– Պետք է նշեմ, որ բացի տեղեկատվության հրապարակումից, այդ թեմային այլ անդրադարձ չի եղել, որովհետև իրենց մոտ այս օրերին Թուրքիայի նախագահի փեսան՝ Սելջուկ Բայրաքթարն է, որն ակտիվ ելույթներ ու այցեր է ունենում, այսօր եղել է նաև օկուպացված Շուշիում, ադրբեջանական ողջ մեդիան ուշադրությունն ուղղել է այդ կողմ, ու նաև Կարսում Հեյդար Ալիևի անունով անցկացվող զորավարժություններն են ուշադրության կենտրոնում:

Բայց վստահ եմ, որ ադրբեջանցիներին դուր չի եկել փաստը, որ այդ հանձնաժողովի հաջորդ հանդիպումը պետք է տեղի ունենա Ռուսաստանում:

– Իսկ ինչո՞վ եք բացատրում, որ բրյուսելյան վերջին հանդիպումից հետո հայկական կողմին վերադարձվեց ընդամենը մեկ ռազմագերի, ինչի՞ մասին է սա խոսում:

– Կարծում եմ, որ այնքան վատ են մեր կողմից իրականացվում այդ բանակցությունները, այնքան անկազմակերպ ու չհաշվարկված, որ այս արդյունքն ենք ունենում:

Հասկացանք՝ հարցը հումանիտար է, բայց երբ Ադրբեջանն այն ակնհայտորեն քաղաքականացնում է, դու պետք է կարողանաս այդ հարցը հնարավորինս այլ ձևով լուծել, որովհետև խոսքը մարդկային կյանքերի մասին է:

Մեկ այլ վտանգավոր երևույթ ևս, որին իհարկե իրավապաշտպաններն արձագանքեցին՝ ռազմագերիների թվի հետ կապված: Մարդիկ, որոնք զբաղվում են այս հարցով, նշում են, որ այդ թիվն ավելի մեծ է, իսկ վարչապետը 39 մարդու մասին է ասում, սա ևս մեր սխալների հետևանքն է:

Իսկ ինչո՞ւ «ռազմագերի» բառը չմտավ Շառլ Միշելի այդ հայտարարության մեջ, որովհետև Ադրբեջանը հայտարարում է, որ ինքն այլևս ռազմագերի չունի, ու այդ բառը դուրս է գալիս շրջանառությունից, այսինքն՝ ինքնին դուրս է գալիս այդ հարցը: Միջազգային հարթակներում այդ մասով հնարավոր հետագա բանաձևերը, Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու հնարավորությունները՝ այս ամենը պետք է նկատի ունենալ բանակցելիս, որովհետև յուրաքանչյուր բառ նշանակություն ու ազդեցություն է ունենում հետագա գործընթացների վրա:

Այսինքն՝ արդյունավետ չե՞ք համարում հայկական կողմից տարվող բանակցությունները:

– Ի՞նչն է արդյունավետ, արդյունավետ որևէ ձեռքբերում հայկական կողմը չունի, միայն հետքայլեր են: Դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցում հետքայլ արեցին վերջնականապես, որովհետև փաստացի սկսել են բանակցել, իսկ ադրբեջանական զորքերն այդպես էլ մնացին մեր տարածքում: Արցախի հիմնահարցում հաշված օրերի ընթացքում որոշեց, որ նշաձող է իջեցնում, մեկ ամիս հետո գնում, բանակցում է, որից հետո հայտարարություն է հրապարակվում այնպիսի ձևակերպումներով, որոնք բացառապես ադրբեջանական շահերն են արտացոլում:

Ինչ վերաբերում է տնտեսական հնարավորություններին, կոմունիկացիաների բացմանը, այստեղ ևս բազմաթիվ հարցեր կան: Փաշինյանը որևէ բանի տակ չի ստորագրում, բայց ակնհայտ է, որ իր բանակցությունները կոնկրետ բաներին են վերաբերում, ու մենք չենք հասկանում՝ կուլիսների հետևում ի՞նչ է կատարվում, ու այն ամբողջ խաբկանքը, որ շարունակում է ժողովրդի աչքերին փչվել, որ երբեք ժողովրդի թիկունքում որևէ բան չի բանակցվի, մինչդեռ նոյեմբերի 9-ից հետո ականատես ենք եղել բանավոր համաձայնությամբ մեր տարածքային զիջումներին ու բազմաթիվ այլ պայմանավորվածությունների, որոնց հանրությունը գերազանցապես անտեղյակ է եղել: Այսինքն՝ ակնհայտ է, որ այդ քաղաքականությունը կատարյալ սուտ է, ու գործընթացներն ամբողջությամբ ընթանում են կուլիսների հետևում:

– Տիկի՛ն Հայրապետյան, Շառլ Միշելի հայտարարությունը հաշվի առնելով՝ որոշ վերլուծաբաններ ասացին, թե կոմունիկացիաների բացման վերաբերյալ հատվածը Հայաստանի համար շահավետ է, որովհետև, ըստ այդ մարդկանց, ակնհայտ է, որ այսպես կոչված միջանցքի թեման փակված է: Դուք և՞ս այդ տպավորությունն եք ստացել, արդյոք Ադրբեջանն ու Թուրքիան հրաժարվե՞լ են այդ միջանցքային տրամաբանությունից:

– Ակնհայտ է, որ խոսվում է կարգավորումների մասին, բայց չգիտեմ, թե ինչ կարգավորումների մասին է խոսքը, այսինքն՝ բառի բացակայությունը դեռ հիմքեր չի տալիս, որ հստակ պարզ լինի, թե ինչ կարգավորումներ նկատի ունեն: Դրանից զատ՝ գիտեմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն հրաժարվել իրենց նպատակներից: Այդ օրերին, երբ հանդիպումներ էին ընթանում Բրյուսելում, նրանց համատեղ զորավարժությունները շարունակվում էին, այսինքն՝ իրենք դիվանագիտական ճանապարհին զուգահեռ ունեն նաև խնդրի լուծման ռազմական պլան, ու դա պետք է հաշվի առնել:

Ասել, որ այդ հարցը փակված է, իհարկե այդպես չէ: Ադրբեջանն այլ քաղաքականություն է որդեգրել, ինքը մաս-մաս է հասնում խնդիրների լուծմանը, որովհետև հասկացել է, որ ճնշելով կարողանում է հարցեր լուծել, հայկական կողմն էլ չունի ձևակերպված կարմիր գծեր, ու դա գիտեն և՛ դաշնակիցները, և՛ հակառակորդները, ինչը բազմաթիվ խնդիրներ է ստեղծում մեր պետության համար:

– Զրույցի սկզբում ասացիք, որ վստահ եք, թե Ադրբեջանին դուր չի եկել, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին միտված հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Ռուսաստանում: Կարո՞ղ ենք ասել, որ ադրբեջանական կողմի համար ցանկալի միջնորդը Եվրամիությունն է:

– Ես տեսնում եմ, որ Ադրբեջանում հակառուսական տրամադրություններն ավելի են խորանում, ու, բնականաբար, իրենք տեսնում են, որ բրյուսելյան ձևաչափով հասնում են իրենց համար շահավետ ձևակերպումների ու կարողանում են այդ հանգամանքն օգտագործել, իսկ Ռուսաստանից եկող ուղերձները փոքր-ինչ տարբեր են, բնականաբար, դրանք էլ բխում են Ռուսաստանի շահերից:

Ռուսներն ավելի զգուշավոր են, հիմնականում խոսում են հարաբերությունների կարգավորման, այլ ոչ թե կոնկրետ պայմանագրի մասին, մի քանի անգամ ռուս դիվանագետները, արտգործնախարար Լավրովն ասել է, որ չի կարելի դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը կապել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ, այսինքն՝ իրենք փորձում են Արցախը հիմնականում պահել իրենց ազդեցության տակ՝ հասկանալի պատճառներով:

Եվրոպական միջնորդության գերնպատակը, իհարկե, իրենց շահերն են, այն է՝ էականորեն նվազեցնել Ռուսաստանի դերակատարումը տարածաշրջանում: Այս ամենը ցույց է տալիս, որ միջնորդներն ունեն իրենց հստակ շահերն ու նպատակները: Հիմա մենք պետք է հասկանանք, թե բանակցային այդ տարբեր սեղաններից ինչպես պետք է օգտվել, որ արդյունքը հօգուտ մեզ լինի: Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը շատ լավ օգտվում է այդ սեղաններից:

– Տիկի՛ն Հայրապետյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասաց, որ արցախյան հակամարտության ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը չպետք է միասին դիտարկել, դրանք առանձին հարցեր են: Ադրբեջանական կո՞ղմը ևս այսկերպ է մտածում:

– Ադրբեջանը դելիմիտացիայով ու դեմարկացիայով առաջնահերթ ուզում է հասնել նրան, որ Հայաստանը ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս: Ես տեսնում եմ, որ այն, ինչ Փաշինյանը բանակցում է Արցախի մասով, բացի վնասից, որևէ օգուտ չի բերում, այսինքն՝ եթե առաջ քննադատություն կար, թե ինչո՞ւ Բրյուսելից հետո չկա «Լեռնային Ղարաբաղ ու հակամարտություն» բառերը, հիմա խնդրահարույց է այն ձևակերպումը, որով դա հայտնվել է՝ «Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքներ» շատ վտանգավոր ու անհաջող ձևակերպմամբ:

Ինչ վերաբերում է հարցերն առանձնացնելուն. ուզում ենք հրաժարվել խնդրի խորքային էությունը հասկանալուց, հրաժարվել հիշել, թե 88-ի փետրվարին Սումգայիթում ինչ է տեղի ունեցել, թե ինչպես էր Արցախը կանգնած բնաջնջման առաջ, այսինքն՝ այդ ամբողջը մի կողմ դնել ու ասել, ինչպես հայտնի մուլտֆիլմում էր ասվում՝ «երեխանե՛ր, եկեք համերաշխ ապրենք»:

Այդպես չի լինում, այդպես հարց չի լուծվում: Ամբողջությամբ մի կողմ է դրվում այն վտանգավոր ռասիստական քաղաքականությունը, որը պետական մակարդակով տարվում է Ադրբեջանում:

Բնականաբար, հասկանում եմ այն ճնշումը, որը կա Հայաստանի վրա, բայց նաև ընդգծում եմ, որ տեսանելի են հնարավորությունները, որոնք օր օրի բաց են թողնվում մեր կողմից՝ մեզ ավելի բարդ վիճակում դնելով: Մեր կողմից չեն հնչում ձևակերպված շահ, հստակ կարմիր գծեր, երբ քո բոլոր գործընկերներին, միջնորդներին ասես՝ գիտես, ես ունեմ հետևյալ կարևոր կետերը, որոնք երբեք չեմ անի ու ավելի շուտ հրաժարական կտամ, որքան էլ ճնշում գործադրեք, այդ պարագայում կողմերն իրենց հաշվարկն անում են:

Իսկ այն վտանգավոր մանիպուլյացիաները՝ Մադրիդյան սկզբունքներ, նախկիններ, որոնք Փաշինյանն անում է բանակցային գործընթացի վերաբերյալ, իմ մեջ տպավորություն է ստեղծում, որ փորձում է իր համար ալիբի ապահովել, ընդամենը: Այս էժանագին մանիպուլյացիաները միայն վնասում են պետությանը, ուրիշ ոչինչ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am