«Նկարելու ընթացքում էլ նորից վերապրում եմ ամեն ինչ». պատերազմը գեղանկարիչ Արծիվ Լալայանից խլել է իրականության հանդեպ հավատը

Արցախյան երկու պատերազմները հադրութցի նկարիչ Արծիվ Լալայանից խլեցին ամեն ինչ՝ երկու եղբայրներին, հայրենի Հադրութը, այնտեղ գտնվող տունը, այգին, 30 տարվա ստեղծագործական կյանքն ու իրականության հանդեպ հավատը։

50-ամյա Արծիվն ասում է՝ այսօր էլ ամենափոքր հնարավորության դեպքում պատրաստ է զենքը ձեռքն առնել ու հետ բերել սիրելի Հադրութը, որից այսօր միայն քաղցր հիշողություններ և մի քանի լուսանկարներ են մնացել։

«Մենք արմատներով Հադրութի Մեծ Թաղեր գյուղից ենք, չորս եղբայր էինք, մեծ եղբայրս՝ Խաչոն, զոհվեց առաջին կռվում՝ 1993 թվականին, փոքր եղբայրս՝ Վահրամը՝ Արցախյան վերջին կռվում՝ 2020 թվականին։

Առաջին կռվից ես ու Վահրամը վիրավորումով դուրս եկանք, ես ոտքից վիրավորվեցի, Վահրամն էլ, որ էդ ժամանակ դեռ 17 տարեկան էր, գլխի մի քանի ծանր վիրահատություններ տարավ, որոնցից հետո հաշմանդամություն ձեռք բերեց ու էդքանից հետո ձեռքերիս մեջ մահացավ էս վերջին կռվում»,- ասում է Արծիվը։

Հիշում է՝ հոկտեմբերի 22-ն էր՝ Մեծ Թաղերից դուրս գալու իրենց վերջին օրը։ Վահրամի հետ կանգնած էին իրենց տան բակում, երբ կրակոցների ձայներ լսեցին: Թշնամին մոտենում էր, իսկ կրակոցները կարծես անձրևի պես էին՝ վերջ չունեին։

«Որ ձայները լսեցինք, Վահրամը մնաց դրսում՝ մեքենայի մոտ, իսկ ես արագ մտա տուն՝ իմ ու կնոջս նկարները հավաքելու։ Ես արդեն նկարներն էի հավաքում, մեկ էլ դրսից Վահրամի ձայնը լսեցի, ասեց՝ վիրավորվեցի»,- նշում է Արծիվն ու հավելում՝ տնից արագ դուրս գալով՝ տեսնում է մեքենայի դիմաց ընկած եղբորը, որն արյունաքամ էր լինում։

«Ոտքի գլխավոր երակն էր կտրվել, արյունը ջրափոսի պես էր լցվում, հնարավոր չէր ոչ կապել, ոչ էլ կանգնացնել։ Էդպես մի քանի րոպե Վահրամը ձեռքերիս մեջ էր, բայց հետո գիտակցությունը կորցրեց, ու ես էդ պահին հասկացա, որ ախպերս մահացավ։

Էդ գնդակների տակ փորձում էի Վահրամի մարմինը դնել մեքենայի մեջ, դրանք էլ ընթացքում խփում էին, հա խփում, մյուս կողմից էլ ես էի կրակում։ Հետո ստիպված զանգեցի մեծ ախպորս, ասեցի՝ Վահրամը վիրավորվել ա, արի՛։ Մինչև Գառնիկը կգար, ես Վահրամի մարմինը մի կերպ դրեցի մեքենայի մեջ»։

Եղբայրները մի քանի ժամ սպասում են, որպեսզի կարողանան դուրս գալ՝ իրենց հետ տանելով նաև զոհված եղբոր մարմինը։ Գյուղից դուրս գալու ճանապարհը, սակայն, միայն մեկն էր, իսկ թշնամին անդադար կրակում էր, ուստի հնարավոր չէր մեքենայով դուրս գալ, պետք էր ոտքով ինչ-որ կերպ հեռանալ։

«Նռնականետներով մեր տան վրա էին խփում, մենք էլ էինք կրակում, որ ցույց տայինք՝ մեզ մոտ էլ զենք կա։ Հետո արդեն ես ու ախպերս տների արանքներով, արահետներով մի կերպ դուրս եկանք, իսկ Վահրամի մարմինը ստիպված թողեցինք մեքենայի մեջ»,- ասում է Արծիվը։

Մի քանի օրից Լալայան եղբայրները կրկին վերդառնում են գյուղ՝ Վահրամի մարմինը տանելու։ Ադրբեջանական խմբավորումներին շրջանցելով՝ իրենց ծանոթ անտառներով, մի կերպ հասնում են տուն, սակայն մեքենան տեղում էր, իսկ մարմինը՝ ոչ։

«Տանը մարդ չկար, ամեն ինչ տակնուվրա էր արած, նկարների մի մասը տարած էր, մյուս մասն էլ թափած էր գետնին։ Մեքենան լրիվ դատարկել էին, որ քշեին, տանեին, բայց չէին կարողացել, որովհետև բանալին մեջը չէր։

Մարմինն էլ ման եկանք, ման եկանք, բայց չգտանք, հետո մտածեցինք՝ կարող ա տան հետևի ձորն են գցել, գնացինք, նայեցինք, բայց էնտեղ էլ չէր։ Հետ դարձանք տուն, մի երկու հատ մեր ֆոտոներից վերցրի, իմ մեղուների բնական մեղրից, Արշիլ Գորկու գիրքս, ուսապարկս, ու թողեցինք, հելանք»,- հիշում է Արծիվը։

Պատերազմի ավարտից միայն մեկուկես ամիս անց են սկսվում որոնողական աշխատանքները Մեծ Թաղերում, և վերակենդանանում են նաև Վահրամի մարմինը գտնելու հույսերը։

«Որպես տեղանքին լավ ծանոթ մարդ՝ ես սկսեցի մասնակցել նաև որոնողական աշխատանքներին։ Առաջից ես էի գնում՝ հետս մի ադրբեջանցի աֆիցեր, մեր հետևից՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներն ու ռուս խաղաղապահները։

Ախպորս մարմինը մեր մեքենայի դիմացից գտանք՝ առանց ձեռքերի, վատ վիճակում։ Դե ոնց էլ չլիներ՝ էդքան ժամանակ դրսում էր մնացել, կարող ա գիշատիչներն էլ էին այլանդակել մարմինը։ Բացի Վահրամի մարմնից, գտանք նաև 3 ժամկետայինների ու Մեծ Թաղերի 2 սպանված բնակիչների»,- ասում է Արծիվն ու հավելում՝ մոտ մեկ ամիս մնաց Ստեփանակերտում՝ փրկարարական աշխատանքներին օգնելու համար։

«Էդ ընթացքում մնում էի ընկերոջս տանը ու ամեն գիշեր արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների հետ գնում էի մարմիններ որոնելու։ Երեկոները հանդիպում էինք ծնողների հետ։

Ով իմանում էր, որ էդ օրը իրա տղու կռված ուղղությամբ էինք գնում, ուրախանում էր, ով էլ հակառակն էր իմանում, հուսահատվում էր, ու տենց մոտ մեկ ամիս»։

Պատերազմից հետո Լալայանները սկզբում բնակություն են հաստատել Երևանում գտնվող հանրակացարաններից մեկում, ապա մարտ ամսին տեղափոխվել քաղաքի կենտրոնում գտնվող «Ռայ» սրճարան, իսկ ավելի ուշ, պետության կողմից երկսենյականոց բնակարան ստանալով, տեղափոխվել Ստեփանակերտ։

Լալայաններն այսօր կարոտով են հիշում սիրելի Հադրութն ու հարազատ Մեծ Թաղերը, իսկ այնտեղ իրենց ապրածն ու տեսածը փորձում են արտահայտել նկարելու միջոցով, երբեմն էլ վերականգնում են այն նկարները, որոնք այնքան արժեքավոր և թանկ էին իրենց համար։

«Մենք Հադրութի սրբերը շատ էինք նկարում, էնտեղի բնությունը, ժայռերը։ Լավ ա, որ գոնե մեր նկարները պահպանում էինք Ֆեյսբուքում, թե չէ ընդհանրապես ոչ մի նկար չէինք ունենա։ Էսօր շատ աշխատանքներ եմ ստեղծում հենց պատերազմի թեմայով, նկարելու ընթացքում էլ նորից վերապրում եմ ամեն ինչ»,- ասում է Արծիվը։

Լալայան ընտանիքն ունի 5 զավակ՝ 3 որդի և 2 դուստր։ Միջնեկ որդին՝ Խաչատուրը, կրում է Արցախյան առաջին պատերազմում զոհված հորեղբոր անունը, իսկ ամենափոքր զավակը՝ Վէմը, որ վերջերս է մեկ տարին բոլորել, անվանակոչվել է ի պատիվ փոքր հորեղբոր՝ Վահրամի:

«Վահրամն աստվածաբան էր, նարեկաբան, գիտությունների թեկնածու, ղեկավարում էր Արցախի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի պատմության ամբիոնը։ Աստվածաբանական տեսանկյունից եթե նայենք, «Վէմ»-ը հապավում է, վ-ն՝ վկա, է-ն՝ էություն, մ-ն էլ՝ միտք»,- ասում է Արծիվն ու հավելում՝ կեցության պայմաններից չի բողոքում, միայն մտքերն են շատ հաճախ տանջում իրեն։

«Որ մենակ եմ մնում, մտածում եմ՝ եթե էսպես անեի՝ էսպես կստացվեր, եթե էնպես անեի՝ էնպես կստացվեր։ Ասում եմ՝ ինչի՞ ես շուտ դուրս չեկա, ախպերս չէր վիրավորվի, կամ մտածում եմ՝ հոկտեմբերի 13-22-ը ազատ ժամանակ ունեի, ինչի՞ նկարներս չտարա կամ ինչի նկարներս պապկաներով չտեղափոխեցի Ստեփանակերտի ընկերներիս տուն։

Տենց անընդհատ վերլուծում եմ, ինքս ինձ ասում եմ՝ կարայիր փրկեիր մարդկանց կյանքը, նկարները, բայց, դե, ինչ կատարվել ա, կատարվել ա, պիտի առաջ նայել, զինվել ու հետ բերել կորցրածը»,- ասում է Արծիվը։

Անի Մարտիրոսյան

MediaLab.am