Վերջին օրերին Հայաստանում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում. ԱՆ

Վերջին մի քանի օրվա ընթացքում, օրական իրականացվող մշտադիտարկման արդյունքների համաձայն, հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում` թե ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության առումով, թե շտապ օգնության կանչերում։

Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ շնչառական վարակներով պացիետների 67%-ը, իսկ ստացիոնար կազմակերպություններում 90,4%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները, մասնավորապես՝ մանկահասակ:

Հանրապետության մակարդակով կրթական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով բացակայությունը չի գերազանցում 1,8%-ը, չնայած` եզակի կրթական կազմակերպություններում արձանագրվել են սուր շնչառական վարակներով բացակայության բարձր ցուցանիշներ:

Սուր շնչառական վարակներին բնորոշ երեխաների մուտքը կրթական հաստատություններ հնարավորինս բացառելու նպատակով ուժեղացվելու է «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Նշված կազմակերպություններում շարունակվում է ջերմային ռեժիմի նկատմամբ մշտադիտարկումը: Ընթացիկ տարվա փետրվարի 5-ի դրությամբ` ջերմային ռեժիմի շեղումներ արձանագրվել են 157 դպրոցում և 28 մանկապարտեզում:  Տվյալները սահմանված կարգով տրամադրվել են շահագրգիռ կառույցներին:

Ինչ վերաբերում է  հանրապետությունում շրջանառող գրիպի հարուցիչներին, ապա հարկ է նշել, որ սեզոնի ընթացքում իրականացվել է 740 նմուշի հետազոտություն, որի արդյունքում հայտնաբերվել է Ա H1N1 ենթատեսակը (18,5%), Բ տեսակը (5,5%), ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (24,7%) (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս): Այսինքն` 2019 թվականի դեկտեմբերից շարունակում են շրջանառվել գրիպի և այլ շնչառական վարակների հարուցիչները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: