Շարժման նպատակը այս իրավիճակում  ժողովրդական իշխանություն հաստատելն է. պատգամավորը՝ «Հանուն Արցախի պաշտպանության» մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը

– Տիկի՛ն Հակոբյան, «Հանուն Արցախի պաշտպանության» շարժում է հիմնվել, որին աջակցություն է հայտնել նաև ձեր կուսակցությունը։ Կմանրամասնե՞ք շարժման նպատակները։

– Այս ողջ ընթացքում, ինչ Հայաստանում մեկնարկեց «Դիմադրություն» շարժումը, Արցախում բնակվող մեր հայրենակիցներն անընդհատ մեզ պահանջներ էին ներկայացնում, որ գործուն քայլեր անենք, որովհետև այն գործառույթները, որ կատարում էր ընդդիմությունը, բավարար չէր Արցախում առկա խնդիրները լուծելու համար, որովհետև Արցախի իշխանությունները, միևնույն է, ճկված են Հայաստանի իշխանությունների ներքո և անում են այնտեղից ստացված հրամանները։ 

Այս անգամ ակտիվիստները, որոնք քաղաքական գործունեություն երբևէ չեն ծավալել, բայց շատ ակտիվ են իրենց գործունեության մեջ ու մտահոգ են, և այն չի սահմանափակվում կոչերով կամ սոցիալական ցանցերում արվող գրառումներով, կյանքի կոչեցին այդ նախաձեռնությունը։ 

Մենք ևս առաջարկեցինք մեր մասնակցությունը, բայց դա չի նշանակում, որ այս նախաձեռնությունը կուսակցական է, այն վեր է ամեն ինչից։ 

Այս նախաձեռնության գործունեությունը չի սահմանափակվելու կոչերով, երթերով, լինելու են կոնկրետ գործողություններ, որոնք պետք է ի վերջո և՛ Հայաստանի, և՛ Արցախի իշխանություններին ցույց տան, որ իշխանությունը ո՛չ Նիկոլ Փաշինյանինն է, ո՛չ Արայիկ Հարությունյանինը, իշխանությունը ժողովրդինն է, ու ժողովուրդն է որոշում՝ ինքն ինչպես պետք է ապրի, ու, ընդհանրապես, այն ղեկավարները, որոնց ժողովուրդը սխալմամբ կարգել է իրեն առաջնորդ, ինչ կերպ պետք է այդ բանակցությունները վարեն, ու ինչպիսի գործառույթներով պետք է կարողանանք փրկել մեր հայրենիքը։ 

Այս շարժման հիմքում բավականին լուրջ մարդիկ են կանգնած, նրանք հաստատակամ են, մարդիկ կան, որ անցել են երեք պատերազմների միջով, որ պատերազմների ընթացքում տվել են ամենաթանկը՝ իրենց որդիներին ու հարազատներին, ու վստահ են, որ դրանից հետո, բացի հայրենիքից, այլևս ոչինչ չունեն կորցնելու ու գնալու են մինչև վերջ։ 

Սա շարժում է, որը շատ կարճ ժամանակում ծավալվելու է ու իր պտուղները ցույց է տալու։ Վերջին օրերին տեղի ունեցողն իսկապես ապացուցեց, որ սա վերջն է, ու այն հետընթացը, որ կա, այլևս անկառավարելի է, քաղաքական լուծումները բավարար չեն։ 

– Ճի՞շտ հասկացա, որ այդ շարժման նպատակը ոչ այնքան իշխանափոխությունն է, որքան իշխանությունների որոշումների վրա ազդելը, որ որոշումներ կայացնելիս իշխանությունը հաշվի նստի նաև ժողովրդի կարծիքի հետ։

– Ցանկացած շարժում հիմքում պետք է հստակ գաղափար ունենա, և չի կարող այդ գաղափարը լինել իշխանափոխությունը, դա շատ պրիմիտիվ է, իսկ ժողովրդական ցասումը չի կարող այդքան պրիմիտիվ լինել։ 

Այս շարժման գաղափարը հենց Արցախի պաշտպանությունն է, Արցախի փրկությունը ըստ էության։ Ժողովուրդն այնքան մեծ իշխանություն ունի, որով ինքը կարողանալու է ազդի, ու իշխանությունն այլ ելք չի ունենալու, քան կատարել ժողովրդի պահանջը, և չգործել այն սխալները, որ գործում է առ այսօր, իսկ դրա ամենավառ ապացույցը, որ ակնհայտ անգործության, թուլության կամ թշնամի կողմի հետ համագործակցության հետևանքով ադրբեջանական կողմին պարզապես նվիրեցին Բերձորը, Աղավնոն, Սուսը ու Լաչինի միջանցքը։ 

Ժողովուրդը կարող է կանխել սա, ու դա չի կարող լինել ուղղակի կոչերով, պետք է լինի համաժողովրդական ցասում, որի հիմքը բավականին ամուր դրվեց։ Իմանալով, թե այս շարժման հիմքում որքան ուժեղ մարդիկ են կանգնած, ես վստահ եմ, որ հաջողելու է։ 

– Անուններ կնշե՞ք, տիկի՛ն Հակոբյան։

– Քանի որ սա կուսակցական շարժում չէ, մեր նախաձեռնությունը չէ, ճիշտ չի լինի անուններ հնչեցնեմ, վստահ եմ, որ շուտով տեսնելու ենք խմբերի հայտարարությունները, որովհետև սրանք խմբեր են, որոնք անձամբ իրար չեն էլ ճանաչում, բայց բոլորին համախմբել է Արցախի փրկության գաղափարը, շուտով ինքներդ կտեսնենք նրանց։ 

Քանի որ մենք խոսել ենք նրանց հետ, համոզվել այդ մարդկանց ազնիվ նպատակի ու մղումների մեջ, այդ պատճառով միանում ենք այդ շարժմանը։ Կրկնում եմ՝ շարժման հիմքում կանգնած մարդկանց շուտով տեսնելու եք, ու թող նրանց անուններն ինձնից դուրս չգան, որպեսզի նաև որոշ մարդիկ չփորձեն թիրախավորել, ես որպես շարքային քաղաքացի եմ միանում այդ շարժմանը, բայց հիմքում ես չեմ։

– Այսինքն՝ լիահույս եք, որ այդ շարժումը կկարողանա՞ կանխել Բերձորի ու հարակից գյուղերի հանձնումն Ադրբեջանին։ 

– Չգիտեմ՝ կկարողանա կանխել, թե ոչ, բայց ամեն դեպքում այն վտանգը, որի մասին բազմիցս ենք ասել, այս տարածքների հանձնման խորքում Արցախից մնացած պատառիկի օկուպացիան է, ու ես հիմա չգիտեմ՝ շարժումը կհասցնի՞ այդ երեք համայնքի փրկությունն ապահովել, բայց որ կհաջողի օկուպացիայից փրկել Արցախն ու, ինչու ոչ, նաև այս «խեղճ ու կրակ» իշխանություններին կստիպի, որ նոր առաջարկվող այլընտրանքային ճանապարհը ոչ թե մնա որպես երթուղի, այլ ստանա միջանցքի կարգավիճակ, որը կունենա էլի 5 կմ լայնությունը և իր մեջ նաև կներառի Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ, այսինքն՝ այս իշխանությունները գոնե այնքան բարոյականություն ունենան, որ ոչ միայն հանձնեն, այլև փոխանակում անեն, վատ բան եմ ասում, բայց գոնե անեն։ Այսինքն՝ այս շարժման նպատակը ոչ միայն այդ միջանցքի հարցին լուծում տալն է, այլ այս իրավիճակում հաստատել ժողովրդական իշխանություն։

– Տիկի՛ն Հակոբյան, Բերձորի ու հարակից գյուղերի հանձնումն ի՞նչ նոր սպառնալիքներ ու խնդիրներ կբերի Արցախի Հանրապետության համար։

– Իշխանությունները սկսել են «միջանցք» տերմինը օգտագործել, բայց քանի դեռ չկա ստորագրված փաստաթուղթ, մենք դա համարում ենք սուտ ու ժողովրդին թմրեցնող միջոց։ Վտանգը հետևյալն է, որ հանձնելով այդ տարածքները՝ նորից արձանագրվում է իշխանությունների պարտվողական քաղաքականությունը, որ թշնամին ինչ պահանջի՝ խնդիր չունի, ստանալու է, ինչը նշանակում է, որ թշնամու պահանջները էլ ավելի են շատանալու, երևի արդեն լսել եք Ալիևի պահանջը, որ «Զանգեզուրի միջանցքը պետք է տան, հակառակ դեպքում կլինի այն, ինչ եղավ Արցախի հետ», ու սա ասում էր շատ լկտի ձևով և վստահ, ինչից կարելի է եզրակացնել, որ այդ խոսակցությունը ևս կա երկու ղեկավարների միջև։ 

Հաջորդ վտանգն էլ այն է, որ այս նոր ճանապարհին, եթե չտրվի միջանցքի կարգավիճակ, միանշանակ եմ ասում, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել, ու ով ինչպես ուզում է թող մեկնաբանի իմ ասածն ու ինձ մեղադրի խուճապ առաջացնելու մեջ, բայց Արցախը հայաթափվելու է, մարդիկ էլ չեն սպասելու հաջորդ գործողություններին, չնայած այս պահին շատ ավելի հաստատակամ են պայքարելու, բայց Աստված մի արասցե, եթե դեպքերն այլ ընթացք ստանան, ու այս իշխանությունները չկատարեցին այդ պահանջը՝ այդ ճանապարհը միջանցքի կարգավիճակ չստացավ, շատ խնդիրների առաջ ենք կանգնելու։ 

Էլ չեմ խոսում այն մասին, որ այդ ճանապարհը՝ որպես այդպիսին, ունի բավականին անհարմարություններ, ու գումարած դրան, որ ամսի 25-ին ադրբեջանական կողմն անցակետն արդեն պիտի դնի Աղավնոյի մոտ, իսկ մյուս ճանապարհը դեռ պատրաստ չէ երթևեկելու համար՝ անկախ նրանից, թե ինչ կարգավիճակ ունի դեռ։ 

Ստացվում է, որ Արցախը շրջափակման մեջ է ընկնում։ Այս վտանգները բավականին լուրջ են, ու ես անգամ չեմ ուզում պատկերացնել, թե դա ինչ հետևանքներ կունենա, դրա համար այն շարժումը, որը ձևավորվել է, ուզում եմ հուսալ, որ կանգնեցնելու է այդ ահավոր գործընթացը, ու հաստատ մենք կարողանալու ենք գտնել այդ ելքերը։ 

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am