Արմեն Մովսիսյան. Մեծամորի ԱԷԿ-ում անհանգստացնող որեւէ բան չկա

Մեծամորի ատոմակայանում որեւէ անհանգստացնող բան չկա: Այդ մասին այսօր լրագրողներին ասել է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ Մեծամորի ԱԷԿ-ում մեկ շաբաթ է, ինչ ն ուսումնասիրություններ են սկսել ՄԱԳԱՏԷ-ի OSART ներկայացուցիչները` թվով տասներկու հոգի, որոնք ստրես-տեստերի միջոցով պարզում են հայկական ատոմակայանի ապահովության ու անվտանգության մակարդակը:
«Անհանգստացնող ոչինչ չկա, կայանը աշխատում է իր ամենօրյա ռիթմով: Նման ուսումնասիրությունները պարբերաբար են կատարվում, սա ինչ-որ նորություն չէ: Տարեկան մոտ 2-3 անգամ` տարբեր անվանումներով, բայց նման միջազգային ուսումնասիրություններ միշտ էլ լինում են: Եվ որեւիցե անհանգստացնող լուրջ բան չունենք, տեխնիկական վիճակը բավարար է, դա պարբերաբար է ստուգվում», – հայտարարել է նախարարը:

Մեծամորի ԱԷԿ-ում ուսումնասիրությունները նախատեսվում է ավարտել հունիսի մեկին, որից հետո մասնագետները ասուլիսի միջոցով կտեղեկացնեն իրենց աշխատանքների եւ արդյունքների մասին:

Հիշեցնենք, որ Մեծամորի ատոմակայանի անվտանգության եւ ապահովության հարցը արդիական դարձավ Ճապոնիայում տեղի ունեցած ողբերգական դեպքերից հետո:

Թեեւ իշխանությունները բազմիցս հայտարարել են Մեծամորի ատոմակայանի անվտանգության մասին, սակայն միջազգային մասնագետները եւ Հայաստանի հարեւան երկրները պարբերաբար ահազանգ են հնչեցնում` պնդելով հակառակը:

© Medialab.am