«Ռուսաստանն այսօր էականորեն թուլացած է, բայց նա որևէ կերպ չի նահանջելու, որովհետև սա իր համար գոյաբանական խնդիր է». Սուրեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը

– Պարո՛ն Պետրոսյան, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմը մտել է նոր փուլ, Արևմուտքը, և ոչ միայն, հայտարարել են, որ չեն ճանաչում այն հանրաքվեների արդյունքները, որոնցով չորս շրջան անցնում է Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ, կխնդրեմ ասեք, հետագա ի՞նչ զարգացումներ են սպասվում։

Բավականին դժվար է ասել, թե հետագա ինչ զարգացումներ կլինեն, որովհետև շատերն այսօր ասում են, որ Ռուսաստանն այսօր պարտվում է, մյուսներն ասում են՝ հակառակը, բայց մարդիկ շատ կարևոր մի հարցի չեն կարողանում պատասխանել՝ նախ՝ ի՞նչ են հասկանում իրենք պարտություն ասելով, երբ ասում են՝ Ռուսաստանը պարտվել է, երկրորդ՝ արդյոք Ռուսաստանը պարտություն է համարում այն, ինչ մեր փորձագետներն են համարում, և երրորդ՝ ի՞նչ խնդիր է իրականում դրված Ռուսաստանի առաջ։

Նույնը կարող եմ ասել նաև Արևմուտքի մասով՝ ի՞նչ խնդիր է դրված Արևմուտքի առաջ, որովհետև Ուկրաինան այստեղ դերակատար չէ իրականում, ու ի՞նչ խնդիր է փորձում լուծել և արդյոք լուծո՞ւմ է։

Ես այս ամենն ավելի գլոբալ մակարդակում եմ դիտարկում ու ավելի շատ հավատում եմ, որ իրականում տեղի է ունենում հետևյալը. Արևմուտքի ու Ռուսաստանի հակամարտությունը, եթե կարելի է այսպես ասել, նպատակ չունի միմյանց ոչնչացնելու։ ԱՄՆ-ի շահն իրականում Ռուսաստանին վերջնականապես մասնատելը չէ, ինչպես շատերն ասում են։

Չպետք է մոռանանք, որ ԱՄՆ-ի ռազմավարական հակառակորդը Ռուսաստանը չէ, նրանց ազգային անվտանգության ռազմավարության մեջ որպես իրենց ռազմավարական ու տնտեսական հակառակորդ շեշտվում է Չինաստանը։ Գլոբալ առումով այստեղ գնում է Չինաստանի հետ հակամարտության նախապատրաստական փուլ, ու հենց այս պլանով են նաև ԱՄՆ-ի գործողությունները, որոնց հետևանքով խիստ թուլանում է ոչ միայն Ռուսաստանը, այնպես էլ Եվրամիությունը, ինչը շատ-շատ կարևոր խնդիր է, որը պետք է ԱՄՆ-ն լուծի, որովհետև Երկրորդ համաշխարհայինից հետո ԱՄՆ-ն ոտքի կանգնեցրեց Արևմտյան Եվրոպան, հետո՝ ընդհանուր Եվրոպան։

70 տարվա ընթացքում, կարծեք թե, ամբողջ տրամաբանությունը փոխվեց, և Եվրոպան արդեն որպես առանձին սուբյեկտ էր սկսվում ընկալվել ու գնալով նվազեցնում էր կախվածությունը ԱՄՆ-ից։ Արևմուտքը կամ ԱՄՆ-ն Ռուսաստանին մշտապես նայել են որպես հանքահումքային ռեսուրսի աղբյուրի, որը չպետք է ունենա սուբյեկտայնություն, և հիմա սրանով գնում է ուղղակի թուլացում և բերվելու է այն մակարդակի, որ Ռուսաստանն ուղղակի կախվածություն ունենա ԱՄՆ-ից ու հանդիսանա բուֆերային գոտի՝ Չինաստանի հետ հետագա բախման համար։ Իմ կարծիքով՝ ամբողջ գործընթացը սա է։

Այս ամենը գլոբալ հակամարտության մի փուլն է, ու հին աշխարհակարգի ամրապնդմանն ուղղված գործողություններ են և ոչ թե նոր աշխարհակարգի ստեղծում է։ Իմ խորին համոզմամբ՝ նոր աշխարհակարգի ձևավորում դեռևս տեղի չի ունենում։ Այս գլոբալ գործընթացի վերաբերյալ հատվածական դեպքերի հիման վրա եզրակացություն անելն այնքան էլ ճիշտ չէ։

– Իսկ կհաջողվի՞ Ռուսաստանին կախվածության մեջ գցել կամ թուլացնել, ինչպես ասում եք։

– Ռուսաստանն այսօր էականորեն թուլացած է, բայց նաև առավել քան վստահ եմ, որ նա որևէ կերպ չի նահանջելու՝ անկախ նրանից, թե դա կբերի՞ նոր միջուկային պատերազմի, թե՞ չի բերի, որովհետև սա իր համար գոյաբանական խնդիր է։

– Պարո՛ն Պետրոսյան, իսկ այս գործընթացներն ինչպե՞ս են անդրադառնում մեր տարածաշրջանի, մասնավորապես, Հայաստանի վրա։

– Շատ անմիջականորեն են անդրադառնում, որովհետև մենք գիտենք, որ Ռուսաստանում տեղի ունեցող ցանկացած փոփոխություն նաև անդրադառնում է թուրք-ադրբեջանական տանդեմի վրա, Արևմուտքի, Իրանի հետ հարաբերությունների վրա, այսինքն՝ այդ ազդեցություններն անմիջական են, ու մեր միակ խնդիրն է անել այնպես, որ Հայաստանը չդառնա գերտերությունների բախման գոտի։

Իսկ մենք այսօր զբաղված ենք, կներեք, տգիտությամբ, երբ ասում ենք, որ մեր փրկությունը Ռուսաստանի հետ է, մյուս մասն էլ՝ Ռուսաստանից հրաժարումը։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը թուլացել է այսօր, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է շատ կտրուկ արտաքին վեկտորի փոփոխություն անենք, ինչը մեզ կարող է տանել ուղղակի կործանման։ Մենք այս պահին իրավունք չունենք նոր թշնամիներ ձեռք բերելու։

– Իսկ որքանո՞վ է երաշխավորված, որ, եթե, օրինակ՝ Հայաստանը որոշի հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից ու փորձի դրանք ձևավորել ԱՄՆ-ի հետ, վերջինս ամեն կերպ կաջակցի Հայաստանին։

– Բնականաբար, չկան այդպիսի երաշխիքներ ու երբեք էլ չեն կարող լինել, կհիշե՞ք Վրաստանի դեպքը, երբ նաև փաստաթղթերով էր նշված, թե ինչ գործուն քայլեր է իրականացնելու ՆԱՏՕ-ն, եթե հարձակում լինի, բայց մենք տեսանք՝ ինչ եղավ հարձակումից հետո։

Պարո՛ն Պետրոսյան, այսօր Հայաստանի ու Արցախի շուրջ ի՞նչ է կատարվում։ Ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ վնասներով դուրս գալու համար Հայաստանն ի՞նչ պետք է անի։

– Ամենաառաջին քայլը պետք է լինի իշխանափոխությունը, որովհետև ի սկզբանե իշխանությունը չի ունեցել որևէ նպատակ, աղերս Արցախի հետ, բայց սա չի նշանակում, որ նախկինները պետք է վերարտադրվեն, սա էլ հավասարապես վտանգավոր է, բայց նորի առավելությունը չպետք է լինի միայն իր նոր լինելը։

Արցախից այս իշխանությունը ուղղակիորեն հրաժարվել է։ Հայաստանի մասով էլ շատ պայթյունավտանգ իրավիճակ է, որովհետև Հայաստանը փաստացի կանգնած է գերտերությունների բախման գոտի դառնալու շեմին։ Տարբեր դերակատարներ պահանջում են Հայաստանից, որ Իրանին ներքաշի ռազմական գործողությունների մեջ, դրանով էլ Հայաստանի տարածքը դառնալու է Սիրիա։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am