Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորումը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնում Երևանի Փակ շուկայի տանիքի քանդման կապակցությամբ։
Հայտարարության մեջ նշվում է, որ շուկայի շենքում իրականացված քանդման աշխատանքների վերաբերյալ տեղեկացել են մայիս 27-ին։ Տեղում դիտարկման արդյունքում պարզվել է, որ քանդվել են շենքի տանիքի հիմնական կրող կամարաձև թռիչքներից երկուսը։
«Մեր նախապես կատարված հարցման արդյունքում ՀՀ մշակույթի նախարարությունից ստացվել էր գրություն, առ այն որ տրվել են հիմքերի հատվածում աշխատանքներ իրականացնելու թույլտվություն։ Չնայած նրան, որ նույնիսկ այդ թույլատվթույլտվության տրամադրումը կատարվել է մի քանի պահանջների ու կարգերի խախտմամբ, սակայն հիմք ընդունելով այդ գրությունը, երեկ (մայիսի 27–ին) կատարված աշխատանքների համար չեն եղել համապատասխան թույլտվություններ։
Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորումը, որը ստեղծվել է Երևանում քաղաքաշինական, բնապահպանական ու ժառանգության պահպանության խնդիրներով վերջին տարիներին ստեղծված քաղաքացիական նախաձեռնությունների կողմից, իր մտահոգությունն է հայտնում Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում կատարվող աշխատանքների վերաբերյալ ու պահանջում պետական և տեղական ինքնակառավարման լիազոր մարմիններից իրականացնել օրենքով սահմանված իրենց պարտականությունները»,– ասվում է հայտարարությունում։
Միավորումը նշում է, որ հակառակ դեպքում, նախատեսում է ՀՀ օրենսդրության շրջանակում իրականացնել այն բոլոր գործողությունները, որոնք բխում են ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածով պետության պարտականությունների իրացման պահանջից՝ այն է պատմական և մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքների նկատմամբ հոգածությունն և պաշտպանությունը։
© Medialab.am