Պետրոս Ղազարյանը նույնպես հեռանում է Հանրային հեռուստաընկերությունից

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ափսոսանք է հայտնում ՀՀ վարչապետի տեսաուղերձի հեռարձակման ընթացքում տեղի ունեցած միջադեպի համար, որի հետևանքով Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը պարտավորված եղավ հրաժարական տալ։

«Խորհուրդը հարգում է գործադիր տնօրենի անձնական պատասխանատվություն կրելու որոշումը՝ ընդունելով նրա հրաժարականը։ Միաժամանակ Խորհուրդն իր գնահատանքն է հայտնում Մարգարիտա Գրիգորյանին՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնում արդյունավետ, պրոֆեսիոնալ և անձնվեր աշխատանքի համար։ Խորհուրդը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալ Արմեն Սարգսյանին։

Իրենց դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։

Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը։ Առաջիկայում Խորհուրդը կձևավորի մրցութային հանձնաժողով և կհայտարարի մրցույթ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար»,- նշվում է հայտարարությունում: