Մեկնարկում է «Իմ Գյուղը» գյուղատնտեսության ոլորտում փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթը

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է «Իմ Գյուղը» գյուղատնտեսության ոլորտում փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթ, որն ուղղված է ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի և Սյունիքի մարզերի ոչ քաղաքային բնակավայրերում, ինչպես նաև Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 34 բնակավայրերում գյուղատնտեսության ոլորտում գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսի աջակցմանը, արդյունավետության բարձրացմանը, վերազինմանը և վերապրոֆիլավորմանը, նորարարական գաղափարների աջակցմանը։

Ծրագրին մասնակցության հայտերն ընդունվում են մարտի 22-ից ապրիլի 6-ը ներառյալ, որի համար հայտատուների կողմից անհրաժեշտ կլինի լրացնել ՄԱԶԾ ԿՀ-ի կողմից մշակված առցանց հայտադիմումը:
ՄԱԶԾ ԿՀ-ն համաֆինանսավորում է ներկայացվող և հաղթող Ծրագրի ընդհանուր բյուջեի 70%-ը: Ծրագրի առավելագույն արժեքը պետք է կազմի 20․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Նախագծի իրականացումը թույլ կտա նշված բնակավայրերում զարգացնել գյուղատնտեսական մթերքների վերամշակումը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում առաջարկվող ծառայությունները, ինչը կնպաստի համայնքների սոցիալ-տնտեսական կայունությանը, կանանց և երիտասարդների զբաղվածության մեծացմանը, աղքատության մակարդակի նվազեցմանը, կենսամակարդակի բարելավմանը, գործարար միջավայրի խթանմանը, գյուղատնտեսության զարգացմանը, ինչպես նաև երկրի պարենային անվտանգությանը։

«Իմ Գյուղը» նախագծին դիմելու մանրամասները ներկայացված են հայտարարության մեջ։

Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: