Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արժանացել է Եվրոպական արժանիքների բարձրագույն աստիճանի շքանշանին։ Deutsche Welle-ի հաղորդմամբ՝ պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Եվրախորհրդարանում՝ Ստրասբուրգում: Զելենսկին արարողությանը ներկա չի եղել:
Շքանշանի են արժանացել նաև Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը, Լեհաստանի նախկին նախագահ, «Համերաշխություն» շարժման առաջնորդ Լեխ Վալենսան, ինչպես նաև ուկրաինացի իրավապաշտպան, Քաղաքացիական ազատությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդրա Մատվիչուկը։
Մատվիչուկն իր ելույթում ասել է․ «Ես Ուկրաինայից եմ։ Երեք հարյուրամյակ մենք գտնվել ենք Ռուսական կայսրության ստվերում։ Եվ ես այստեղ եմ՝ ասելու՝ Եվրոպա՛, մենք վերադարձել ենք»։
Պատվավոր աստիճանի շքանշանի է արժանացել նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։ Նրա ելույթի ժամանակ մամուլի պատշգամբից բղավոցներ են հնչել, սակայն դահլիճը դրանք խլացրել է ծափահարություններով, իսկ կարգը խախտած անձին դուրս են բերել։
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան նշել է, որ Եվրոպական միությունը կառուցվել է «պայմանագիր առ պայմանագիր, ճգնաժամ առ ճգնաժամ»՝ ընդգծելով, որ նոր շքանշանով պարգևատրվելու են Եվրոպայի միասնության, ժողովրդավարության և եվրոպական արժեքների պաշտպանության գործում նշանակալի ներդրում ունեցած անձինք։



















