Երուսաղեմում հայ հոգևորականի վրա թքած երիտասարդը տուգանվել է

 Երուսաղեմում հայ հոգևորականի վրա թքած երիտասարդը 1967 թվականից ի վեր առաջին անգամ պատասխանատվության է ենթարկվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է Երուսաղեմի հայոց  պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ առաջին անգամ՝ 1967 թվականից ի վեր, հայ հոգևորականի վրա թքելու համար Իսրայելի ոստիկանությունը որոշել է տուգանել օրինախախտ քաղաքացու:

Դեպքը տեղի էր ունեցել մեկ տարի առաջ: Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում հրեա երիտասարդը, տեսնելով հայ հոգևորականների եկեղեցական թափորը, մի քանի անգամ թքել էր հոգևորականներից մեկի վրա:

Երիտասարդն անմիջապես հանձնվել էր թափորը ուղեկցող ոստիկաններին, եւ ապա տուժող հոգևորականը բողոք էր ներկայացրել ոստիկանություն: Հարցաքննությունից և ականատեսներից վկայություն վերցնելուց հետո, ոստիկանությունը մարտի 5-ին պաշտոնական նամակով ծանուցել է տուժած հայ հոգևորականին, որ ոստիկանությունը որոշել է օրինախախտ երիտասարդին տուգանել 1500 շեքելով (ավելի քան 205 հազար դրամ կամ 435 ԱՄՆ դոլար-խմբ.)»,-նշել է Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: