Հայաստան կժամանի ուկրաինական քաղաքական և հասարակական գործիչների խոշոր պատվիրակություն

Ուկրաինայի քաղաքական և հասարակական գործիչների ներկայացուցչական պատվիրակությունը Հայաստան կայցելի նոյեմբերի 15-16-ին, այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։

Համաձայն պարբերականի տեղեկատվության՝ ավելի քան 70 հյուրերի թվում կլինեն Ուկրաինայի մարզերի հայկական համայնքների ղեկավարները, ազդեցիկ քաղաքական գործիչներ, Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներ, հայտնի քաղաքագետներ եւ մեդիա փորձագետներ, խոշոր լրատվամիջոցների լրագրողներ, հասարակական գործիչներ եւ մարզիկներ։

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ իշխանության ներկայացուցիչների հետ, Ուկրաինայի Հայերի միության կոնֆերանս, կլոր սեղաններ եւ քննարկումներ ուկրաինացի քաղաքական գործիչների եւ փորձագետների ու նրանց հայ գործընկերների մասնակցությամբ, ինչպես նաեւ մշակութային մի շարք միջոցառումներ, որոնց մեջ առանձնանում է սքեյթ-փարկի բացումը (Հայաստանի մայրաքաղաքին Ուկրաինայի Հայերի միության նվերը) եւ Ուկրաինայի հայերի միության սոցիալական նախագծի՝ էլեկտրամեքենաների լիցքակայանների ցանցի շնորհանդեսը։

«Մեր նպատակն է՝ նոր հզոր ազդակ հաղորդել Կիեւի եւ Երեւանի հարաբերություններին»,- այս մասին AnalitikaUA.net պարբերականին տված մեկնաբանության մեջ ասել է Ուկրաինայի Հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը։

Պարբերականի համաձայն՝ սքեյթ փարքի բացման արարողության հյուրերի համար նախատեսվում է նաեւ ուկրաինացի եւ հայ աստղերի համերգ։