«Ցավոք, մեր կառավարությունը բավարար չափով չի կարևորում Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացումը». Բորիս Նավասարդյան

«Ցավոք, մեր կառավարությունը բավարար չափով չի կարևորում Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացումը». Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի նախագահ, ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմի նախկին համակարգող Բորիս Նավասարդյանը:

– Պարո՛ն Նավասարդյան, վերջին օրերին շատ է քննարկվում հարցը, որ Եվրամիության անդամ երկրները հնարավոր է այս տարի չվավերացնեն Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ինչը հնարավորություն չի տա, որ համաձայնագիրը լիարժեք մտնի ուժի մեջ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նաև նման կասկած հայտնեց, որ այս տարի ԵՄ անդամ երկրները բոլորը չեն հասցնի վավերացնել համաձայնագիրը: Դուք խոչընդոտներ տեսնո՞ւմ եք այս գործընթացում:

– Խոչընդոտներ չկան, բայց կան հատուկ պայմաններ, որոնք կարող են ազդել այդ գործընթացի վրա: Եվ հիմնական պատճառը, որը կարող է խանգարել գործընթացին, այն է, որ Եվրամիության շատ երկրներ տարված են իրենց խնդիրներով: Ինքը՝ Եվրամիությունը, նույնպես խնդիրների առաջ է կանգնած՝ Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից, Եվրախորհրդարանի սպասվող ընտրությունները, հետագայում ձևավորվելիք մարմինների հարցը, որոնք նույնպես իրենց վրա ուշադրություն են շեղելու:

Եվ այդ պատճառով ԵՄ անդամ երկրների քաղաքական վերնախավերը ուղղակի զբաղված են լինելու իրենց համար այլ առաջնահերթ խնդիրներով: Դա կարող է խանգարող հանգամանք լինել: Հաջորդը, իհարկե, այն զարգացումներն են, որոնք տեղի են ունենում Հայաստանում: Թե որքանո՛վ դրանք հաջողված կլինեն, և որքանո՛վ այդ հաջողությունները կարող են ուշադրություն գրավել, որ ԵՄ անդամ երկրները մասամբ նաև Հայաստանին ուշադրություն դարձնեն՝ թողնելով իրենց սեփական խնդիրները, ցույց կտա ժամանակը:

Կա նաև սուբյեկտիվ գործոն՝ Հայաստանի ակտիվ դիվանագիտությունը և՛ օրենսդիր, և՛ գործադիր իշխանության կողմից: Դրա հաջողությունից նույնպես կախված է այն, թե 2019 թվականին քանի երկիր կվավերացնի շրջանակային համաձայնագիրը: Միգուցե այդքան կարևոր չէ, որ մաքսիմում խնդիր դրվի, որ անպայման բոլորը վավերացնեն, բայց անհրաժեշտ է խնդիր դնել, որ ամիսը գոնե մի քանի երկիր վավերացնեն, որպեսզի գործընթացը սառեցված չլինի: Դա ընդհանուր տրամադրությունների վրա և հանրության մոտ կարող է ազդեցություն ունենալ:

– Այսօր ԵՄ 28 անդամ երկրներից ընդամենը 9-ն են վավերացրել համաձայնագիրը: Այսինքն՝ հայկական կողմն առաջիկա ամիսներին պե՞տք է ակտիվ աշխատանք տանի, որպեսզի գործընթացը չկանգնի:

– Փորձագետների հաշվարկների համաձայն՝ համաձայնագրի մոտավորապես 80 տոկոսը կարող է իրականացվել առանց վերջնական վավերացման, այսինքն՝ նախնական իրականացման փուլում է գտնվում: Կարևոր է, որ այդ բոլոր ուղղություններով աշխատանք կատարվի, և լինեն արձանագրված հաջողություններ:

– Իսկ այն, որ ԵՄ անդամ երկրների կողմից վերջնական վավերացում չկա, գործընթացը չի՞ տուժում, այսինքն՝ հայկական կողմը կարո՞ղ է համաձայնագրով ստանձնած բարեփոխումներն այդ 80 տոկոսի չափով առանց խոչընդոտների իրականացնե՞լ:

– Իհարկե, բոլոր հնարավորությունները կան դա լիարժեք իրականացնելու համար: Դրա վերաբերյալ կա նաև քաղաքական որոշում, և կարող են ձևավորվել կոնկրետ գործողությունների հետ կապված փաստաթղթերը: Առաջին հերթին պետք է վերջնականացվի իրականացման ճանապարհային քարտեզը, որում Հայաստանի Կառավարության ակտիվ աշխատանքը շատ կարևոր կլինի:

– Տեղեկություններ եղան, որ Բրյուսելում դժգոհել են Հայաստանի ճանապարհային քարտեզից: Ո՞րն է խնդիրը:

– Նախորդ տարի կար որոշակի անհանգստություն, թե ինչո՛ւ է դա ուշանում: Բայց բուն բովանդակության վերաբերյալ չեմ լսել, որ դժգոհություններ լինեն: Միգուցե սկզբում այլ պատկերացումներ կային այդ փաստաթղթի ձևաչափի վերաբերյալ, և այն ձևաչափը, որն ընտրել էր Հայաստանի Կառավարությունը, գուցե կասկածներ էր առաջացնում:

Բայց, կարծում եմ՝ արդյունավետ բանակցային գործընթացի, արդյունավետ երկխոսության ընթացքում կարելի է ներկայացնել անհրաժեշտ փաստարկները և հասնել նրան, որ որևէ դժգոհություն կամ արգելակում չլինի այդ գործընթացում:

– Այնուամենայնիվ, դուք ի՞նչ եք նկատում, Հայաստանի նոր իշխանությունների աշխատանքը տեսնելով՝ ԵՄ անդամ երկրները շահագրգռվա՞ծ են արագացնել գործընթացը, թե՞ դեռ սպասում են, որ հասկանան՝ ի՛նչ է կատարվում Հայաստանում:

– Երկու տարբերակն էլ կա: Ե՛վ շահագրգռված են, և՛ նաև հետևում են, թե ի՛նչ է կատարվում, որ հասկանան, թե որքանով իրենց շահագրգռվածությունը կարող է արդյունք տալ: Իմ անձնական կարծիքով՝ ցավոք, այն կարևորությունը, որ պետք է տրվեր համաձայնագրի իրականացմանը, առայժմ մեր կառավարության մոտ բավարար չափով չի դրսևորվում:

Միգուցե միայն արտաքին գործերի նախարարությունում ակնհայտ հետաքրքրվածություն կա, մնացած կառույցների մոտ դա չի երևում: Եվ այս խնդիրը հնարավոր էր լուծել միայն ակտիվացնելով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքը: Մենք բավական ուշացումով այդ հանձնաժողովը ստեղծեցինք, այն ստեղծվեց նախկին իշխանությունների օրոք, ոչ մի բան չարեց, հետո ստեղծվեց նոր կազմով, և միայն նախորդ տարվա հոկտեմբերին ակտիվություն նկատվեց հանձնաժողովի աշխատանքներում:

Հետագայում այդ ակտիվությունն էլ պասիվացավ՝ կապված մեր խորհրդարանական ընտրությունների, նոր կառավարության՝ վերջնական չձևավորված լինելու հետ: Հիմա կարծես թե այդ ֆորմալ խոչընդոտները հանվել են, և տեսնենք ինչպիսի փոփոխություններ կլինեն: ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովից շատ բան է կախված լինելու, եթե իրենք ցուցաբերեն շահագրգռություն, դա կարող է որոշակի ազդեցություն ունենալ նաև կառավարության ակտիվության վրա: Նաև, եթե կոորդինացնեն խորհրդարանական դիվանագիտությունը, հնարավորինս շատ շփումներ ունենան Եվրամիության կարևոր և որոշիչ դերակատարություն ունեցել քաղաքական գործիչների ու պաշտոնյաների հետ, ապա կարելի է ամբողջ գործընթացը արագացնել ու արդյունավետ դարձնել:

– Այդուհանդերձ, ձեր կարծիքով, երբ նայում ենք այլ երկրների փորձը, Հայաստանի դեպքում գործընթացը դանդաղո՞ւմ է, թե՞ ժամկետները նորմայի մեջ են:

– Եթե Հայաստանի քաղաքական կյանքում այդպիսի կտրուկ փոփոխություններ չլինեին, միանշանակ արժեր մտահոգվել: Մենք մի փոքր ակտիվացում ունեցանք 2017-ի վերջին և 2018-ի սկզբին՝ կապված վավերացման հետ, հետո երկար ամիսներ ոչ մի նոր երկիր չէր վավերացնում: Եվ դա կապված էր նրա հետ, ինչի մասին մենք խոսեցինք՝ և՛ մեր ներքին քաղաքական անորոշությունների, և՛ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքի բացակայության հետ: Թեև կարող էր վիճակն ավելի լավ լինել, բայց հասկանալի է այդ դանդաղումը: Բայց այլևս դրա արդարացումները չկան, այնպես որ, այս տարի սպասում ենք, որ նոր էներգիա պետք է դրսևորվի այդ ուղղությամբ:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am