Խոցելի բնակավայրերին և աղքատ ընտանիքներին կուղղվի 2,5 մլն դոլարի դրամաշնորհ

Խոցելի բնակավայրերին և աղքատ ընտանիքներին կուղղվի 2,5 մլն դոլարի դրամաշնորհ
Խոցելի բնակավայրերին և աղքատ ընտանիքներին կուղղվի 2,5 մլն դոլարի դրամաշնորհ

Մեկնարկել է «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագիրը, որը կիրականացվի Տավուշի, Արարատի և Լոռու մարզերի 4 համայնքում ընդգրկված գյուղական և քաղաքային բնակավայրերում։

2,5 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային միջոցները կուղղվեն հատապտղի ու պտղատու անտառայգիների հիմնմանը, դրանց համար արևային էներգիայով սնուցվող պոմպերով կաթիլային ոռոգման համակարգերի ստեղծմանը, արևային չորանոցների և ջերմոցների կառուցմանը, վարելահողերի և արոտավայրերի վերականգնմանը, դաշտամիջյան ճանապարհների վերանորոգմանը։ Ծրագրում առաջնային կընդգրկվեն խոցելի բնակավայրերը, կանայք ու աղքատ ընտանիքները, ինչը կապահովի համայնքների եկամուտների աճ։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը շեշտել է հատկապես բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքներում ծրագրի իրականացման կարևորությունը, ինչը կնվազեցնի ճնշումը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Դիլիջան» ազգային պարկի վրա։ Ծրագիրն իրականացնում է Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ»(ԲԾԻԳ) պետական հիմնարկը՝ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության Հիմնադրամի դրամաշնորհային միջոցներով։ ԲԾԻԳ-ի տնօրեն Մերուժան Գալստյանը, ներկայացնելով տարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, շեշտել է, որ այն պիլոտային է և հետագայում նման ծրագրեր կիրականացվեն նաև այլ ԲՀՊՏ-ների հարակից համայնքներում և խոցելի տարածքներում։

Համայնքների ներկայացուցիչներն իրենց ելույթներում նշելով, որ գյուղացին արդեն այսօր զգում է կլիմայի փոփոխության հետևանքները՝ համոզմունք են հայտնել, որ մեկնարկող ծրագիրը կնպաստի գյուղատնտեսության հարմարվողականության ամրապնդմանը և հողերի դեգրադացիայի կանխմանը։
Մեկնարկային աշխատաժողովի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարության և Դիլիջան, Ֆիոլետովո, Մարգահովիտ, ՈՒրցաձոր համայնքների միջև ստորագրվել է ծրագրի արդյունքների կայունության ապահովման վերաբերյալ համաձայնագիր:

Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: