Կոնդեցիները կանգնեցրել են նախագահական ավտոշարասյունը

Կոնդեցիները կանգնեցրել են նախագահական ավտոշարասյունը
Կոնդեցիները կանգնեցրել են նախագահական ավտոշարասյունը

Այսօր առավոտյան Կոնդի բնակիչների մոտ 30 հոգանոց մի խումբ, կառավարական առանձնատների՝ Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում կանգնեցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցող ավտոշարասյունը, ինչից հետո նախագահը իջել է մեքենայից և շուրջ 10 -15 րոպե զրույցի բռնվել բողոքի ակցիայի մասնակիցների հետ, հաղորդում է Tert.am-ը:

Մասնավորապես, ՀՀ նախագահի մեքենան կանգ է առել, երբ կանանցից մեկը ձեռքով կանգնեցրել է այն: Այս մասին Tert.am -ին պատմել է ակցիայի մասնակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ:

Ակցիայի մասնակիցները, ովքեր ձեռքներին ունեին «4 տարի՝ անօթևան» և այլ վերտառությամբ ցուցապաստառներ, եղել են Կոնդի եկեղեցու հարևանությամբ բազմաբնակարան շենքում բնակարան ստանալու համար պայմանագիր կնքած այն կոնդեցիները, որոնց «Դաունթաուն Երևան» ընկերությունը դեռ այս տարի ամռանը պետք է բնակարաններ հատկացներ: Մինչդեռ, կառուցված են ընդամենը շենքի առաջին հարկերը:

Կոնդեցիները Սերժ Սարգսյանին հայտնել են կառուցվող շենքի տեմպերի հետ կապված իրենց մտահոգությունը։ «Նախագահը վստահեցրեց, որ ամեն ինչ գտնվում է իր վերահսկողության տակ և անհանգստանալու կարիք չկա»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը, ով ավելացրել է, որ այս հավաստիացումն ընդունվել է ծափահարություններով, հաղորդում է Tert.am-ը:

Լուսանկարը՝ «Հայկական ժամանակի»:

© Medialab.am