«Հրաձգարան՝ չոլերում շշի վրա կրակելու փոխարեն». պատերազմից հետո Հայաստանում հրաձգարանների պահանջարկն աճել է

Ծրագրավորող Իշխան Գևորգյանը, որը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ՈՄԱ-ի գումարտակի դիպուկահարների հրամանատարն է եղել, պատերազմից հետո ընկերների հետ միասին հիմնել է «Ազատազէն» հասարակական կազմակերպությունը, այնուհետև՝ նույնանուն հրաձգարանը: 

«Մի քանի տասնյակ մարդ ձևավորել ենք թիմ, թիմով միավորել ենք մեր սեփական ֆինանսական միջոցներն ու հնարավորությունները, փորձում ենք մեր ծրագիրը խելքի բերել: Լավն այն է, որ մեզ չեն խանգարում»,- «Մեդիալաբին» ասում է Գևորգյանը:

Հայաստանում հրաձգարանների մասին խոսակցություններն ակտիվացան վերջերս իշխանական մի խումբ պատգամավորների կողմից «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո: 

Այս նախագծում առանձին մաս հատկացված է հենց հրաձգարաններին, դրանց և դրանցում աշխատողներին ներկայացվող պահանջներին: Մասնավորապես, ըստ նախագծի, հրաձգարան է համարվում այն շինությունը, տարածքը կամ հողատարածքը, որը հարմարեցված է հրաձգության մրցումների կամ պրակտիկայի համար: 

Հրաձգարանները կարող են լինել բաց, կիսաբաց և փակ: Հրաձգարանի կառուցման լիցենզիան հատկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը՝ 5 տարի ժամկետով՝ հրաձգարանը գործարկողի մոտ տարածքի տիրապետման մասին փաստաթղթի առկայության դեպքում: Լիցենզիայի գործողության ժամկետը, համապատասխան դիմումի հիման վրա, կարող է երկարաձգվել ևս 5 տարով:

«Ազատազէնը» հիմնելու գաղափարն Իշխանի ու ընկերների մոտ առաջացել է պատերազմից հետո, երբ տեսել են՝ մոբի շատ տղաներ նույնիսկ կրակել չեն իմացել և, բացի այդ՝ լրացուցիչ պարապելու կարիք են զգացել: 

May be an image of ‎1 person, outdoors and ‎text that says '‎แวด 0 פו SA‎'‎‎

Գնացել են բաց դաշտ, շիշը ընտրել թիրախ ու կրակել: Հետո յուրաքանչյուրն իր սեփական ներդրմամբ մի քանի անհրաժեշտ ատրիբուտ է ավելացրել, ստեղծել հրաձգարան: Հիմա նրանց խմբի առաքելությունն է՝ զենքի հետ վարվելու մշակույթ ստեղծել, հրաձգարաններ հիմնել մարզերում, մրցումներ անցկացնել: 

«Պատերազմի ժամանակ այն տարածքները, որոնք մեզ են վստահել, հիմա հայկական են: Դե, պատկերացրեք՝ պատերազմող երկրում 30 տարի մի տեղ չկա, որ մարդիկ գնան կրակել սովորեն: Ում պետք է եղել, ժամանակին ծանոթի միջոցով գնացել, բանակի պոլիգոններում կրակել է, բայց հասարակ քաղաքացու համար պարապելու հնարավորություն չի եղել: Եթե շատ մարդ շանս ունենար կրակել պարապելու, շատ ավելի լավ կլիներ պատերազմի ելքը: Նույն մոբի տղաների մեծ մասը վերջին տասը տարիներին չէին կրակել, մոռացել էին: Եթե գոնե այս խնդիրը մենք լուծենք, մեծ բան արած կլինենք»,- նշում է Իշխան Գևորգյանը:

Ակտիվիստ Մանե Պողոսյանը այն հարյուրավոր երիտասարդներից է, որոնք Բյուրականում վերջերս հրաձգության ներածական դասընթաց են անցել: Դասերն անցկացրել է «Ազատազէն» կազմակերպության անձնակազմը: 

«Աղջիկ թե տղա՝ կապ չունի, յուրաքանչյուրս պարտավոր ենք պաշտպանել մեզ, մեր ընտանիքը, մեր երկիրը: Այս կազմակերպությունները հիմա հնարավորություն են տալիս սովորել խելացի պաշտպանվել: Տալիս են բազային գիտելիքներ, ու ես ուրախ եմ, որ Հայաստանում մենք նման հնարավորություն ունենք»,- «Մեդիալաբին» ասում է Մանեն: 

May be an image of 3 people and outdoors

«Ազատազէնի» անդամներն այժմ բյուրոկրատական քաշքշուկների մեջ են, սպասում են, որ հրաձգարան հիմնելու լիցենզիան ստանան: 

«Մարդիկ, որոնք զենք ունեն, ազատում ենք չոլերում կրակելու բեռից և հրավիրում ենք մեզ մոտ՝ ազատ տարածք կա, հեռվում տեղադրված թիրախներ կան: Հսկում ենք կանոնները և ապահով կրակի շանս ենք տալիս: Բայց դա՝ միայն զենք ունեցողներին: Ավելին չենք կարող»,- ասում է Գևորգյանը: 

May be an image of 3 people, people standing and outdoors

Օրենսդրական նախաձեռնությունը, նրա խոսքով, հնարավորություն կտա, որ պրոֆեսիոնալ հրաձգարաններ ստեղծվեն, կազմակերպվեն մրցումներ: 

«Այս ոլորտը բաց է թողնվել, կարծես մենք պատերազմի մեջ չենք եղել ու չէինք լինելու: Մենք որ այս նախագծի մեկնարկը տվեցինք, ո՛չ հույս ունեինք, որ օրենք կընդունվի, ո՛չ էլ տեղեկություն ունեինք, որ մտածում են այդ օրենքի մասին»,- նշում է նա: 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում չունեն հստակ հաշվարկներ՝ քանի հրաձգարան կա Հայաստանում: ԿԳՄՍ-ն նաև տվյալ չունի, թե քանի հանրակրթական դպրոցում կան հրաձգության համար հարմարեցված անկյուններ կամ դասարաններ:

Դեռևս 2018-ի կեսերին հանրային քննարկման դրված հրաձգություն մարզաձևի զարգացման ռազմավարական ծրագրում նշվում է, որ հանրապետությունում գործում են 16 հրաձգարաններ, որոնցից լիարժեք աշխատում են 4-ը, մյուսները թերի են գործում՝ վերանորոգված չլինելու, զենք-զինամթերք չունենալու պատճառով:

Այն, որ պատերազմից հետո հանրության շրջանում աճել է հրաձգարաններ այցելելու և սովորելու ցանկությունը, վկայում է նաև Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը: Նա ասում է՝ հատկապես պատերազմից հետո ուսումնամարզական հրաձգարաններում սովորելու ցանկություն հայտնած սովորողների թիվն աճել է: 

Սարիբեկյանի խոսքով՝ այսօր լիարժեք գործում է 3 ուսումնամարզական հրաձգարան՝ Նոր Նորք վարչական շրջանում Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը, հրաձգության հանրապետական մարզադպրոցը, որի համար նոր շենք է նորոգվում հիմա, և, վերջապես՝ Գյումրիում գործող հրաձգության մարզադպրոցը: Վերջինը նույնիսկ սեփական շենք չունի և գործում է վարձակալած, անմխիթար պայմաններ ունեցող շենքում:

«Կան նաև տարբեր ոչ պետական դպրոցներում գործունեություն ծավալող փոքր խմբակներ, ինչպես նաև մասնավոր հրաձգարաններ՝ «Ասպար», «10-ից 10», «Ասպարազէն» և այլն: Այս ոլորտը բարձիթողի է, շատ են խնդիրները, բայց, միևնույն է, մեր անձնական մեծ ջանքերի ու տարբեր նախաձեռնությունների հաշվին փորձում ենք այն կայացնել»,- «Մեդիալաբին» ասում է Արեգ Սարիբեկյանը:

Նրա խոսքով՝ հրաձգության մարզադպրոցներում սովորելու համար տարածքային համաչափության մեծ խնդիր կա, օրինակ՝ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սաների մեծ մասը Նոր Նորքի բնակիչ են: 

«Հայաստանի հավաքականի 80 տոկոսը մասիվցի է միայն այն պատճառով, որ դպրոցն էդ համայնքում է: Առանց կասկածի եմ ասում՝ որ համայնքում, որ մարզում երբ հրաձգարան բացվեց ու նորմալ աշխատանք կատարվեց, սովորողների տեղ ու դադար չի լինի: Հրաձգարանների պահանջարկը շատ մեծ է, ու դա հատկապես շատ զգացինք պատերազմից հետո»,- նշում է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: Բայց մեկ այլ խնդիր է այն, որ, օրինակ՝ Երևանի հրաձգության մարզադպրոցում կա 60-70 մարզազենք, սակայն սովորող երեխաների թիվը կրկնակի ավելի է:

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենքի նախագծի քննարկումներում ֆեդերացիան ներկայացված եղել է, և հիմա, Սարիբեկյանի խոսքով, իրենք ուսումնասիրում են, վեր հանում խնդիրները՝ դրանք հեղինակներին ներկայացնելու համար: «Մասնակցում ենք, որ հետո այնպես չլինի՝ նոր օրենքը լինի, մեր մարզիկները դարձյալ խնդիրների ու սահմանափակումների առաջ կանգնեն»,- նշում է նա: Ֆեդերացիայի համար որպես ցավոտ խնդիր Սարիբեկյանը մատնանշում է Հայաստանում առաջնություններ չկազմակերպելը, քանզի հայաստանյան օրենսդրությունը խնդիրներ է հարուցում զենքով Հայաստան ժամանող մարզիկի համար: 

ԿԳՄՍ նախարարության մանկապատանեկան սպորտի բաժնի պետ Հարություն Եղոյանն ասում է՝ նախարարության ենթակայությամբ գործող հրաձգության Երևանի և Գյումրու երկու մարզադպրոցները մեծ գործ են անում Հայաստանում հրաձգություն մարզաձևի զարգացման հարցում: Այդուհանդերձ, մարզաձևի ուսուցման առումով տարածքային համաչափության խնդիր է առաջանում, և բոլոր մարզերում չէ, որ  այն հասանելի է: Սակայն խնդիրը տեղ-տեղ որոշակիորեն փորձում են լուծել և, օրինակ՝ Արարատի մարզի Այգեզարդ գյուղում «ստենդային հրաձգություն» մարզաձևն են զարգացնում:

«Այժմ մենք սպասում ենք, և երբ վերջնական քննարկումներից հետո ընդունվի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը, կտեսնենք՝ ի՛նչ է պահանջվում, և դրանք կներառվեն ռազմավարության մեջ, որի վրա հիմա աշխատում ենք: Իհարկե պատերազմն էլ է հաշվի առնվում: Բացի այդ, Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը, որը հիմա կառուցվում է, այնտեղ մենք նախագծային փոփոխությունների գնացինք, և այնտեղ կներառվի նաև հրաձգարան»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Հարություն Եղոյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում այսուհետ կառուցվող բոլոր մարզադպրոցներում ներառվելու են հրաձգարաններ:

Հայաստանում մարտունակ հասարակություն ստեղծելու առաքելությունը մասնակիորեն իրենց վրա են նաև վերցրել «Ողջ մնալու արվեստը» խմբի հիմնադիրները: Խումբն ստեղծել է առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարդանովը: Մարզերում նրանք կազմակերպում են ռազմաճամբարներ երիտասարդների համար, սովորեցնում են ճգնաժամային իրավիճակներում ելքեր փնտրել ու գտնել: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am