«Պետք է ընկերություն անենք զենքի հետ». նոր օրենքով սահմանամերձ գյուղերի բնակիչներին կտրվի մարտական զենք, իսկ մյուսներին՝ քաղաքացիական

Քաղաքացիական ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը երկար տարիներ ապրել է Արցախում և շատ լավ է հասկանում՝ ինչքան անհրաժեշտ է զենքը բնակչությանը: «Զենքն ինձ համար ուրիշ հարթության վրա է: Զենք ունենալը ոչ թե առավելություն է, այլ հավելյալ պարտականություն: Մեր երկիրը անվտանգային առումով շատ զգայուն վիճակում է, և վերջին պատերազմն էլ ցույց տվեց, որ շատ տղաներ «Կալաշնիկովի» ավտոմատի օգտագործման կանոնները չգիտեին»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Բունիաթյանը:

Քաղաքացու կողմից զենք կրելու մասին խոսակցություններն այս օրերին սկիզբ առան Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը շրջանառության մեջ դնելուց հետո: Բունիաթյանը ողջունում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նոր նախագիծը և ասում՝ Շվեյցարիայում, որտեղ 8 մլն բնակչությունից 4.5 միլիոնը զենք ունեն, գործում է զենքի մասին ամենաազատական օրենքներից մեկը։ Միաժամանակ, այդ երկրում հանցավորության մակարդակը աշխարհում ամենացածրերից է:

Այս օրինագծի հետ կապված քաղաքական-հասարակական գործիչ Գարեգին Միսկարյանն առանձնապես կարևորում է դրա բարոյահոգեբանական կողմը ու «Մեդիալաբի» հետ զրույցում բացատրում՝ ինչու. «Երկար ժամանակ Հայաստանը, լինելով ռուսական վերահսկողության ներքո, զրկված է եղել ինքնապաշտպանության հնարավորությունից, և մեր զենքը ծառայել է բացառապես ռուսական շահին: Այսօր, իհարկե, հրազենը պատերազմում չունի իր նախկին դերն ու նշանակությունը, բայց մենք՝ որպե հանրություն, դրանով վերականգնում ենք մեզ պաշտպանելու մեր իրավունքը: Սա ինքնիշխանության դրևորում է»:

Ի՞նչ է սահմանում նոր օրենքի նախագիծը

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենքի նախագիծը, որի վրա խորհրդարանի փորձագիտական խումբը աշխատել է երկար ամիսներ, նախ սահմանում է զենքի տեսակները՝ քաղաքացիական, ծառայողական և մարտական հրաձգային ձեռքի զենք և մարտական շեղբավոր սառը զենք:

Այսպես՝ ըստ օրինագծի, քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեսված է քաղաքացիների ինքնապաշտպանության, սիրողական հրաձգության, որսորդության, սպորտային ու մշակութային միջոցառումների, ինչպես նաև ռազմամարզության ընթացքում օգտագործելու համար: Քաղաքացիական զենք համարվող հրազենը պետք է իր կառուցվածքով բացառի կրակահերթով կրակելու հնարավորությունը: Քաղաքացիական են համարվում հետևյալ զենքերը՝ ողորկափող երկարափող հրազեն և դրանց փամփուշտներ, գազային զենք, ակոսափող երկարափող հրազեն՝ 1500 մմ-ից ոչ ավելի երկարություն և 12.7 մմ-ից ոչ ավելի տրամաչափ ունեցող փողով հրազեն. նետողական սառը զենք, սառը զենք, օդամղիչ զենք, վնասվածքային (տրավմատիկ) զենք և այլն:

Ծառայողական զենքը նախագծով նախատեսված է պետական մարմինների պաշտոնատար անձանց և իրավաբանական անձանց աշխատողների օգտագործման համար, որոնց օրենսդրությամբ թույլատրվում է պահել, կրել և օգտագործել այն՝ ինքնապաշտպանության կամ օրենքով նրանց վրա դրված՝ քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության պաշտպանության և այլ պարտականությունների կատարման համար:

Ծառայողական զենքի շարքին են դասվում ոչ ավելի, քան 300 ջոուլ փողային էներգիայով երկար ողորկափող հրազենները, կարճ ակոսափող հրազենները, որոնց փամփուշտներն իրենց տեսակով տարբերվում են մարտական զենքի փամփուշտներից:

Ինչ վերաբերում է մարտական զենքին, ապա դա համարվում է այն զենքը, որը նախատեսված է մարտ վարելու և մարտի ընթացքում ոչնչացնելու հակառակորդի կամ զինված խմբերի կենդանի ուժը, մարդատար և թեթև զրահապատ տրանսպորտային միջոցները կամ այլ նշանակետերը: Այն, ըստ օրենքի նախագծի, հատկացվում է նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սահմանված համապատասխան բնակավայրերի բնակիչներին:

Խորհրդարանական մեր աղբյուրներն ասում են՝ նախագծում դիտարկվել են, մասնավորապես, սահմանամերձ բնակավայրերի բնակիչները: Այսինքն՝ այդ բնակիչներն ստանում են այլ կարգավիճակ, և նրանց հատկացվում է մարտական զենք:

Պետական ռազմականացված կազմակերպություններում և համապատասխան բնակավայրերում մարտական և այլ զենքի, դրա փամփուշտների և զինամթերքի շրջանառության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:

Նախագծով նաև Հայաստանում արգելվում է շրջանառության մեջ դնել զենք, որոնց խոցելու ունակությունը պայմանավորված է ռադիոակտիվ ճառագայթների և կենսաբանական գործոնների օգտագործմամբ:

Այս նախագծով Հայաստանում զենք ձեռք բերելու, կրելու իրավունք ունեն՝ վարչապետի աշխատակազմը, պետական ռազմականացված կազմակերպությունները, հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք, զենքի առևտրով զբաղվող իրավաբանական անձինք, լիցենզավորված ռազմամարզական, սպորտային հրաձգության և որսորդական տնտեսություն վարող կազմակերպությունները, ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները:

Զենքի իրավունք ունի ձեռք բերել 21 տարին լրացած քաղաքացին՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից քաղաքացիական զենք ձեռք բերելու համապատասխան թույլտվություն ստանալուց հետո: Քաղաքացին իրավունք ունի ձեռք բերել քաղաքացիական զենք: Նրա զենքերի հավաքածուն պետք է հաշվառվի ոստիկանությունում:

Քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվություն չի տրվում, եթե նրա 21 տարին չի լրացել, ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ու հաշվառված է բժշկական կազմակերպություններում, դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել, հաշվառվել է կենցաղային ոլորտում պարբերաբար իրավախախտում թույլ տալու կամ ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու հիմքերով և այլն:

«Պետք է ընկերություն անենք զենքի հետ»

Մասնագետները պնդում են՝ այս նախագիծը առաջին հերթին նպատակ ունի բարձրացնելու երկրի պաշտպանունակությունը: Ավելին, Միսկարյանն ասում է՝ այդպիսով ստեղծվում են հիմքեր հանրության շրջանում զենքի հետ վարվելու մշակույթ ձևավորելու համար, ինչը կարող է խիստ անհրաժեշտ լինել Հայաստանին անվտանգային անորոշ միջավայրում: «Աշխարհում գոյություն ունի տարածքային պաշտպանություն հասկացություն, օրինակ՝ Ֆինլանդիան, Դանիան, Նորվեգիան այդ մոդելներն են կիրառում: Դա ենթադրում է, որ այս կամ այն հատվածում ապրող ժողովուրդը գիտի, թե պատերազմական վիճակում, արտաքին ագրեսիայի դեպքում ինչպես են ինքնապաշտպանվելու, ինքնակազմակերպվելու: Դա վերաբերում է ոչ միայն զենքը կրելուն, այլ նաև լոգիստիկ հարցերին»,- նշում է Գարեգին Միսկարյանը:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ նման օրենք ստեղծվում է Հայաստանում քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքը միջազգային նորմին համապատասխանեցնելու համար: «Օրինագծով սահմանվում են նորմեր, դրույթներ, որոնց հիման վրա ամեն մեկը չի կարող զենք ձեռք բերել, կան սահմանափակումներ, մշակվել են նաև որոշակի խստացվող նորմեր, որոնք ենթադրում են քննություններ, դասընթացներ և այլն»,- «Մեդիալաբին» ասում է Հովհաննիսյանը:

Շիրակ Բունիաթյանը, որ երկար տարիների որսորդ է, ընդգծում է՝ զենք ձեռք բերելը պետք է խիստ ու կանոնակարգված լինի և ոչ թե այնպես, ինչպես հիմա է. «Պետք է խիստ լինի զենք ձեռք բերելը՝ պահանջել քննություն, ստուգել մարդու բարոյահոգեբանական վիճակը: Հիմա վիճակն այդպես չէ, նրանք, ովքեր սեր ունեն զենքի հանդեպ, արտոնյալ են, զենք են պահում են, իսկ կան մարդիկ, որոնք զենք ունենալու հնարավորությունից զրկված են: Ա՛յ, եթե բոլորն ունենան զենք, կարծում եմ՝ մեկը մյուսի նկատմամբ ավելի հարգալից կլինեն»:

Հանրության համար հավասար հնարավորությունները Գարեգին Միսկարյանը ևս շատ է կարևորում, քանի որ զոհը ևս կարող է պաշտպանվել: «Այս օրինագիծը հնարավորություն է ստեղծում, որպեսզի ազնիվ և արդար մարդը զոհից վերածվի ինքնապաշտպանության հնարավորություն ունեցող քաղաքացու»,- նշում է Միսկարյանը:

Այս օրինագծի հետ կապված քննարկումներում կար մտավախություն, թե զենքի կիրառությունը կարող է հանցագործությունների հետ կապված ամենաթողություն առաջացնել: Սակայն Հովհաննիսյանն ասում է՝ դա չհիմնավորված թեզ է:

«Բոլոր պետություններում, որտեղ զենքի նմանատիպ օրենքներ կան, օրինական զենքով հանցագործությունները կազմում են բոլոր հանցագործությունների 0.01 տոկոսը: Ավելին, քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքը հանգեցնում է նրան, որ տարբեր սոցիալական խմբերի առանձին ներկայացուցիչներ այդքան ինքնավստահություն չեն ունենում, որ անպատժելի կլինեն, և քաղաքացին կարող է նրանց պատասխան տալ, հետևաբար նվազում են նաև զենքի կիրառման դեպքերը»,-ընդգծում է Արծրուն Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, թե կա կարծիք, որ առաջին հերթին պետք է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին ապահովել զենքով, Շիրակ Բունիաթյանը հակադարձում է. «Անկեղծ ասած, հիմա Հայաստանի բոլոր բնակավայրերն էլ սահմանամերձ են: Երբ պատերազմական իրավիճակ է, հո միայն սահմանամերձ բնակավայրերի մարդի՞կ դուրս չեն գալիս պայքարի: Մեր աշխարհագրական դիրքը այնպիսին է, որ բոլորս պետք է լինենք զենքի հետ շատ մոտ, ընկերություն անենք զենքի հետ»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am