Հետո եկավ պատերազմը…

Իվան Լոնդոն : Երաժիշտ-պոետ եմ, անունս՝ Իվան, եկել եմ Սանկտ Պետերբուրգից։ Ծնվել եմ Նիժնի Նովգորոդում, բայց փոքրուց հեռացել ենք այնտեղից։

Հայրս զինվորական էր. մինչև 15 տարեկանն ապրել եմ Սևերոմորսկում, որը Հյուսիսային նավատորմի համար նախատեսված ռազմաբազա է։ Հետո վերադարձել եմ Նիժնի Նովգորոդ։ Սրանք զինվորական փակ քաղաքներ են, որտեղ մարդիկ փողոցում քայլում են սև շինելներով։

Եվ իմ ստեղծագործելու ցանկությունն առաջացել է ոչ թե ի դեմս, այլ հակառակ այն իրականության, որում ապրում էի։

Մասնագիտությամբ ռադիոտեխնիկ եմ։ Կարող էի ռադիոկայանի ղեկավար լինել։ Մորզեի այբուբենը մինչ հիմա հիշում եմ։ Սովորել եմ նաև բանասիրական ֆակուլտետում։ Զբաղվել եմ գովազդով։ Բայց երբ կարողացա թողնել ամեն ինչ և ամբողջությամբ նվիրվել երաժշտությանը, հոգիս իրեն ավելի լավ էր զգում, ես զգում էի ինձ իմ տեղում, անկախ նրանից, որ նվագելով շատ չես վաստակում։

Չեմ կարող ասել, թե ընտրել եմ երաժշտի մասնագիտությունը։ Պարզապես երաժշտությունը զգալն ինձ համար ամենաիրական հուզական բանն է։ Ես այն «ապրում» եմ հոգուս բոլոր ելևէջներով, և միշտ ցանկանում եմ «ապրել» ավելի հաճախ, անդադար՝ անգամ առանց սննդի և քնի համար նախատեսված ընդմիջումների։

Ինքս եմ գրում երաժշտությունը, երգերը և, կարծում եմ՝ ժամանակի ընթացքում դրանք դառնում են ավելի ու ավելի լավը։ Մեկ տարի ապրեցի Պիտերում։ Այնտեղ ինձ լավ էի զգում, քանի որ շատ ստեղծագործ քաղաք է՝ անկախ իր թերություններից։ 

Մոսկվան շատ աղմկոտ է։ Իսկ Պիտերում արթնանում ես ճայերի աղմուկից, երբ Գրիբոյեդովի ջրանցքի մոտ լռություն է տիրում։ Թեև նույնականացման և հարմարվելու առումով երևի ոչ մի տեղ յուրային չեմ զգացել։ Սա նման է նրան, որ անընդհատ փնտրում ես կորցրած դրախտը և ոչ մի տեղ չես կարողանում գտնել, մինչև հասկանում ես, որ դա ոչ թե ֆիզիկական, այլ ներքին վիճակ է։ Գուցե լավ է, որ ոչ մի տեղ լիովին բավարարված չես զգում, դա թույլ է տալիս մեջդ փնտրել ստեղծելու նոր աղբյուրներ. ստեղծագործական տրտմության զգացողությունը ստիպում է նորից փնտրել այն լեռը, պատնեշը, որից քանդակ կարող ես կերտել։

Հետո սկսվեց պատերազմը, մի քանի օր շոկ էի ապրում։ Մարդիկ դուրս էին գալիս բողոքի, ես էլ էի բողոքում պատերազմի դեմ։ Փետրվարի 26-ին դուրս եկա բողոքի։ Ինձ ձերբակալեցին, կալանքի տակ էի։

Պատերազմի առաջին ամիսը մշտական սթրես էր, ցավի զգացողություն, այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում էր. ամոթ ես ապրում քո երկրի համար։ Հավաքական մեղքի և հավաքական պատասխանատվության հարց է առաջանում։ Թեև գիտեմ՝ մեղավոր չեմ. ես ստեղծել եմ խաղաղ, ստեղծագործ բաներ։ Ստեղծում էի տարածք, որտեղ մարդիկ արտահայտում էին իրենց հոգեկանի լավագույն որակները, ստեղծում էի այլընտրանքային հնարավորություններ, որ հակասում է այն ամենին, ինչ տեղի է ունենում հիմա Ուկրաինայում։ Պայքարել կամ աշխատել եմ խաղաղության համար, բայց, փաստորեն՝ քիչ էր։ 

Չգիտեմ ինչու՝ ընտրեցի Հայաստանը. էմոցիաներս շատ էին…

Հետո շատ արագ հավաքեցի իրերս և մարտի 8-ին արդեն Երևանում էի։ Չեմ կարող ասել, որ հանգիստ նստած որոշում էի կայացնում՝ ո՛ր երկիր մեկնել։ Չգիտեմ ինչու՝ ընտրեցի Հայաստանը… էմոցիաներս շատ էին։ Այստեղ գալուց հետո սկզբում հոսթելում էի ապրում։ Մի քանի օր անց վերադարձա Մոսկվա փաստաթղթերի համար, 10 օր սպասել էր պետք արտերկրյա անձնագրին։ Տհաճ էր։ Երբ մետրոյում էի, էկրանին վազող տողով կարդացի զգուշացումը՝ քրեական պատիժ է՝ մինչև 10 տարի… Հիմա գիտեմ, որ 20 տարով ազատազրկում են մարդկանց՝ անգամ լրագրողական աշխատանքի համար, որոնք պետությանը հակառակ կարծիք են արտահայտում: Դեռ չեն գնդակահարում, բայց հետապնդում և ծանր հոդվածով պատժում են։ Հետապնդում են անգամ այդ մարդկանց փաստաբաններին։ 

Մինչև ռուս-ուկրաինական պատերազմը հույսի մնացորդներ ունեի երկրիս ողջախոհության առումով։ Բայց փետրվարի 24-ին ողջը կորցրեցի, իմ երկիրը կորցրեցի, այլևս հնարավոր չեմ համարում վերադարձս այնտեղ։ Հասկացա, որ ինձ սպասում են մշտական հալածանքներ, ու մեկնեցի մեռնելու, քանի որ գիտակցում էի, որ էմիգրացիան ամեն մեկի, հատկապես իմ ուժի բանը չէ։ Այսուհանդերձ, գերադասում եմ իմ մահն օտար ափերում, քան ապրել այդ ամոթալի երկրում, որտեղ պատերազմ ու սպանություն են խրախուսվում։

Կարծում եմ՝ պատերազմը միշտ վատ է. հոգեկանի ինչ-որ հատված մահանում է, երբ ցավ ես պատճառում։ Կուզենայի ամեն ինչ անել, որ խնդիրները խաղաղ ճանապարհով լուծվեն։ 

Ուրախ եմ, որ Հայաստանում եմ։ Այստեղի էներգիան ինձ վրա դրական անդրադարձավ։

Առաջին երկու շաբաթը զարմանում էի մարդկանց հոգատարության, ուշադրության վրա։ Սուպերմարկետում կանգնած էի՝ ձեռքերս զբաղված, զանգ եկավ, կողքիս կանգնած հայն ինձ առաջարկեց իր զամբյուղը` միջից հանելով իր գնումների փաթեթը՝ ուղղակի տեսնելով, որ անհարմար վիճակում եմ։ Մեզ մոտ՝ Ռուսաստանում, նման բան չի լինում։ 

Ձեզ մոտ մարդիկ բարեկամաբար են տրամադրված միմյանց հանդեպ։ Գուցե նրանից է, որ կրոնական, ազգային, մշակութային միևնույն միջավայրում են ապրում, նույն էթնոսն են` միշտ միասին։ Մերձավորին պաշտպանելու ցանկությունը երևի ներծծվում է մայրական կաթի հետ։ Մեզ մոտ, օրինակ՝ հաճախ բարեկամներին կարող են վերաբերվել օտարի պես, ինչն այնքան սովորական բան է։ 

Կանգնած էի փողոցում, փնտրում էի բնակարանի հասցեն, որը պետք վարձակալեի, նայում էի շուրջս, հեռախոսիս, հասկանալու, թե որտեղ է այդ շենքը։ Մեքենա է մոտենում, մեքենայից մի աղջիկ հարցնում է` կարո՞ղ եմ օգնել, հուշել, թե որ կողմ պետք է գնալ։ 

Ձեզ մոտ հանրահավաքներն էլ այնքան խաղաղ են ընթանում։ Դա ինձ ուրախացնում է։ Անցնում ես ոստիկանների կողքով և չես ճնշվում։ Իսկ մեզ մոտ սիրտդ սեղմվում է, ուզում ես արագ հեռանալ: 

Պատրանքներ չունեմ, քանի որ տուն եմ կորցրել, երկիրս եմ կորցրել…

Հայաստանում նայում ես մարդկանց, ուրախանում են սովորական, մարդկային իրողություններով, կյանքով. մեկը սիրահարվել է, մեկ ուրիշը ինչ-որ լավ բան ստեղծել… Ու նայելով դրան` քո հայելային նեյրոնները հանգստանում են, դու էլ ես լիցքաթափվում։

Պատրանքներ չունեմ, քանի որ տուն եմ կորցրել, երկիրս եմ կորցրել, կորցրել եմ աշխատանքս, ստիպված եղա վաճառել ձայնագրմանս ստուդիան, որ Պիտերում էր։ Շուտով գումարային խնայողություններս կսպառվեն, ինչ անել` անհասկանալի է։ Բարդ վիճակում եմ, բայց դրա հետ մեկտեղ՝ ինձ լավ եմ զգում այստեղ։ Շուրջս կյանքը լավն է, վերականգնվեցի այստեղ, թեև ոչ ամբողջությամբ, բայց հոգեկանիս առաջնային շերտերը, որ շոկի մեջ էին, այլևս շոկ չեն ապրում։ 

Նվագում եմ Հյուսիսային պողոտայում, մարդկանց դուր է գալիս, քանի որ ես էլ եմ հաճույքով նվագում։ 

Մեզնից յուրաքանչյուրն իր WiFi-ն է տարածում, իր էներգիան, թրթիռները։ Ուզում եմ գտնել այն տեղը, որտեղ կարող եմ մարդկանց բարիք բերել, ոչ թե կարտոֆիլ մաքրել հանրային սննդի կետում, այլ անել այն, ինչ ես եմ ուզում, այն, ինչ ինքս ինձ եմ սովորեցրել։ 

Չորս տարի է՝ զբաղվում եմ նաև ջազային պարերով։ Բարձր մակարդակ չունեմ պարարվեստում, բայց պարային դասեր եմ վարում՝ առանց գումարի, քանի որ կարող եմ մարդկանց սրտանց ինչ-որ բան տալ։ Երբ մարդիկ պարում են, ակամայից ժպտում են։ 

Բացասական ինչ եմ նկատում Հայաստանում, կասեմ` չեմ կարող քննադատել երկիրը, որն ինձ ապաստան է տվել։ Բարոյականությունս թույլ չի տա անել։ Կարող եմ ասել, որ խելացի մարդիկ այստեղ պետք է կարողանան վաստակել՝ առանց զիջելու իրենց էթիկական սկզբունքները։ Կրթված մարդիկ, ուսուցիչները, բժիշկները… պետք է լավ վաստակեն և իրենց լավ զգան այս երկրում։ Նրանք կարող են կառուցել ավելի լավ կարգ, ավելի լավ տարածություն, ավելի լավ ալգորիթմներ ու հնարավորություններ։ 

Հայաստանն իմ ամբողջ կյանքում կհիշեմ, սա այն երկիրն է, որտեղ ամենաշատն եմ ապրել՝ Ռուսաստանից հետո։ Այլ երկրում մի քիչ կկարոտեմ Հայաստանը։

Ցավոք, այստեղ իմ արվեստով վաստակելու հնարավորություն չեմ տեսնում։ Զգայուն լսողություն ունեմ և ստեղծում եմ սպեցիֆիկ բաներ, ինչի համար շատ գումար չեն տալիս։ Ռուսաստանում իմ հաշվին էի դա անում։ Հայաստանում ասում են, որ լավագույն երաժիշտները մեկնել են։ 

Ամենամեծ արժեքն այստեղ, իհարկե, մարդիկ են։ Գիտեք՝ երկրի մշակույթն այսօր ապրող մարդիկ են։ Օրինակ՝ մենք կարող ենք հպարտանալ Պուշկինով, բայց եթե չունենայինք Պելևին, Ակունին… Նրանք ժամանակակիցներ են, որոնք հիմա են արարում, հիմա կան… ամենակարևոր մարդիկ են այսօրվա հասարակական կյանքում։ Եվ նրանց պետք է լսել, նրանցից պետք է հարցազրույցներ վերցնել։ Նրանք ներկան են, ժամանակակիցն են, նուրբ, ստեղծագործ, քո արյունից և մարմնից, նրանց հարցրեք։

Ռոբերտ Կռումինշ: Ռիգայում եմ ծնվել։ Անունս Ռոբերտ է։

Որպեսզի խոսեմ իմ մասին, պիտի խոսեմ հորս մասին։ Հայրս ծնվել է Լատվիայում, զինվորական մասնագիտություն ունի. սակրավոր է եղել: Մորս հետ ծանոթացել են Դոնեցկում, երբ հայրս մասնագիտական վերապատրաստում էր անցնում։ Այդ ծանոթության արդյունքում լույս աշխարհ եմ եկել ես։

Հայրս շատ խաղաղ մարդ է, չգիտեմ՝ ինչն է ստիպել նրան ընտրել զինվորականի մասնագիտությունը։ Հետո թողել է՝ սովետական շրջանում։ Հայրս մեծացել է Լատվիայում, ապրել փոքրիկ ֆերմայում, որը անտառին շատ մոտ է։ Ես էլ եմ հաճախ այդ անտառում եղել, և այնտեղ է, որ մեջս ներմուծվել է բնականի, խաղաղության, իսկականի ճանաչումը։ Մայրս բժշկուհի է։ Երկու տարեկանում ինձ բերել է Սարտանա, ինչի համար իրեն շնորհակալ եմ։ Կարծես կանխատեսում էր հետագա խնդիրները, զարգացումները, քանի որ Լատվիայում թշնաբար էին վերաբերվում ռուսախոսներին։ 

Սարտանայում եմ մեծացել՝ Մարիուպոլի մոտ գտնվող հունական ավան է, որտեղ վերաբնակեցված հույներ են ապրում։ Այստեղ էր, որ տեսել եմ նախկին սերունդների էթնիկ իմաստությունը, որն ազատ էր քարոզչությունից ու կարգախոսներից։ Այստեղ կարող էիր առնչվել ֆունդամենտալ մշակույթի հետ, որի վրա կառուցվում են մարդկային պարզ արժեքները։ Մասնագիտությունս ընտրել եմ` ապրելով հենց այս ավանում։ 

Առաջին-երկրորդ դասարանում էի, մի ամերիկյան ֆիլմ տեսա հեռուստացույցով։ «Գիշերային մարդը» սերիալն էր. սաքսոֆոնահարը հակագրավիտացիոն սարքավորումներ է գտնում և սկսում գիշերային ժամերին փրկել աշխարհը։ Առաջին անգամ այս ֆիլմում լսեցի սաքսոֆոնը։ Հետաքրքրեց այդ գործիքի վիբրացիան, համակցությունը՝ ձայնն արձակում է փայտը, մետաղն ընդունում է այն, յուրօրինակ էր։ Գործիքի կառուցվածքն էլ շատ բացառիկ էր, այն տարբերվում էր իմ լսած մյուս փողային գործիքներից։ Սկսեցի նվագել, շուրջ 19 տարի է՝ ինչ նվագում եմ։ 

Այս ընթացքում էր, որ սովորեցի աղոթել

Պատերազմից 20 օր առաջ զգում էի, թե ինչպես են դանդաղ փոխվում տրամադրությունները, ինչպես է Մարիուպոլը կորցնում էմոցիոնալ կայունությունը, ինչպես են մարդիկ վարակվում վախով։ Փետրվարի 4-ին դուրս եկա Մարիուպոլի կենտրոն և սկսեցի ուղղակի նվագել։ Առավոտյան 8-ից մինչև 12-ը նվագում էի, հաճախ ձյան տակ կանգնած ու տեսնում էի, թե ինչ կարևոր էր դա մարդկանց համար. տխրությունն ու տրտմությունը, որ խիստ ճնշող էր, ցրվում էր, մարդիկ սկսում էին ժպտալ։ 

Մարիուպոլում էի, երբ սկսվեց պատերազմը։ Գիշերվա ժամը 4-ն էր, պառկած էինք անկողնում, լսեցինք պայթյուններ, տանիքը սկսեց թափ տալ, պատուհանները ցնցվում էին։ Մեզ մոտ սարեր չկան, հարթավայրային է. տնից մի քանի կիլոմետրի վրա կարելի էր տեսնել ռմբակոծությունը։ Հասկանում էի, որ պատերազմում առաջին հերթին մահանում են նրանք, ովքեր խուճապի են մատնվում, չեն կենտրոնանում, չեն ընկալում, որ կյանքն արդեն նախկինը չէ և արդեն շրջվել է այլ ուղղությամբ։ Երբ մարդ վախենում է, շատ դժվար է գոյատևել պատերազմում։ Պատերազմը մեծ փորձություն է մարդու և իր վախերի համար։ Այս ընթացքում էր, որ սովորեցի աղոթել։

Սարտանայում մնացինք 5 օր՝ մորս և ընկերուհուս հետ։ Սկզբում հոսանքն անջատվեց, հետո՝ ջուրը։ Երբ գազը կորավ, հասկացա` ինչ-որ տեղ գազամուղը պայթել է։ Արդեն ազդանշան էր, որ վտանգավոր է, ու պետք է հեռանալ։ Հավաքվեցինք, ուզում էինք ոտքով հեռանալ։ Բախտի բերմամբ, հարևանը հանդիպեց ճանապարհին՝ մեքենայով և մեզ դուրս բերեց։

Եկանք Մարիուպոլի կենտրոն, Կուինջի պատկերասրահի մոտ։ Երկու շաբաթ ապրեցինք այնտեղ` կնքամորս մոտ։ Տունը, որ 300 տարեկան էր` մեկ մետր հաստությամբ պատերով, ամեն օր ցնցվում էր պայթյուններից։ Կնքամայրս մի օր արթնացրեց ինձ, ասելով` Ռոբե՛րտ, արթնացի՛ր, թե չէ այդպես քնած էլ կմեռնես։ Իսկ ես այնքան էի հոգնել այդ ամենից, որ պատասխանեցի` արդեն մեռել եմ։ 

Ամեն օր ռեակտիվ արկեր էին թափվում տան մոտ։ Կրակոցներն ավելի էին ուժգնանում, քաղաքի ձախ ափը լրիվ ոչնչացված էր։ Մայրս ջրասույզների փրկարարական կայանում էր աշխատում, ընկերուհուս հետ տեղափոխվեցինք կայան և որոշ ժամանակ ապրում էինք փրկարարական խցում։ Տանկային մարտեր էին ընթանում Մարիուպոլում, քաղաքն այրվում էր։ Օդը հալչող պլաստիկի հոտ ուներ։ Հեռախոս, ինտերնետ, կապի միջոց՝ չկային։ Չէի հասկանում՝ ինչ են մարդիկ անում, մտածում, ինչ է կատարվում, ասես՝ «Ալիսան հայելիների աշխարհում» հեքիաթում լինեի։ Գալիս էին կենտրոնից, պատմում, որ իրենց հարևանի ողջ ընտանիքը, որը նստած է եղել բազմոցին, արկի պայթյունից թռել է պատուհանից դուրս: Եվ սարսափը կանանց ու երեխաների աչքերում էր։ Հետո մի առավոտ տեսա՝ հեռուստակայանը չի երևում, շենքերը կան, կայանը չեմ տեսնում։ Ծուխը ծովի վրա էր նստած։ Հասկացա, թե ինչ իրավիճակ է քաղաքում։ 

Փողոցում գտա մի մեքենա, «Նիվա» էր` պետական գրանցումով, էլեկտրակայանում գտա բանալիները, և ընկերուհուս հետ հեռացանք այդտեղից։ 

Մայրս հրաժարվեց մեկնել։ Անկախ իմ համառ պնդումներից, որ նստի մեքենան, չցանկացավ լքել իր տունը։ Պետք էր ուժ գործադրել մորս վրա, չէի կարող։ Շատերը չեն ցանկանում լքել իրենց տունը, ծննդավայրը։ 

Ռումբերի և պայթած մեքենաների միջով անցանք ուկրաինական զորամասի կողքով, որն արդեն չեզոքացված էր ռուս զինվորականների կողմից։ Երբ դուրս եկանք Մարիուպոլից, զգացի, թե ինչպես է վախի ֆոնը ցրվում։ Գուցե «վախի մետաֆիզիկա» արտահայտություն կարելի է հորինել։ Սա մի բան է, որով կարելի է շահագործել մարդկանց. կարծես վախի գմբեթ էր վերևից կախված, որն անհետացավ։ Ճանապարհին տեսնում էի զինվորականների, անցնում էին զրահապատ մեքենաներով, ժպտում էին, ձեռքով էին անում, և զգում էի մարդկային ներկայություն իմ կողքին, որը չէի զգում Մարիուպոլում։ Մարիուպոլում իմ կողքով անցնող ուկրաինացի զինվորներից վայրի վախ էի ապրում, թվում է` նրանք պիտի պաշտպանեն մեզ, պիտի վստահեի նրանց, փոխարենը՝ վախ էի ապրում։ Հիմա հասկանում եմ, որ Մարիուպոլում մասնավոր զորամիավորումներ էին գործում։ Մարիուպոլից դուրս ուկրաինական զինված ուժերը չգիտեին՝ ինչ քաղաքականություն են վարում այդ զորամիավորումները։ Մարիուպոլից դուրս Ուկրաինայի ԶՈՒ զինվորները լրիվ այլ էին, նրանք մարդկանց ակնածանքով էին ընդունում։ 

Ես մարդ եմ և չեմ կարող մարդ սպանել

Հենց մարդը հասկանում է, թե որն է իր «ես-ի» հիմքը և ինքնանույնականացվում է, այլևս ղեկավարել, մանիպուլացնել նրան հնարավոր չի լինի։ Ես կարողացա հստակ պատասխանել ինձ, թե ով եմ ես, և դա իմ վահանն էր պատերազմի ժամանակ։ Դա իմ վահանն էր, երբ դուրս էի գալիս Ուկրաինայից։ Ես գիտեմ` ով եմ ես, և դա իմ զենքն է։ 

Հիմա պատերազմում են մարդիկ, որոնք իրենց քաղաքացի են համարում, կարծես՝ մարդ լինելը երկրորդ տեղում է հայտնվել։ Պետությունն է ստեղծել քաղաքացուն, իսկ մարդուն ո°վ է ստեղծել։ Պետությունը չի ստեղծել մարդուն, այլ մարդն է պետության ստեղծողը։ Մայրս մանկուց ինձ սովորեցրել է, որ հոգին մարդու հիմքն է, մնացած ամեն ինչ, ինչ անում ես, մտածում, գործում, լավ է, բայց դրանք միջոցներ են, որոնցով հոգին պիտի ապրի։ 

Ես մարդ եմ, սա է իմ ինքնանույնականացումը, և ես չեմ կարող մարդ սպանել։ Սա այն դժոխքն է, որից հետո դժվար է ապրել։ Մարիուպոլում գործող ուկրաինական բանակը օգտագործում էր մեզ որպես կենդանի վահան, սա անհարմար ճշմարտություն է շատերի համար։ Կիսատ ճշմարտությունը ստից վատ է։ Այդ կիսատ ճշմարտությունն է պատերազմի պատճառը։ 

Մեկնեցինք Ստամբուլ, հետո Անկարայից մեկնեցինք Վրաստան։ Ճանապարհին քովիդով էի հիվանդացել։ Որոշեցինք Վրաստանից գալ Հայաստան, և հենց սահմանին ամեն ինչ փոխվեց, ես հանգստացա։ 2017-ին էի այստեղ եղել, սոցցանցերում տեսել էի հայտարարություն` «Ծիրանի բերքահավաք Արարատյան դաշտավայրում», ու եկել էի։ Ավտոստոպով հասել էի Արարատ՝ ծիրան հավաքելու: Հետո Կապանում էի՝ ընկերոջս քեռու մոտ։ Նա խնամում էր իր պապին, որն 90-ն անց մարդ էր։ Տեսնել ծեր հայի, որի աչքերում ամեն ինչ արձանագրված էր, բառերով պատմելու չէ։ 

Հայաստանի մշակույթը բուտաֆորիա չէ, իսկ աշխարհում հիմա կլիպային մտածողությունն է տիրում։ Ամիսներն ու տարիները չեն բավականացնի Հայաստանը ճանաչելու համար։ Խոր Վիրապում եմ եղել։ Երբ մտա վանք, կարծես իմ տուն էի մտնում, որտեղ քեզ մարդ ես զգում, չգիտեմ ինչ էր դա։ Խոր Վիրապը հիմք է։

Երբ առաջին անգամ տեսա Մայր Հայաստանի արձանը, հարց առաջացավ` ինչո՞ւ է կինը սուր վերցրել։ Ծանոթ նկարչուհիս պատասխանեց. «Եթե ամուսինս մահանա մարտում, ի°նչ է լինելու զավակներիս հետ. ե՛ս պիտի վերցնեմ սուրը»: Այնքան ցնցվեցի, որ սկսեցի ներթափանցել հայ մշակույթի զգացողությունների մեջ։ 

Երբ եկա Հայաստան, հասկացա՝ խենթ չեմ

Եկանք Հայաստան և առաջինը էմիգրացիայի կենտրոն դիմեցինք։ Ասացին, որ բնակության տեղերն ամբողջությամբ զբաղված են։ Տվեցին փաստաթուղթ, որը թույլ է տալիս երկու տարի ապրել Հայաստանում՝ որպես փախստական։ Հետո ընկերս այստեղ մեզ գրանցեց իր տան վրա, անձնագրային գրասենյակից ստացանք փաստաթուղթ, որը հաստատում է մեր կացության կարգավիճակը։ 

Լատվիայում եմ եղել, Նիդերլանդներում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Մալայզիայում, Չինաստանում, էլի մի քանի երկրներում։ Հայաստանն ինձ համար մնում է մարդկայինի, հյուրընկալության չափանիշ։ Հանդիպել եմ մարդկանց, որոնք ինձ հետ կիսել են իրենց վերջին ունեցածը։ Սրանք կենսական իրողություններ են, որոնք այլ երկրներում հնարավոր չէ հանդիպել։ Կարող ես մոտենալ փողոցում ամեն մարդու և սկսել կատակել… սա դեֆիցիտ է մեծ աշխարհում։

Ուկրաինայից հետո վերականգնեցի առողջությունս՝ շնորհիվ մրգերի, ջրի, օդի։ Փոխվել է իմ հուզական վիճակը։ Գտա շատ ընկերներ, մարդկանց, որոնց մեկ-երկու անգամ եմ տեսել կյանքում, բայց կարող եմ հիմա էլ զանգել։ Ավելի քան համոզված եմ՝ կհրավիրեն տուն, եթե գիշերելու տեղ չունենամ, կհրավիրեն գիշերելու։

Ամեն երկրում սա չես տեսնի։ Միշտ այդ դիրքից եմ մոտեցել իմ հյուրերին, մարդկանց։ Շատերը ինձ չէին հասկանում Ուկրաինայում։ Երբ եկա Հայաստան, հասկացա, որ խենթ չեմ, ինչ-որ տեղ կա, որտեղ մարդիկ հենց այդպես են ապրում։

Այստեղ մթնոլորտը մշակութային է՝ երաժշտության առումով։ Մարդիկ հասկանում են ջազը, բլյուզը, ֆանկը, սվինգը… Մեծ առավելություն է, երբ կա մշակութային պարունակություն։

Բլյուզ եմ նվագում։ Երաժշտությունն է, երբ «լավ մարդուն վատ է», երաժշտությունը, որ լսողին հասկանալի չէ՝ մաժո՞ր, թե՞ մինոր է լսում։ Նման է սլավոնական հին երգերին, որ մեր տատիկներն էին երգում՝ նույնպես մաժորն ու մինորը դժվար է տարբերակվում։ Եթե երաժշտությունը քեզ դիպել է, ուրեմն ողջ կյանքում քեզ հետ կլինի։

Չեմ ուզում այստեղից գնալ:

Բայց հիմա, երբ սահմանին հարձակումներ են, փողոցում նվագել չեմ ուզում, հասկանում եմ, որ մարդիկ սգի մեջ են։ Տպավորություն ունեմ, թե աշխարհի քաղաքական բարձր շրջանակներն ուզում են ոչնչացնել բոլոր այն տեղերը, որտեղ մարդիկ լավ են ապրում։ Եթե մարդ ուզում է իրեն մարդկանց մեջ մարդ զգալ, պետք է Հայաստան գա։

Վաղինակ Ղազարյան

MediaLab.am