Տեղահանված հադրութցիների հրատապ խնդիրների շարքում է կացարան գտնելը

Արցախի Հադրութի շրջանի բնակավայրերից տեղահանված բնակչության առաջնահերթ խնդիրների շարքում է կեցության պայմանների ապահովումը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի տեղեկատվական շտաբի Հադրութի շրջանի գրասենյակի աշխատակցուհի Լիանա Պետրոսյանը: Նրա խոսքով, Հադրութի շրջանի 3500 տնտեսությամբ բնակավայրերից տեղահանվել է մոտ 14 հազար մարդ:

«Նրանց մեծ մասը՝ մոտ 75 տոկոսը, ապաստանել է Հայաստանի Հանրապետությունում՝ Երևանում, Կոտայքի և Արարատի մարզերի բնակավայրերում: Արցախի՝ Երևանում գործող տեղեկատվական շտաբի Հադրութի գրասենյակն այս օրերին աշխատում է արտակարգ ժամանակացույցով՝ առանց հանգստյան օրերի: Այս ընթացքում շարունակել ենք հաշվառել ՀՀ-ում հանգրվանած հադրութեցիների փաստացի բնակվելու վայրերը, ընտանիքների կազմերն ու կարիքները: Այս պահին տեղահանված և Հայաստանում հանգրվանած հադրութցիների հաշվառման գործընթացն իրականացվել է 85 տոկոսով: Տեղահանված հադրութցիներին մտահոգող խնդիրներից առաջնահերթը շարունակում է մնալ կացարան գտնելու խնդիրը:

Հադրութցիներին ժամանակավոր կացարաններով ապահովելու հարցում մեծ աջակցություն է ցուցաբերում Հայորդաց տունը: Հարկ է նշել, որ կան ընտանիքներ, որոնց կացարանային ապահովման խնդիրը, հրատապ լուծման կարիք ունի: Ըստ այդմ՝ առաջին փուլում մեզ մոտ հաշվառվածներից, կարողացել ենք կարճաժամկետ կտրվածքով ժամանակավոր կացարաններ գտնել ավելի քան 20 ընտանիքի համար:

Ընդ որում՝ արվում է հնարավորը ձմեռային ժամանակահատվածում նրանց կեցության նվազագույն պայմաններով ապահովելու համար: Մասնավորապես տրամադրվում են նաև անկողնային պարագաներ, տաք հագուստ, ծածկոցներ»,-մանրամասնեց Պետրոսյանը՝ ընդգծելով, որ առանձին բնակարաններ առայժմ չեն տրամադրելու հնարավորություն չկա, իսկ դիմողների թվում կան քաղաքացիներ, որոնք հրաժարվում են ընդհանուր կենցաղային պայմաններով ժամանակավոր կացարաններից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում