Մեր ժողովուրդը հերոսական կռվեց, բայց ի՞նչ մեղարվոր էր ժողովուրդը, որ երկրի ղեկավարը պատրաստ է այդ հերոսական ոգին զոհաբերել հանուն իր ախորժակի․ Լևոն Զուրաբյանը՝ Փաշինյանի մասին․ Տեսանյութ

Հայ Ազգային կոնգրես Կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարվածի ամենամեծ պատասխանատուն է։

Զուրաբյանը Փաշինյանին համարել է տգետ աշխարհաքաղաքական իրողությունների հարցում և ընդգծել․

«Եթե իրեն Գլխավոր շտաբի պետը պատերազմից առաջ, հունիսին ներկայացնում է զեկուցագիր, որ հաշվի առնելով բոլոր այս ռազմական բալանսի մասին տվյալները, մենք չենք կարող արդյունավետորեն դիմադրել այդ պատերազմում։ Ինչի՞ վրա էր հույսը դրել։ Ընդ որում, դա շարունակվել է պատերազմի ժամանակ։ Ոչ մի լուրջ ռազմական մասնագետ, այդ թվում մեր Գլխավոր շտաբի պետը, ոչ ոք նրան չի տվել տվյալներ, որոնց համաձայն հնարավոր էր բեկում մտցնել այս պատերազմում։ Միակ տվյալը, որ ինքը ունեցել է, դա իր անկուշտ փառասիրությունն է եղել։ Երբեք չի հասկացել, որ պետական ղեկավարի և քաղաքական գործչի գլխավոր առաքելությունը դա ռեսուրսների հաշվարկն է, այդ ռեսուրսների հիման վրա իրատեսական ստրատեգիայի կառուցումն է։ Նա, ըստ էության, այդ ամբողջը դրել է մի կողմ և ապավինել է մենակ մի բանի՝ այսպես կոչված դուխի վրա։ Սա ամենամեծ հանցանքն է իրականում։ Որովհետև մեր ժողովուրդը իսկապես հերոսական կռվեց, իսկապես պատրաստ էր կյանքեր զոհել հանուն հաղթանակի։ Բայց ի՞նչ մեղարվոր էր մեր ժողովուրդը և ի՞նչ մեղավոր էր մեր բանակը նրանում, որ երկրի ղեկավարը այս ամենի մասին պատկերացում չունի և պատրաստ է այդ հերոսական ոգին զոհաբերել հանուն իր ախորժակի»։

Զուրաբյանը նաև նշել է․

«Երբ արդեն պարզ էր, որ պատերազմը տանուլ է տրված, ինչ-որ պահից և՛ Արայիկ Հարությունյանը դրա մասին բարձրաձայնեց, և՛ Ղարաբաղի բոլոր նախկին նախագահները դրա մասին բարձրաձայնեցին, բոլորի համար պարզ էր, որ պետք է հիմա արագ գնալ և Մոսկվայում պայմանավորվել եղածը պաշտպանելու համար: Եվ դրա համար, այո՛, նրանք դիմել էին Նիկոլ Փաշինյանին, որ նաև տրամադրվի, օրինակի համար, Տեր-Պետրոսյանին մանդատ, որ ինքը կարողանա բանակցել և գոնե պահպանել այն, ինչ որ հնարավոր էր պահպանել։ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց դա անել», -ասել է Զուրաբյանը։