Դա մեզ հայտնի GPS-ը չէ, որ ասում է՝ աջ գնա, ձախ գնա, այլ ճշգրիտ, գլոբալ համակարգ է․ Քարտեզագիրը՝ սահմանների գծման մասին

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) աշխարհագրության ֆակուլտետի քարտեզագիր, աշխարհագրագետ Տիգրան Բաբայանը կարծում է՝ քարտեզագրման անհրաժեշտություն միշտ կա, որն անցկացվում է պետությունների միջև և շատ ճշգրիտ գործընթաց է։

«Սովետական շրջանում, երբ սովետական պետության սահմանն էր չափագրված, մեզ տեսանելի էր, երբ, օրինակ՝ փշալարերով առանձնացված էին դրանք։ Հիմա կա կադաստրային մեթոդաբանություն, գիտությունը կարողացավ ճշգրտել այդ ամենը։

Իհարկե կոնկրետացումը բոլոր բնագավառներում ճիշտ է։ Կարծում եմ՝ այս խնդրին մենք պետք է ավելի վաղ անդրադարձած լինեինք, գուցե հնարավոր լիներ ավելի հանգիստ պայմաններում անել։

Հիմա այդ գործընթացը երևի ավելի շտապողական կարվի, որը լավ չէ։ Երևի դրա համար էլ ռուսական կողմին են ներգրավում»,- «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնալով այս օրերին Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների ճշգրտման գործընթացին ասաց Բաբայանը։ 

Մասնագետի խոսքով՝ Հայաստանի սահմանների և, մասնավորապես, Ադրբեջանի հետ սահմանների քարտեզագրման հարցը վաղ թե ուշ պետք է ծառանար Հայաստանի առաջ։

Դիտարկմանը, թե սահմանագծումը GPS-ով որոշելու մասին Հայաստանի վարչապետի հայտարարությունը իրարամերժ մեկնաբանությունների տեղիք է տվել, և հարցին՝ արդյոք դա ճի՞շտ մեթոդաբանություն է սահմանագծման գործընթացում, Բաբայանը պատասխանեց․ 

«Դա տեխնոլոգիան է, և GPS հասկացությունը էլեկտրոնային թեոդոլիտներ (չափիչներ) են, կոորդինատային կապակցումներ, արբանյակային համակարգեր են։ Երկրի վրա կան համապատասխան կետեր, և GPS-ը մի համույթ է, որի մի մասը գտնվում է երկնքում՝ տիեզերանավերի վրա, իսկ մյուս մասը երկրի վրա ամրացված կետեր են, որոնք գոյություն ունեն միջազգային տարբեր պայմանավորվածությունների ու պայմանագրերի շրջանակներում։

Հայաստանը այդ առումով շահեկան վիճակում է, այդ տեխնոլոգիաները մեր երկրում կան։ GPS-ը ոչ թե մեզ շատերիս հայտնի GPS-ն է, որ մեզ ասում է՝ աջ գնա, ձախ գնա, այլ բավականին ճշգրիտ, գլոբալ համակարգ է»։

Ավելին, մասնագետի ներկայացմամբ՝ GPS համակարգի լավագույն սարքավորումների ներկայացուցիչները Հայաստանում կան, ներկայացված են, և Հայաստանը այդ ուղղությունից հեռու կանգնած չէ։

Բացի այդ, ռուսական կողմն էլ իր սեփական արբանյակային խոշոր համակարգն ունի՝ ԳԼՈՆԱՍ-ը, հետևաբար միասնական աշխատանքի դեպքում, ըստ քարտեզագրի, սահմանային ճշտության հարցում կարելի է նախանձել սանտիմետրերի ճշտությանը։

Գործնականում սահմանային ճշգրտումներից հետո, ըստ Տիգրան Բաբայանի, գծերի տեղափոխում պետք է կատարվի արդեն քարտեզների վրա։ 

«Սա արդեն բարձրագույն գեոդեզիայի իմացության տիրույթն է։ Իմիջիայլոց, քարտեզագրման արդյունքում գյուղական համայնքների տարածքային խնդիրներն էլ կճշգրտվեն, որովհետև դրանք էլ նույն պահանջն ունեն։

Էլի կրկնեմ՝ GPS հասկացությունից վախենալ, զգուշանալ պետք չէ, դա այսօրվա ժամանակակից տեխնոլոգիան է, որն իր արդյունավետությամբ զգալի առավելություններ ունի, միաժամանակ՝ լուրջ տեխնիկական հագեցվածություն»,- նշեց քարտեզագիրը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am