«Իհարկե, Առուշ Առուշանյանը համակիրներ ունի, բայց մեր թեկնածուն հաստատ լուրջ հաղթանակ կտանի». Արմեն Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև և Տեղ խոշորացված համայնքներում համամասնական ընտրակարգով կկայանան ավագանու անդամների ընտրություններ: Ձեր քաղաքական թիմն արդեն հայտարարել է թեկնածուների անունները: Հետաքրքիր է՝ ի՞նչ չափանիշներով եք ընտրել հենց այդ թեկնածուներին, որոնք գլխավորելու են համամասնական ցուցակը:

– Թեկնածուներին, կոնկրետ՝ Գորիսում, ընտրել ենք հետևյալ սկզբունքով. նա պետք է լինի ամենակարևորը՝ ժողովրդի կողմից ընդունված, հեղափոխության արժեքները կրող, ունենա հնարավորինս անբիծ անցյալ և կարողանա իրականացնել վարչարարությունը, լինի լավ կառավարիչ: Այս հատկանիշներից ելնելով էլ ընտրել ենք թեկնածուներին:

Գորիսում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարը զբաղեցնելու է Վլադիմիր Աբունցը, բայց ընդգծեմ, որ նախքան նրա թեկնածությունն առաջադրելը երկու ամիս ու գուցե ավելի քննարկումներ ենք ունեցել Գորիսի բնակիչների հետ, և այդ քննարկումների արդյունքում ենք որոշել առաջադրել Աբունցի թեկնածությունը: Գորիսի ժողովրդի կարծիքին ընդառաջ գնալով է ընտրվել Աբունցը՝ որպես թեկնածու:

– Այդ հիմքո՞վ եք առաջադրել Վլադիմիր Աբունցի թեկնածությունը, թե՞ ավելի շատ հաշվի եք առել այն, որ նա ձեր ընկերն է, ինչպես նշում են տարբեր շրջանակներից:

 – Ցուցակում եղել են մարդիկ, որոնք իմ մանկության ընկերներն են եղել, բայց նրանք այժմ թեկնածուների ցուցակում չկան: Վլադիմիր Աբունցն իմ մանկության ընկերը չի եղել, բայց նա է գլխավորում ցուցակը: Այսինքն՝ մեզ համար այդ հանգամանքը որևէ նշանակություն չի ունեցել, մերժել ենք մեր ընկերներին՝ հանուն ժողովրդի ցանկության:

– Պարո՛ն Խաչատրյան, իսկ, ըստ ձեր քննարկումների արդյունքների, Գորիսի ո՞ղջ բնակչությունն է սատարում Աբունցին:

– Իհարկե, որևէ բան հարյուր տոկոս չէ, բայց մեծամասնությունը, ես կասեի՝ որակյալ մեծամասնությունը, սատարում է Աբունցին: Գորիսը փոքր քաղաք է, բոլորը գիտեն բոլորի տվյալներն ու անցած ուղին, և, այո՛, մեր բնակչության որակյալ մեծամասնության կողմից Աբունցի թեկնածությունը դրական է գնահատվել, և ես՝ որպես ԱԺ պատգամավոր, նաև Սյունիքի մարզպետը առաջարկել ենք Վլադիմիր Աբունցի թեկնածությունը, ինչը դրական է գնահատվել կուսակցության կողմից, և նա կլինի Գորիս համայնքի ղեկավարի մեր թեկնածուն:

– Ձեր այս հայտարարությամբ, ըստ էության, հերքում եք ընդդիմության հայտարարություններն առ այն, որ Գորիսի համայնքապետ, ԱԺ «Հայաստան» դաշինքի անդամ Առուշ Առուշանյանը, որն այժմ բանտարկված է, շարունակում է վայելել գորիսեցիների աջակցությունը, և չի բացառվում, որ հենց նա հաղթի այդ ընտրություններում: Մտավախություն չունե՞ք, որ ձեր թեկնածուն կպարտվի ընդդիմության թեկնածուին:

– Իհարկե, Առուշ Առուշանյանը համակիրներ ունի, բայց ես վստահ եմ մեր թեկնածուի ու քաղաքական թիմի հաղթանակին: Կրկնում եմ, որ մեր թեկնածուն ժողովրդի մեծամասնության կողմից նախընտրելի թեկնածու է, և նա հաստատ լուրջ հաղթանակ կտանի, և այս առումով որևէ մտավախություն չունեմ:

– Ասում եք, որ թեկնածուները պետք է անբիծ անցյալ ունենան, հեղափոխության արժեքների կրող լինեն և այլն, ՏԻՄ ընտրություններին ներկայացված ձեր քաղաքական ուժի առաջադրած բոլո՞ր թեկնածուներն են այդպիսին:

– Կարծում եմ՝ այո՛, մյուս համայնքներում մեր կողմից առաջադրված ոչ բոլոր թեկնածուներին է, որ ես ճանաչում եմ, բայց՝ լինելով գորիսեցի ու զբաղվելով կոնկրետ Գորիսի խնդիրներով, կարող եմ այստեղի մեր թեկնածուի մասով երաշխավորել, որ նա համապատասխանում է իմ նշած բոլոր չափանիշներին:

– Պարո՛ն Խաչատրյան, Վլադիմիր Աբունցը, ինչպես ձեր քաղաքական թիմն է ասում, նախկինների ժամանակ աշխատել է մաքսային ծառայությունում, հետաքրքիր է՝ ձեր կողմից այդքան մեղադրված նախկինների ժամանակ աշխատելիս պարոն Աբունցը, ինչպես ասում եք, շարունակել է լինել ազնիվ և արդար:

– Հարցադրումն ընդհանրապես ճիշտ չեմ համարում, սակայն պետք է ասեմ՝ այո՛, Վլադիմիր Աբունցը լավ վարչարար է և ղեկավարել է կառույցներ ՊԵԿ-ում և այդ ընթացքում աչքի է ընկել որպես լավ ղեկավար և կառավարիչ: Ինչ վերաբերում է նախկինների ժամանակին, այդ նախկինների ժամանակ մենք ծնվել ենք, մեծացել, և կարելի է այլ կերպ հարցը ձևակերպել՝ նախկիններն են մեր ժամանակ զբաղեցրել պաշտոններ, ոչ թե մենք: Հետևաբար այդ հարցը՝ նախկին-ներկա, կարծում եմ, տեղին չէ:

– Մամուլը գրում է, որ իշխանության համար թիրախային ու կարևոր է հենց Սյունիքի մարզում հաղթանակ տանել ՏԻՄ ընտրություններին՝ ելնելով հայտնի հանգամանքներից: Իսկապե՞ս ձեր ողջ ջանքերն ուղղել եք, որպեսզի Սյունիքի մարզում հաղթեն իշխանական թեկնածուները:

– Սյունիքը կարևոր ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, սակայն քաղաքական թիմի համար կարևորն այն է, որ ժողովրդի կամքով ընտրվեն թեկնածուները: Իսկ սյունեցիների դիրքորոշումը մենք արդեն տեսել ենք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով, որևէ մտահոգություն չկա այս առումով:

Սյունիքի ժողովուրդն արդեն իր վստահության քվեն տվել է մեր քաղաքական ուժին, ինչը պետք է արտահայտվի նաև համայնքային ընտրություններում: Ջանքեր գործադրում ենք բոլոր համայնքներում, իսկ Սյունիքի մասով առանձնահատուկ ջանքեր չենք գործադրում, կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունն էլ չկա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am