«Չէինք հասկանում, չէինք հավատում, մտածում էինք՝ սուտ ա». չորս երեխաների մայրն ասում է՝ ապրում է ամուսնու մասին հուշերով

31-ամյա Լիանա Մուսայելյանի ամուսինը՝ լեյտենանտ Վրեժ Մուսայելյանը, Արցախյան պատերազմի հենց առաջին օրերից հերոսաբար կռվել է թշնամու դեմ։ Զոհվել է հոկտեմբերի 22-ին, մարտական դիրքում։

«Հոկտեմբերի 22-ին զանգահարեցի, ասեց՝ ժամանակ չունեմ, հետո կզանգեմ ու էլ չզանգեց»,- պատմում է Լիանա Մուսայելյանը, որի կյանքն ամբողջությամբ շրջվել է ամուսնու զոհվելուց հետո։

Լիանան ամուսնու՝ Վրեժի հետ ապրել է Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում։ Վրեժը մասնագիտությամբ իրավաբան էր, ավարտել է Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացու անվան համալսարանի «Իրավագիտություն» բաժինը։ 2016-ի Ապրիլյան պատերազմին կամավորագրվել է, մասնակցել մարտերին, ինչն էլ փոխել է նրա մասնագիտական կողմնորոշումը.

Վրեժն սկզբում ծառայության է անցել Արցախի պաշտպանության բանակում, այնուհետև ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Ռազմական ուսումնական հաստատությունը գերազանց ավարտելուց հետո 2017-ի հոկտեմբերին վերադարձել է պաշտպանության բանակի շարքեր և ծառայությունը շարունակել որպես հրանոթի հրամանատար։ 

«Ինքը Д-20 զենքի վրա է եղել, թշնամին հարձակում է գործել, որ Д-20-ը ոչնչացնի, իրենք երկու խմբով մտել են խրամատ, անօդաչուն խփել ա խրամատին, երկու խումբը միանգամից զոհվել է»,- դողացող ձայնով պատմում է կինը:

Ամուսնու մահվան մասին կինն իմացել է հաջորդ օրը: Այդպիսի ծանր ելքի մասին երիտասարդ կնոջ նույնիսկ մտքի ծայրով չէր անցել: «Սկեսուրս Արցախում էր էդ ժամանակ, մենք երեխաների հետ Հայստանում էինք, զանգահարեց ու հայտնեց։

Ոչ մեկս իհարկե չէինք սպասում, ահավոր էր: Անտանելի իրավիճակ էր, չէինք հասկանում, չէինք հավատում, մտածում էինք՝ սուտ ա։ Երեխաների վիճակը անտանելի էր, փոքրս՝ 5 տարեկանը, մինչև հիմա ասում ա՝ պապային եմ ուզում, հենց վրեն ջղայնանում ենք, ասում ա՝ պապային եմ ուզում»,- ասում է Լիանան։

Մուսայելյանների ընտանիքում այլևս ոչինչ առաջվանը չէ, այլևս նախկին անհոգ ու խաղաղ կյանքով չեն ապրում: Վրեժին հարազատներն ու ընկերները հիշում են որպես բոլորին հասնող, օգնող, բարի անձնավորություն։

«Չկա գյուղում մեկը, որ ճանաչեր Վրեժին ու ասեր՝ վատն ա եղել։ Միշտ ուզել ա լավն անի, բոլորի սրտով ա գնացել։ Շատ աշխույժ, կատակասեր էր, ընկերասեր, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր»,- ասում է կինը։

Մայիսի 9-ին լրացել է Լիանայի և Վրեժի ամուսնության 13-րդ տարեդարձը, որը կինն անցկացրել է առանց սիրելի ամուսնու: Հիշում է, որ նախորդ տարի ամուսնու հետ տանը տոնական ընթրիք են պատրաստել, իսկ այս տարի ծաղիկները ձեռքին այցելել է նրա շիրմին։

«Անցած տարի պոստից իջել էր, տուն էր եկել, միանգամից բոլոր տոները նշեցինք՝ մեր ամուսնության 12-րդ տարին ու Եռատոնը, իսկ էս տարի գերեզման գնացինք»,- հուզվում է կինը։

Լիանային միայնակ ու ծանր պահերին ապրեցնում են անցյալի մասին հիշողությունները, որոնց կենտրոնում Վրեժն է՝ ջերմ ժպիտով:

«Մենակ եմ լինում, ընկնում եմ անցյալի գիրկը, հիշում նրան, նրա ամեն խոսքը իմ ականջներում է»,- հուզմունքով ասում է կինը։

Այժմ նրա միակ ցանկությունը երեխաներին ապահով ու երջանիկ մեծացնելն է. «Առանց ամուսնուս շատ դժվար է, հիմա մենակ մտածում եմ երեխաների ապագայի մասին, որ լավ լինեն, կարողանան մեծանալ, պետությանը պիտանի մարդ լինեն, հոր նման լինեն»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am