ԿԸՀ-ն սահմանել է Վեդու ավագանու ընտրությունների անցկացման օրը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գումարած արտահերթ նիստում, Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների անցկացման օր է նշանակվել 2022 թվականի մարտի 27-ը:

ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ հաշվի են առնվել 2022 թվականի հունվարի 4-ի ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին» թիվ 1-Ն և ՀՀ ԿԸՀ-ի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի «2022 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին» որոշումները:

Նույն նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ Երևանի ավագանու Իմ քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանի մանդատը տրվել է Իմ քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու՝ Արմեն Սուրենի Մանուկյանին: