«Թող ուսումնասիրեն ու այնպես կարգավորեն, որ երկու եղբայր միևնույն տեղում չծառայեն». Ժաննա Ալեքսանյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարել, որով պարտադիր զինծառայությունից կազատվեն մարտական գործողությունների զոհերի կրտսեր եղբայրները։

Նշենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը, որոնցից է՝ ընտանիքի միակ արու զավակ լինելը և միաժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր ունենալը:

Պատգամավորն առաջարկում է օրենքից հանել «ընտանիքի միակ արու զավակն է» բառերը՝ այդկերպ զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք հանդիսանում են ընտանիքի միակ արու զավակը, թե ոչ:

Հավելենք, որ նախագծում ներկայացված չեն հստակ թվային տվյալներ, թե առաջարկվող փոփոխության շահառու քանի ընտանիք կարող է դառնալ, սակայն նշվում է, որ այս փոփոխությամբ պարտադիր զինծառայությունից ազատվողների թիվը մեծ չի լինելու։

«Մեդիալաբն» առաջարկվող փոփոխության վերաբերյալ զրուցել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ։

– Տիկի՛ն Ալեքսանյան, ինչպե՞ս եք վերաբերվում առաջարկվող փոփոխությանը։

– Նմանօրինակ կարգ կամ օրենք մենք ունենք, դա Վազգեն Սարգսյանի ժամանակ է ընդունվել, որ զոհվածների եղբայրներին բանակ չեն տանում։ Այլ բան, որ զորակոչի ժամանակ պաշտպանության նախարարությունը կարող էր շրջանցել այդ կարգը և ընտրողական մոտեցում ցուցաբերել։

Կարգը մինչև հիմա էլ գործում է, վերջերս եմ խոսել ՊՆ-ի մարդու իրավունքների կենտրոնի հետ․ զոհված մի տղայի եղբորն ուզում էին զորակոչել, ընտանիքը մեզ էր դիմել, ու իմացանք, որ կարգը մինչև հիմա էլ գործում է։ Այնպես որ, Հայկ Սարգսյանը պետք է ծանոթանար կամ խորհրդակցեր մասնագետների հետ ու իմանար՝ ունե՞նք այդպիսի օրենք, թե՞ չունենք։

– Պատգամավորն առաջարկում է օրենքից հանել «ընտանիքի միակ արու զավակն է» բառերը՝ այդկերպ զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք հանդիսանում են ընտանիքի միակ արու զավակը, թե ոչ։

– Տեսեք՝ հիմա էլ, ըստ կարգի, զինծառայության չեն տանում իրենից հետո եկող եղբորը, ինչը նշանակում է, որ խոսքը կրտսեր եղբոր մասին է, այսինքն՝ զոհվածի հաջորդ եղբորը չեն զորակոչում բանակ։

– Տիկի՛ն Ալեքսանյան, իսկ ձեր գնահատմամբ՝ այդ օրենքը խնդրահարո՞ւյց է, թե՞ ոչ։

– Դրական եմ համարում, չի կարելի նույն ընտանիքին դնել հարվածի տակ։ 44-օրյա պատերազմից հետո մենք տեսնում ենք, որ կան ընտանիքներ, որոնց երկու զավակներն էլ զոհվել են։ Չպետք է երկու եղբայրներին էլ տանել նույն տեղում ծառայելու, այս հանգամանքը պետք է վերանայել, սրա մասին պետք է մտածի կառավարությունը, որովհետև նմանօրինակ դեպքերը շատ են։ Պետք է այդ ընտանիքների մասին մտածել․ ինչո՞ւ այնպես չեն կարգավորել, որ երկու եղբայրն էլ միևնույն տեղում չլինեին, սա անընդունելի եմ համարում։

– Փաստորեն, կարծո՞ւմ եք, որ պետք է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրեին ու թույլ տրված բացթողումների շտկման ուղղությա՞մբ աշխատանք կատարեին։

– Այո՛, թող մտածեն, թե ինչ կարգավորումներ պետք է անեն, որ մի քիչ փոխեն այդ մարդկանց վիճակը, խնայեն նրանց։ Շատ բան կա ուսումնասիրելու, վստահեցնում եմ, մենք շատ-շատ ընտանիքներում ենք եղել ու տեսնում ենք, որ տարբեր խնդիրներ կան։

Երկու եղբայր են զոհվել, իսկ այդ ամուսինները մնացել են առանց ոչ մի բանի, և սա այն դեպքը չէ, որ ասեն՝ հայրենիքի համար են գնացել և զոհվել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am