Կիլիկիո կաթողիկոսությունը կրկին հայց է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի. Հարութ Սասունյան

2015 թվականին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը (կենտրոնը՝ Լիբանան, Անթիլիաս) դատական հայց ներկայացրեց Թուրքիայի կառավարության դեմ՝ պահանջելով վերադարձնել իր պատմական նստավայրը Թուրքիայի Սիս քաղաքում (ներկայիս Ադանայի նահանգի Կոզան շրջան), որը բռնագրավվել էր 1921 թվականին:

Կաթողիկոսությունն ի սկզբանե իր հայցը ներկայացրել էր անմիջապես Թուրքիայի Սահմանադրական դատարան, քանի որ հայցը բարձրացնում էր պատմական սեփականության իրավունքի հարցեր, որոնց վերաբերյալ ստորին ատյանի դատարանները իրավասու չէին:

Արդարադատության նախարարության պահանջով Սահմանադրական դատարանը հայցադիմումը փոխանցեց ավելի ցածր ատյանի դատարան: Սակայն  Կաթողիկոսությունը բողոքարկեց վճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում 2016 թվականին:

Եվրոպական դատարանը 2017 թվականին մերժեց Կաթողիկոսարանի 900 էջանոց հայցադիմումը՝ այն համարելով անընդունելի, քանի որ այն նախապես չէր սպառել բոլոր տեղական իրավական միջոցները, ինչպիսիք էին Թուրքիայի ստորին ատյանի դատարանները:

Ուստի, Կաթողիկոսությունը կրկին հայց ներկայացրեց 2019 թվականին, այս անգամ Կոզանի (Սիս) թուրքական ավելի ցածր ատյանի դատարան:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով երկու հետաձգումներից հետո Կոզանի քաղաքացիական դատավարության դատարանում 2021 թ․ մարտի 30-ին վերջապես տեղի ունեցավ նախաքննական դատական նիստ՝ որոշում կայացնելու համար, թե արդյոք գոյություն ունի՞ հիմնավոր պատճառ դատաքննությանն անցնելու համար:

Կաթողիկոսության հայցն ընդդեմ Կոզանի քաղաքապետարանի և Թուրքիայի կառավարության գանձապետարանի պաշտպանում է միջազգային իրավունքի մասնագետների մի խումբ, ինչպես նաև թուրք փաստաբան Ջեմ Սոֆուօղլուն և թուրքահայ փաստաբան Սեդրակ Դավութհանը՝ որպես խորհրդատու։

Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» հայկական թերթը հաղորդում է, որ ըստ փաստաբան Սոֆուօղլուի, մարտի 30-ին կայացած դատական նիստը նպատակ ուներ պարզաբանել դիմումատուի հանգամանքներն ու թույլտվությունները և հարցի ժամկետանց լինելու հավանականությունը:

Կոզանի քաղաքապետարանն ու գանձապետարանը ներկայացրեցին իրենց հակափաստարկները՝ պնդելով, որ դիմումատուն չունի պաշտոնական կարգավիճակ (իրավաբանական անձ չէ) և օտարերկրյա տարր է։

Պատասխանողները նաև նշեցին, որ նախքան դատական ​​նիստն սկսելը, դիմումատուն, որպես օտարերկրյա կողմ, պետք է տրամադրի երաշխիքային նամակ, որը համապատասխանում է պահանջի արժեքի 15 տոկոսին՝ ըստ Թուրքիայի իրավահամակարգի։

«Ժամանակ» թերթը մեջբերել է Սոֆուօղլուի խոսքերը դատավորին, որն ասել է՝ կաթողիկոսությունն արդեն ներկայացրել է պահանջված փաստաթղթերը դատարան:

Դատավորը համաձայնեց ընթացք տալ և քննարկել հայցադիմումի բովանդակությունը, ինչը նշանակում է, որ դատարանը մերժեց քաղաքապետարանի և գանձապետարանի կողմից բարձրացված առարկությունները և որոշեց, որ դատական գործընթացը կարող է վերջնականորեն շարունակվել: Հաջորդ դատական նիստը նշանակված է 2021 թ. մայիսի 6-ին: Սոֆուօղլուն ասաց, որ դա համարում է շատ դրական զարգացում:

Այժմ դատավարությունը պիտի անցնի մի քանի ենթադրելի փուլերի միջով։ Սոֆուօղլուն կանխատեսում է, որ դատարանը նախ կհավաքի Կիլիկիո կաթողիկոսության ներկայացրած փաստերը: 

Այս նպատակով համապատասխան աշխատանք պիտի տարվի պաշտոնական արխիվների և կալվածային արձանագրությունների պետական մարմինների հետ։ Փաստերի հավաքագրմանը պիտի հաջորդի հետազոտա-հետախուզական փուլը։ 

Ըստ Սոֆուօղլուի՝ դատարանը, ամենայն հավանականությամբ, ավելի ուշ կհասնի այն եզրակացության, որ անհրաժեշտ կլինի նշանակել մասնագետ այս խնդիրն իրականացնելու համար:

Նման մասնագետները սովորաբար լինում են Ադանայի շրջանի համալսարանական շրջանակաների դասավանդողներից։  Թեև դատարանները միշտ լիազորություն ունեն այդ աշխատանքն ինքնուրույն իրականացնելու համար, սակայն նախընտրում են մասնագետ նշանակել։

Վերջում, եթե Կաթողիկոսության հայցը մերժվի, ինչպես սպասվում է Թուրքիայի ստորին ատյանի դատարանի կողմից, այն այնուհետև կբողոքարկվի Թուրքիայի Սահմանադրական դատարանում, և այնտեղ հնարավոր մերժումից հետո Կաթողիկոսարանը կարող է նոր, այս անգամ պատշաճ բողոքարկման հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը հուսով ենք, չեն մերժի տեխնիկական պատճառներից ելնելով։

Չնայած այս հայցը ներկայացվել է Կիլիկիո կաթողիկոսության կողմից՝ իր պատմական նստավայրը վերականգնելու համար, այն իրականում շատ ավելի նշանակալի է, քան որպես առանձին գործ։

Հայցը կապված է հայ ժողովրդի ավելի մեծ ջանքերի հետ՝ հետապնդելու իր իրավական պահանջները՝ վերադարձնելու 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության ընթացքում Թուրքիայի կառավարության կողմից բռնագրավված բոլոր սեփականություններն ու ունեցվածքները։  

Ինչպես ճիշտ նշել է Արամ Ա կաթողիկոսը. «Սա այն ժամանակն է, երբ մենք [Ցեղասպանության] ճանաչման փուլից անցնում ենք հատուցման փուլին»: 2015 թ․ մայիսին նա ասաց «Նյու Յորք թայմս» թերթին․ «100 տարի անց մտածեցի, որ ժամանակն է, որ մենք շեշտը դնենք հատուցման վրա․․․․ 

Սա առաջին իրավական քայլն է: Դրան կհաջորդի մեր հայցը՝ վերադարձնելու բոլոր հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցու հետ կապված ունեցվածքները և, վերջապես, անհատական սեփականությունները»։

Հարութ Սասունյանը «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիրն է