Ադիբուդի, պիցցա, շաուրմա, թխվածքաբլիթ. ինչո՞ւ են մարդիկ արտակարգ դրության շրջանում հրաժարվել առողջ սննդակարգից

Լուսանկարը՝ Դավիթ Պիպոյանի ֆեյսբուքյան էջից

Արտակարգ դրության շրջանում Երևանի բնակիչների սննդակարգն էական փոփոխության չի ենթարկվել, իսկ փոփոխություններն էլ հօգուտ առողջ սննդակարգի չեն եղել։

Գիտությունների ազգային ակադեմիայի էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնն արտակարգ դրության շրջանում հեռախոսազանգերի միջոցով հարցումներ է անցկացրել Երևանի բնակչության շրջանում։

Կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանն ասում է, որ ավելի դրական ակնկալիքներ ուներ այս ուսումնասիրություններից, կարծում էր, թե մարդիկ, գտնվելով տանը՝ կկարողանան առողջ սննդակարգը պահպանել։ Բայց հակառակ պատկերն է ստացվել։

«Անկեղծ պետք է խոստովանեմ, որ մենք ստացել ենք պատկեր, որն ինձ անակնկալի է բերել։ Ենթադրվում էր, որ արտակարգ դրության շրջանում մարդիկ ավելի շատ առողջ սնունդ պետք է օգտագործեին, բայց ես ձեզ պետք է հիասթափեցնեմ՝ Երևանի բնակիչները, ցավոք սրտի, կորոնավիրուսի պայմաններում ավելի առողջ չեն սնվել։

Ավելին, սննդակարգի փոփոխությունները եղել են ոչ թե հօգուտ օգտակար մթերքների՝ կանաչեղենի, բանջարեղենի ու մրգերի, այլ մարդիկ պիցցաներ, թխվածքաբլիթ ու ադիբուդի են պատրաստել, կարտոֆիլի տապակա, չիպս ու տապակած հավ են կերել»,- «Մեդիալաբին» ասում է Դավիթ Պիպոյանը։ 

Այն հարցին, թե իրենց սննդակարգն արտակարգ դրության շրջանում փոփոխության ենթարկվե՞լ է, հարցման մասնակիցների մեծ մասը նշել է, որ արտակարգ դրությունից առաջ ու հետո սննդակարգի փոփոխությունը էական չեն համարում։

Ավելին, հարցվածների մեծ մասը պատասխանել է, որ ոչ թե փոխվել են իրենց հիմնական ճաշատեսակները և սննդակարգը, այլ փոխվել է ձեռքբերման ու պատրաստման պատկերը։

Այսինքն՝ եթե նախկինում իրենց աշխատանքի վայրում ընդմիջման ժամին հանրային սննդի կետերից են ձեռք բերել այդ մթերքները, ապա արտակարգ դրության շրջանում սննդամթերքը ձեռք են բերել խանութներից, իսկ խոհարարական վերամշակումն իրականացրել են տանը։

Այն հարցվածները, որոնց սննդակարգում եղել են էական փոփոխություններ, պարզվում է՝ նախապատվությունն ավելի շատ տվել են անառողջ մթերքին։

«Քանի որ արտակագ դրության շրջանում հանրային սննդի կետերի աշխատանքի սահմանափակման պայմաններում այդ օբյեկտներն աշխատել են առաքմամբ, տարբեր ակցիաներ են եղել, մարդկանցից շատերն սկսել են օգտվել այդ առաքման ծառայություններից և տարբեր կետերից պատվիրել են սննդամթերք»,- ասում Դավիթ Պիպոյանը։

Հարցումները ցույց են տվել՝ մարդիկ, տանը մնալով՝ սկսել են շատ պատրաստել պիցցա, թքվածքաբլիթներ, ադիբուդի, տապակած հավ, կարտոֆիլի չիպս, կարտոֆիլի տապակա, շատ են օգտագործել շոկոլադե սալիկներ։

«Հիմնական սննդակարգի փոփոխությունը եղել է հենց այս մթերքների առումով։ Ես անկեղծ ակնկալում էի, թե մեր հետազոտությունը ցույց կտար, որ տանը մնալով՝ մարդիկ ավելի առողջ սնունդ են սկսել օգտագործել։ Ամենամեծ անակնկալն այն էր, որ մարդիկ պիցցա են պատրաստել տանը։

Այսինքն՝ եթե նախկինում պատվիրում էին, այս դեպքում տանն են պատրաստել։ Ես համոզված էի, որ կորոնավիրուսի ժամանակ ֆաստ ֆուդի սպառումն էականորեն կնվազեր, բայց Հայաստանում արտակարգ դրության շրջանում շաուրմայի սպառումը չի նվազել»,- նշում է Դավիթ Պիպոյանը։

Արտակարգ դրություն հայտարարելուց հետո նվազել է հետևյալ մթերքների սպառումը՝ փքաբլիթներ, բուրգերներ, հոթ-դոգեր, խաչապուրիներ։ Ըստ մասնագետի՝ նվազումը եղել է այն բանի հաշվին, որ մարդիկ ժամանակավորապես աշխատանքի չեն գնացել, հետևաբար, աշխատավայրում ընդմիջում չեն արել։

Արտակարգ դրության շրջանում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մրգերի սպառման էական փոփոխություն չի նկատվել Երևանում։

«Նույնը վերաբերում է մայիս-հունիս ամիսներին, երբ համեմատում ենք պտուղ-բանջարեղենի ցուցանիշները նախորդ տարվա սպառման մակարդակի հետ, էական փոփոխություններ չկան։ Այսինքն՝ էական փոփոխություններ չեն եղել մրգերի սպառման տեսանկյունից»,- ասում է Պիպոյանը։

Մասնագետի խոսքով՝ աճել է հավի մսի սպառումը, ինչը, ենթադրաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ հավի մսի գինը նվազել էր։

Դրան զուգահեռ խոզի մսի գինն է նվազել արտակարգ դրության շրջանում, բայց խոզի մսի սպառումը չի ավելացել։

Դավիթ Պիպոյանի խոսքով՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Երևանում խոզի միսը սպառվում է հիմնականում հանրային սննդի կետերում, իսկ այդ օբյեկտները չեն աշխատել արտակարգ դրության շրջանում։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am