Բերձորի հիվանդանոցը չի օգտագործվում ռազմական նպատակներով. ադրբեջանական էջը կեղծ տեղեկատվություն է տարածում. Fip.am

Ադրբեջանական Hərbi Xəbərlər və Məlumatlar ֆեյսբուքյան օգտահաշիվը հոկտեմբերի 30-ի հրապարակման մեջ պնդել է, թե իբր Բերձորի հիվանդանոցն օգտագործվում է ռազմական նպատակներով։

Ֆեյսբուքյան այս հաշիվը կապված է Ադրբեջանի կառավարության հետ: 

Այս մասին հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր թվիթերյան էջում՝ նշելով, որ ապատեղեկատվությունը կարող է այս հիվանդանոցին հարվածելու նախապատրաստություն լինել:

«Փաստերի ստուգման հարթակի» լրագրողներն այցելել են Արցախի՝ Բունիաթյանի անվան Քաշաթաղի շրջանային բուժմիավորում՝ հասկանալու, թե արդյո՞ք ադրբեջանական հաշվի տեղեկությունները հիմք ունենք, թե՞ ոչ: 

Fip.am-ի հետ զրույցում բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ բուժհաստատությունը սպասարկում է բացառապես քաղաքացիական բնակչությանը. «Այն որևէ կերպ չի օգտագործվում ռազմական նպատակներով և տարածված տեղեկատվությունը սուտ է»:

Նշենք, որ մեր լրագրողները ևս, շրջելով հիվանդանոցի տարածքում, չեն նկատել որևէ բան, որը կհուշեր բուժհաստատության՝ ռազմական նպատակների ծառայելու մասին։

Այսպիսով, Hərbi Xəbərlər və Məlumatlar ֆեյսբուքյան օգտահաշիվը կեղծ տեղեկություն է տարածում, քանի որ Բերձորի հիվանդանոցը չի օգտագործվում ռազմական նպատակներով:

Անի Գրիգորյան

Fip.am